Սերգեյ Փարաջանովի թանգարանը համալրվել է նոր արժեքավոր էքսպոնատով
Վերջերս Սերգեյ Փարաջանովի թանգարանը համալրվել է արժեքավոր նոր էքսպոնատով, որը Երևան է տեղափոխվել մոսկովյան «Гоголь-центр» թատերական կենտրոնից՝ թանգարանի բարեկամ, հայրենասեր ձեռներեց Գոռ Նահապետյանի ջանքերով:
Այս մասին 168.am-ին ասաց լուսանկարիչ, թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը:
Էքսպոնատը, որի հեղինակը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն է, ստեղծվել է հատուկ նպատակով՝ ռուս դերասանուհի Ալլա Դեմիդովայի կերտած՝ ռեժիսոր Անատոլի Վասիլևիչ Էֆրոսի բեմադրած «Բալենու այգին» ներկայացման հերոսուհու համար:
«Երբ Փարաջանովն իմանում է, որ Ալլա Դեմիդովան պետք է Չեխովի «Բալենու այգին» պիեսի հերոսուհուն մարմնավորի, երկու գլխարկ է պատրաստում և ուղարկում նրան: Այդ գլխարկները մինչև վերջերս դերասանուհու՝ Ալլայի, մոտ էին: Մոսկվայում մի հիանալի թատերական կենտրոն կա՝ «Гоголь-центр»-ը, որը ղեկավարում է շատ հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը: Այնպես է ստացվում, որ այդ թատերական կենտրոնը որոշակի չափով ֆինանսական օգնության կարք է զգում, և Ալլա Դեմիդովան որոշում է գլխարկներից մեկն աճուրդի հանել: Մեր թանգարանի բարեկամը՝ Գոռ Նահապետյանը, իմանալով այդ մասին, գնում է գլխարկը և ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի միջոցով ուղարկում Հայաստան: Իր երևանյան այցերից մեկի ընթացքում՝ 2015 թ. դեկտեմբերի 8-ին, Սերեբրեննիկովը հենց այստեղ՝ թանգարանում, մեզ է հանձնում այդ արժեքավոր էքսպոնատը», –168.am-ի հետ զրույցում պատմում է Զավեն Սարգսյանը:
«Гоголь-центр» թատերական կենտրոնի գլխավոր ռեժիսոր Կիրիլ Սերեբրենիկովը Սերգեյ Փարաջանովի թանգարանին է հանձնում ռեժիսորի կողմից հեղինակած արժեքավոր էքսպոնատը:
Ի դեպ, թանգարանի տնօրենից մենք տեղեկացանք նաև, որ դերասանուհի Ալլա Դեմիդովան գլխարկների ստեղծման մասին հուշագրություն ունի: «Հիշողության վազող տող» («Бегущая строка памяти») աշխատության մեջ Ա. Դեմիդովան հիշում է. «Մի անգամ Փարաջանովն իմացավ, որ մենք՝ Էֆրոսի (Անատոլի Վասիլևիչ Էֆրոս) հետ միասին պատրաստվում ենք բեմադրել Չեխովի «Բալենու այգին», և որոշեց երկու բեմական գլխարկ պատրաստել իմ հերոսուհու համար: Բնականաբար, լսելով այս լուրը՝ ես ոչ միայն չափազանց երջանկացա, այլև ոգևորությամբ անհամբեր սպասում էի այդ գլխարկներին: Անցավ որոշ ժամանակ, մի օր գիշերային շատ ուշ ժամի ընկերներիցս մեկի բնակարան է զանգահարում վրացի երիտասարդ մի հոգևորական և հայտնում, որ իմ համար նախատեսված երկու մեծ փաթեթ ունի՝ Սերգեյ Փարաջանովից:
Երբ ինձ այս մասին տեղեկացրին, չնայելով ուշ ժամին և այն հանգամանքին, որ դրսում սարսափելի ամպրոպ էր, ես դուրս վազեցի տանից՝ գլխարկներիս հետևից: Հասնելով տեղ, ես հանդիպեցի մի հիասքանչ տեսարանի՝ դրանք երկու մեծ, շրջանաձև տուփեր էին՝ նախատեսված հենց գլխարկների համար՝ սև և մանուշակագույն, որոնցից ամեն մեկի մեջ մի-մի հիասքանչ արվեստի գործ էին: Դրանք ավելին էին, քան պարզապես գլխարկը կարող է լինել: Իրականում այդ գլխարկներից ամեն մեկն արժանի է մանրակրկիտ նկարագրության»:
Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանից մենք տեղեկացանք, որ Սերգեյ Փարաջանովի հեղինակած գլխարկը ցուցադրվում է թանգարանի մշտական ցուցադրությունում: