Բաժիններ՝

Հայաստանում թանգարան ունենալու գաղափարը Փարաջանովինն էր. ինչպես և ում ջանքերով այն կառուցվեց

Սերգեյ Փարաջանովը հասցրեց տեսնել Երևանում իր համար կառուցվող թանգարանի գաջապատ սենյակները միայն, թեև հենց այստեղ՝ Հայաստանում թանգարան ունենալու գաղափարն իրենն էր

25 տարի շարունակ Երևանում գոյություն ունի Սարգիս Փարաջանյանցի (Փարաջանով) թանգարանը, որ հիմնադրվել է մեր երկրի համար բախտորոշ՝ հեղափոխության մութ ու ցուրտ, անլույս տարիներին, Ղարաբաղյան գոյամարտին զուգահեռ, շուրջբոլորն ամեն ինչ քայքայող ժամանակներում, երբ մարդիկ սովում էին, մրսում՝ սառնաշունչ, անկրակ ձմեռներին, իսկ նորաբաց թանգարանի դեռևս կիսավարտ պատերից ներս դասական երաժշտության հնչյուններ էին, ցուրտ սենյակներում՝ջերմ մթնոլորտ: Սերգեյ Փարաջանովը հասցրեց տեսնել Երևանում իր համար կառուցվող թանգարանի գաջապատ սենյակները միայն, թեև հենց այստեղ՝ Հայաստանում թանգարան ունենալու գաղափարն իրենն էր: Գուցե միայն հանճարին հասու հեռատեսությամբ և անչափելի մարդասիրության կանչով նա հասկացավ, որ սեփական փառքի դափնիները վերջնական որոշմամբ Հայաստանում թողնելու միտքը նորանկախ երկրի համար հետագայում մեծ պատիվ է դառնալու, և այդպես էլ կա: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը և Փարաջանովի թանգարանը տարեկիցներ են: Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար Փարաջանովի թանգարանում լինելու առիթը ոչ միայն՝ առաջնային ցանկություն է, այլև հաճախ՝ Հայաստան այցելելու բուն նպատակ:

Parajanov

Թանգարանի ստեղծման մասին 168.am-ին պատմել է հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը:

Կարդացեք նաև

Պարծենալու տեղ ունենք, որ մեր ազգի զավակը, ով իրոք հանճար էր, իր թանգարանն այստեղ՝ Երևանում ցանկացավ տեսնել

– Թանգարանի ստեղծումը մեր երկրի մշակութային կարևոր նվաճումներից մեկն է: Ճիշտ է, ստեղծման որոշումը եղել է 1988թ., այն ժամանակներում դեռ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի օրոք և նրա շնորհիվ, և էքսպոնատների մի մասն էլ գնվել է Կառավարության կողմից (այն ժամանակ՝ 40.000 ռուբլի գումարով), բայց երկրաշարժի արդյունքում շենքի շինարարությունը կանգ առավ: Արդեն 1991 թվականին, ռեժիսորի մահվան տարելիցի կապակցությամբ պետք էր շտապ բացել թանգարանը: Այդ հարցում մեզ շատ օգնեց այդ տարիներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Համբարձում Գալստյանը. ընկերներիս միջոցով դիմել էինք նրան: Համբարձումը շատ դրական կերպար էր, և հիմա ուզում եմ բարձրաձայն խոստովանել, որ, եթե չլիներ ինքը, թանգարանն ուղղակի չէր բացվի: Դրանք անպատմելի ծանր, շատ ծանր բլոկադայի տարիներ էին. Երևանում մի մեխ անգամ հնարավոր չէր գտնել, իսկ թանգարանում էքսպոզիցիան կազմելու համար շատ միջոցներ էին հարկավոր: Այդ տարիներին ես իբր ամառանոց էի կառուցում, ու իմ այդ տանը որոշ շինարարական պարագաներ կային: Դրանք բերեցինք ՝ գործիքներ, նյութեր և այլն, ու ընկերների օգնությամբ սկսեցինք այս գործն անել:

eZaven Sargsyan1

Համբարձումի օգնությունը շատ մեծ էր կոմունալ խնդիրների հետ կապված հարցերով ՝ ջուր, կապ՝ հեռախոս, էլ չեմ ասում, որ կինոռեժիսորի թանգարանը պետք է գոնե մի վիդեո և հեռուստացույց ունենար, որպեսզի ֆիլմերը ցուցադրեինք այցելուներին: Համբարձումը հաշված օրերի ընթացքում գտավ ու ուղարկեց այդ տեխնիկան. նման բաներն այդ տարիներին հեշտ չէին ճարվում: Եթե ուրիշ անբարեխիղճ մեկը լիներ, կասեր՝ լավ շենք է՝ շատ լավ տեղում, էլ ինչի՞ համար ենք տալիս թանգարանին, մեզ կպահենք: Բայց այդպես չեղավ: Կառուցվեց այս թանգարանը, քիչ-քիչ սիրվեց երևանցիների կողմից, ու այսօր արդեն դժվար է Երևանը պատկերացնել՝ առանց այս թանգարանի: Բացի այդ, իրոք պարծենալու տեղ ունենք, որ մեր ազգի զավակը, ով իրոք հանճար էր, իր թանգարանն այստեղ՝ Երևանում ցանկացավ տեսնել:

Parajanov-9 Parajanov-6 Parajanov-8

Ապագա թանգարանի տարածքն ընտրել է Կարեն Դեմիրճյանը

– Այս տարածքը Փարաջանովի ապագա թանգարանի համար ընտրել է Կարեն Դեմիրճյանը: Սա Երևանի հնագույն թաղամասերից մեկն է՝ Ձորագյուղը: Այստեղ դեպի Հրազդան գետն աստիճանաբար իջնող հողաշեն, հարթ կտուրներով բնակելի տներ կային՝ ձորից բացվող շատ գեղեցիկ տեսարանով: Չնայած 60-ականներին այդ տներն անձրևներից հետո և սողանքների պատճառով փլվեցին, և ժողովրդին այստեղից այլ բնակատեղիներ տեղափոխեցին, բայց նկարիչ Գրիգոր Խանջյանն ու արվեստի վաստակավոր գործիչ Վանիկ Շարամբերյանը Կարեն Դեմիրճյանին համոզում են, որ հենց այս տեղում նոր ազգագրական թաղամաս ստեղծեն՝ Ձորագյուղ անվանումով՝ լուսանկարներով վերակառուցեն հարթ տանիքներով հին տներն ու հանձնեն դրանք նկարիչներին, արհեստավորներին, փականագործներին, ոսկերիչներին, և այլոց: Իրականում սա հոյակապ միտք էր, ու հենց այդպես էլ սկսեց կառուցվել նոր թաղամասը: Հենց այս ծրագրի շրջանակներում էլ այստեղ հատկացվեց Փարաջանովի թանգարանի տարածքը:

Parajanov-tangaran

Parajanov-4 Parajanov-5

Փարաջանովը շատ ոգևորված էր իր համար կառուցվող թանգարանի մտքից

– Փարաջանովը շատ էր հավանել և´ թանգարանի կառուցման միտքը, և´ հատկապես այն տարածքը, որտեղ նախատեսվում էր կառուցել թանգարանը: Ինքն անգամ այս մասին Իտալիայում տված մի հարցազրույց ունի, որտեղ ասում է. «Հայաստանում ինձ համար Արարատին նայող երեք հարկանի թանգարան են կառուցել…»: Դե, իհարկե, մի քիչ չափազանցրել էր, որովհետև թանգարանը երկու հարկանի է, բայց այնքան ուրախ էր ու հպարտ, որ ամեն տեղ պատմում էր այդ մասին:

«Զավեն, մի ձև գտիր, որ այն, ինչ ես արել եմ, տեղափոխվի Երևան»

– Իր անձնական իրերն առաջին հերթին՝ հենց ինքը՝ Փարաջանովն է տեղափոխել Երևան: Ես իր հետ ընկերություն էի անում դեռևս 1978 թվականից: Մի օր, երբ ես հերթական անգամ Թիֆլիսում էի, ինձ ասաց՝ «Զավեն, մի ձև գտիր, որ այն, ինչ ես արել եմ, տեղափոխվի Երևան»: Ես ասացի, որ դրա լավագույն տարբերակը ցուցահանդես կազմակերպելն է: Ասաց՝ «Շա´տ լավ, կազմակերպիր»: Շատերը հիմա լավ չեն պատկերացնում, որ 1987 թվին մարդիկ կային, ովքեր վախենում էին անգամ Փարաջանովի անունը բարձրաձայն տալ, կողքին կանգնել, նկարվել: Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ: Այն ժամանակվա մեր մշակույթի նախարարը՝ Յուրի Մելիք-Օհանջանյանը, ում ես շատ էի հարգում, ինձ մի առիթով ասաց. «Մի գնա էդ տեղերը, Փարաջանովի կողքերը քիչ երևա, կիմանան, ու չգիտես, թե ի՞նչ կլինի քեզ հետ հետո…»: Ես գիտեի, վստահ էի, որ շատ հեշտ էր լինելու խանգարել, որպեսզի այդ ցուցահանդեսը չկայանար, բայց դե, փորձ ունեի վերևների հետ աշխատելու ու ձևերը գիտեի, որովհետև 12 տարի Կառավարության միջազգային հարաբերությունների բաժնում եմ աշխատել… Բայց այդ մասին Փարաջանովին չէի ասում, որովհետև գիտեի, ինքը չէր սիրում դրանց: Մտածում էի՝ ի՞նչ անեմ, որ այդ ցուցահանդեսն ամեն գնով կայանա: Մի օր հատուկ գնացի Փարաջանովի մոտ՝ խոսելու ցուցահանդեսի կազմակերպչական հարցերի մասին: Ասացի՝ Սերգեյ Իոսևիչ, եկեք աֆիշներ ու բուկլետներ տպագրենք, ցուցասրահի պատերը ներկել տամ, որ թարմ տեսքով ներկայանանք հանդիսատեսին…

Պարզապես չէի ուզում իրեն ասեմ, որ ուրիշ տեսակի խնդիրներ կային, ուզում էի ժամանակ շահել: Համաձայնվեց: Ցուցահանդեսի վերջնաժամկետ որոշեցինք 1988 թվականի հունվարի 15-ը: Այն ժամանակ օրենք կար, որ առաջիկա ցուցահանդեսների պլաններ կազմեինք (հիմա էլ դա կա, բայց այն ժամանակներում հատուկ ուշադրություն էին դարձնում այդ հանգամանքին): Դե, որ ասում եմ՝ սիստեմին ծանոթ էի, նրա համար եմ ասում, որ սիստեմի մեջ էի ու գիտեի, որ դրանցից գնաս ձմեռը ձյուն ուզես, չեն ասի, թե՝ ո´չ, չի կարելի, այլ կասեն՝ իհարկե, մեծ սիրով կտանք, հարց չկա, բայց սպասեք մի քիչ , գրություն բերեք, որ ուզում եք էստեղից մի բուռ ձյուն վերցնեք, որ իմանանք՝ ո՞վ ես, ի՞նչ ես, ինչի՞դ ա պետք էդ ձյունը, և այլն: Էդ ապուշություններին ծանոթ լինելով (սիստեմն ամեն տեղ այսպիսին է, ու մարդու, հատկապես՝ սովետական մարդու, կառուցվածքն էլ էդպես է, իսկ մենք Սովետից դեռ դուրս չենք եկել), որոշեցի լուռ իմ գործն անել:

Գիտեի, որ այդ պլաններն իրականում ոչ ոք չի կարդում, ու ոչ մեկին ոչինչ չասելով՝ վերցրեցի թանգարանի պլանը գրեցի ու հանձնեցի՝ N 1 ցուցահանդես՝ Սերգեյ Փարաջանովի աշխատանքներ, N 2 ցուցահանդես՝ Արցախի արվեստ, և այլն… Գնաց այդ պլանը, անցավ բաժիններով, ու ոնց պատկերացնում էի՝ հաստատված հետ եկավ: Փարաջանովը հունվարի 12-ին Թբիլիսիից ցուցահանդեսի էքսպոնատները մեծ բեռնատար մեքենայով բերեց Երևան, կանգնեց հենց «Պլանի գլխի»՝ Ժողովրդական արվեստի թանգարանի շենքի դիմաց: Քաղաքն ամբողջ խառնվեց իրար: Ընկերները սկսեցին գալ՝ Փարաջանովն էքսպոզիցիա էր անում… Մյուս օրն ինձ Կենտկոմից զանգում են, թե՝ ինչ-որ բան ենք լսել, չգիտենք՝ ճի՞շտ է, թե՞ չէ: Ասում եմ՝ ի՞նչ եք լսել, բա թե՝ Փարաջանովի ցուցահանդե՞սն եք անում Ժողարվեստի թանգարանում: Ասացի՝ հա, անում եմ, դա մեր պլանային ցուցահանդեսն է: Սրանք զարմացան, թե բա ո՞նց կարող էր Փարաջանովի անունով ցուցահանդեսի պլանը վերևներում հաստատվել, ասում եմ ՝ դե, ես ի՞նչ իմանամ, վերևներից հարցրեք, մենք էլ, ինչպես բոլորը՝ պլանով ենք աշխատում, սա էլ մեր պլանային ցուցահանդեսն է, ու վերջ:

Parajanov-Zaven Sargsyan

Սերգեյ Փարաջանովի առաջին ցուցահանդեսի էքսպոզիցիան: Լուսանկարում` Սերգեյ Փարաջանով, Տիգրան Մանսուրյան, Զավեն Սարգսյան

Parajanov-Zaven Sargsyan2

Փարաջանովի առաջին ցուցահանդեսը Երևանում

–  Մինչև ես սրանց բացատրում եմ, որ սա լրիվ «օրինական» պլանային ցուցահանդես է, քարտուղարը զանգում է ինձ (անունը չեմ ուզում տալ, որովհետև ես այդ մարդուն լավ եմ վերաբերվում), ասում է՝ էս ո՞նց ես հաջողացրել… Դե արի ու բացատրի, որ լրիվ «օրինական» ճանապարհով» է… Ցուցահանդեսի բացումը եղավ Ժողովրդական արվեստի թանգարանում, որտեղ ես տնօրեն էի, մեծ հաջողություն ունեցավ, և դա եղավ Փարաջանովի առաջին ցուցահանդեսը՝ Երևանում, ինչպես նաև՝ մեր նախատեսածի համաձայն՝ թանգարանի համար Փարաջանովի իրերը Երևան տեխափոխելու շատ լավ առիթ:

Թանգարանի ստեղծման համար գումարներ էին պետք

– Ես ու Ալեքսան Մատվեևիչը (ՀԽՍՀ 3-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1953 թվականից՝ ՀԿԿ ԿԿ անդամ), ում հետ մտերիմ հարաբերությունների մեջ էի, դիմեցինք այն ժամանակվա Ֆինանսների նախարար Ջանիկ Ջանոյանին: Բացատրեցի նրան, որ Փարաջանովն իր ողջ կյանքում համեստ կենսակերպ է վարել, եթե չասենք, որ նույնիսկ աղքատ է ապրել: Առաջարկեցի, որ ցուցանմուշների մի մասը պետությունը գնի իր միջոցներով, որի հաշվին էլ կսկսենք թանգարանի կառուցումը: Այդպես էլ եղավ: Ցուցանմուշների զգալի մասը պետությունը գնեց ռեժիսորից, ու սկսեցինք կառուցել թանգարանը: Գիտե՞ք, թե հիմա դա ինչ տվեց մեզ՝ էն, որ վրացիները գալիս-ասում են՝ ո՞նց եղավ, որ Փարաջանովի ողջ հավաքածուն բաժին հասավ Երևանին… Ասում եմ՝ Փարաջանովի գործերի զգալի մասը մեր պետությունը գնել է իր սեփական միջոցներով և հանձնել թանգարանին: Դա արդեն մեր սեփականությունն է, բան ունե՞ք ասելու, խելք ունենայիք՝ դուք գնեիք աշխատանքները: Էլ չեմ ասում, որ ես Փարաջանովի գործերը դեռ վաղուց էի սկսել գնել՝ Ժողովրդական արվեստի թանգարանի ֆոնդից: Խորհրդային տարիներին Սովետմիության ողջ տարածքի ուզածդ թանգարան կարող էր իրեն նման բան թույլ տալ:

1986 թվականի ամռանից, երբ դարձա Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, երեք օր անց մեկնեցի Թբիլիսի, հանդիպեցի Փարաջանովին ու ասացի. «Սերգեյ Իոսևիչ, ես թանգարանի տնօրեն եմ դարձել և ուզում եմ ձեզանից աշխատանքներ գնել»: Ինքը շատ զարմացավ, որովհետև ինձ որպես լուսանկարիչ գիտեր: Հարցրեց՝ էդ ի՞նչ թանգարանի տնօրեն ես դարձել, ասացի՝ Ժողովրդական արվեստի թանգարանի, ասաց՝ դու ի՞նչ ես հասկանում ժողովրդական արվեստից, ասացի՝ ինչ-որ հասկանում եմ՝ հիմա եկել եմ, որ ձեր աշխատանքներից մի քանիսը գնեմ, կտա՞ք: Ասաց՝ լավ, դե որ եկել-հասել ես՝ առ: Մի շատ սիրուն շարք կար՝ արված կերամիկայից, որ այդ պահին դրված էր սեղանին, ասացի՝ ա´յ հենց այս գործերն ուզում եմ առնեմ: Ասաց՝ ուզո՞ւմ ես, վերցրո՛ւ: Անմիջապես դրեցի մեքենաս ու եկա Երևան: Դրանք հիմա կախված են մեր թանգարանի առաջին հարկում: Այսպես ես ահագին գործեր գնեցի Փարաջանովից, որոնք գրեթե ամբողջությամբ մեր թանգարանի ցուցանմուշների մի զգալի մասն են կազմում: Թանգարանն այսպես է կառուցվել:

Parajanov-7

Թանգարանի ներքին հարդարման աշխատանքներին Փարաջանովը չի մասնակցել

– Փարաջանովն արդեն հիվանդ էր, երբ վերջին անգամ մենք նրան բերեցինք այս տուն: Դա եղավ 1990 թվականի մարտ ամսին: Այդ ժամանակ ինքը «Լեչկամիսիայի»` 4 վարչության հիվանդանոցում պառկած էր: Բերեցինք, ցույց տվեցինք տունը, բարձրացավ, նայեց: Գոհ էր, ուրախ էր: Այդ ժամանակ պատերի գաջումն արդեն ավարտված էր: Շատ հավանեց հատկապես ներսի կամարները: Ինչ-որ դետալներ էլ ինքը գծեց: Մինչև հիմա մոտս պահում եմ այդ գծագրերը: Արդեն մտածում էր էքսպոզիցիայի մասին: Շատ էր ուզում, որ հնարավորինս շուտ տեղափոխվեր այս տանն ապրելու, բայց, ցավոք, երկրաշարժի պատճառով շինարարությունը դանդաղ հունով էր առաջ գնում, իսկ այդ ընթացքում հիվանդությունն արդեն ի հայտ եկավ ու գլուխ բարձրացրեց: Կարևորը՝ հասցրեցինք, որ ինքը գոնե տեսնի իր թանգարանը:

Parajanov-51

Ս. Փարաջանովը` իր նոր կառուցվող տուն-թանգարանի բակում: Այս լուսակարում նա արդեն ծանր հիվանդ էր: Ցավոք, չհասցրեց տեսնել իր թանգարանը և տունը հայրենիքում: (Լուսանկարի հեղինակ՝ Զ. Սարգսյան)

Փարաջանովի սիրելի իրերի ճակատագիրը

–  Փարաջանովը միշտ ասում էր. «Ես մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքն իրերի միջոցով եմ արտահայտում: Իրն իր մեջ ջերմություն է պահում: Այդ իրերին բազմաթիվ մարդիկ են ձեռք տվել: Իրերն իրենց մեջ այդ մարդկանց էներգիան են պահում»: Այս իմաստով իրը Փարաջանովի համար մեծ նշանակություն ուներ: Ինքն այնպիսի մարդ էր, որ այսօր կարող էր այսինչ իրը նվեր ստանալ, առավոտյան տալ ուրիշին: Ու ոչ նրա համար, որ դրանք իր համար թանկ չէին, այլ՝ բոլորովին հակառակ պատճառով:

Սերգեյ Փարաջանով vs Սարգիս Փարաջանյանց

– Իր իսկական անուն-ազգանունը Սարգիս Փարաջանյանց է, բայց հայրը (Հովսեփ Փարաջանյանց, հետագայում՝ Իոսիֆ Փարաջանով), ստիպված, ազգանունը փոխել է: Եթե Ցարական Ռուսաստանում ուզում էիր ինչ-որ տեսակի գործ սկսել ու հաջողության հասնել, ստիպում էին, որ ռուսական ազգանուն վերցնես: Այսպես մարդիկ դառնում էին ռուսի անուն-ազգանուն կրող: Թանգարան այցելող զբոսաշրջիկների մեծ մասի հիմնական հարցը սա է՝ ինչո՞ւ է ռեժիսորը ռուսական ազգանուն կրում, իսկապե՞ս նա ազգությամբ հայ է, թե՞, այնուամենայնիվ, ռուս է: Թեև թանգարանի մուտքին փակցված է նաև նրա հայկական ազգանունը՝ Սարգիս Փարաջանյանց: Հետաքրքիր է, որ Թբիլիսիում ապրող նրա հորաքույրն այդպես էլ չփոխեց իր ազգանունը, չփոխեց նաև Փարաջանովի հորեղբայրը, ով վաղուց էր մշտական բնակության տեղափոխվել Երևան:

25 տարիների ամենակարևոր ձեռքբերումը

– Մենք շատ հայտնի ու արժանի այցելուներ ենք հյուրընկալել այս թանգարանում: Եկել են, տեսել են, գրել են թանգարանի մասին ու տարածել ամբողջ աշխարհում: Այս տարիների ընթացքում մենք արդեն որերորդ ալբոմն ենք հրատարակում, կարևոր ու հաջողված ցուցահանդեսներ ենք կազմակերպել ու անցկացրել աշխարհի տարբեր երկրներում, որոնց ընթացքում, բնականաբար, Փարաջանովի անձին զուգահեռ՝ մշտապես նաև Հայաստանի մասին է խոսվել: Բայց եկեք հայտնիներին թողնենք մի կողմ: Ինձ համար ամենագնահատելին ու արժեքավորը մարզերից կամ դրսից այցելած հասարակ հայ մարդն է: Կարևորն այն է, որ մարդիկ այստեղ անցկացրած րոպեների ընթացքում հուզվում են, աչքերին արցունքներ են հայտնվում: Այդ մարդիկ չեն ուզում հեռանալ այստեղից: Դուրս են գալիս թանգարանից, նստում են բակում, հետո էլի ներս են մտնում թանգարան, ասում են՝ գիտե՞ք, չենք կարողանում պոկվել-գնալ այս տնից ու մթնոլորտից: Ես գիտեմ պատճառը՝ որովհետև այստեղ մարդկային ջերմություն կա, Փարաջանովի շունչը շատ կենդանի է այս տանը: Ինձ համար ամենաարժեքավորը սա է:

Վերջերս Կիևում էի, հանդիպեցի Փարաջանովի կնոջը, ընկերներին, ու բոլորն այդ մասին էին խոսում. հիշում էին, որ Փարաջանովը զարմանալի հատկություն ուներ՝ մարդկանց գրավելու, իր կողքին պահելու: Իր ընկերուհիներից մեկը մի անգամ զարմանալի մի բան ասաց՝ «Մենք նրա կողքին բեղմնավորվում էինք»: Նրա ազդեցությունն այնպիսին էր, որ իրենից հեռանալուց հետո մարդիկ ուզում էին ստեղծագործեին, մի նոր բան ստեղծեին, լավ գործ անեին: Մինչ օրս էլ այդ զգացողությունը կա, այս տան պատերի մեջ է: Այն ծանր տարիներին, երբ լույս չկար, մութ էր ու ցուրտ, մենք անխափան աշխատել ենք, առանց ընդմիջումների: Ասում էի՝ մենք պետք է ամեն օր աշխատենք, այս պատերի ներսում պետք է Մոցարտ ու Բախ հնչի, որ մարդիկ չհուսահատվեն, որովհետև դրանք այնպիսի մի ժամանակներ էին, որտեղ ամեն ինչ փլուզվում էր՝ պատերազմը՝ մի կողմից, երկրաշարժը՝ մյուս կողմից, սովն ու բլոկադան…

Ինձ համար կարևոր էր, որ մարդիկ իմանային՝ կա մի տուն, մի վայր, որտեղ արվեստը դեռ ապրում է, կյանքն այստեղ շարունակվում է, որից այդ տարիներին պայքարող մարդիկ պետք է «պարտավորվեին» ապրել, գոնե հանուն միայն այն անհերքելի ճշմարտության, որ արվեստը մարդու գործունեության ամենաբարձրագույն արդյունքն է: Զարմանալին այն է, որ Փարաջանովը վաղուց չկա, բայց իր արվեստը մարդուն ստիպում է զգալ այս ամենը, միգուցե կրկին հաստատելու համար այն, որ մենք գործ ունեինք մարդկային հանճարեղ տեսակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս