«Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես». Սեյրան Օհանյանը՝ վիրավոր զինվորին
Շարքային Դավիթ Գրիգորյանը չորսօրա պատերազմում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորներից է, ով գտնվում է հոսպիտալում: Նա Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղից է: Դավիթի հայրը մասնակցել է Արցախյան պատերազմին, հիմա ծառայում է սահմանային զորամասում:
«Աչքս բացել՝ շուրջս համազգեստով մարդիկ եմ տեսել: Մեր տանը ամենից հաճախ հնչող բառերն էին՝ սահման, զինվոր, զենք, բանակ… Ես ծնողներիս միակ արու զավակն եմ… Հայրս շատ էր հպարտանում իր համազգեստով: Ու համազգեստ կրելը մկրտվելու պես բան էր ինձ համար: Ես այնքան հպարտ էի, որ, չնայած մորս տրտունջներին, հայրս ինձ անվտանգ զորամասում տեղավորելու փորձ անգամ չարեց, ու ես ծառայության անցա երկրիս ամենաթեժ կետերից մեկում: Տասը ամիս հակառակորդի կրակի տակ դիրք ենք պահել տղերքով, դիվերսիաներ ենք ետ մղել,- «Հայ զինվորին» պատմել է Դավիթը,- շարունակելով,- … Դիրքի ավագը ես էի: Գնացել էի փշալար կապելու. ասի՝ մենակ գնամ, որ չնկատվենք: Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Րոպեներ անց մեր դասակի հրամանատարը մտավ ականապատված դաշտ ու սկսեց զգուշորեն մոտենալ ինձ: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ ապրումներ է ունենում մարդը, երբ պառկած է ականների մեջ, ու իր երիտասարդ հրամանատարը մտնում է ականապտված դաշտ, որ փրկի կյանքդ: Նա հասավ ինձ, կապեց ոտքերս, հետո ինձ շալակն առավ, ու միասին դուրս եկանք մահվան աքցանից:
Մնացածը գիտեք: Ես տարակուսանք եմ նկատում մարդկանց աչքերում, երբ ժպտում եմ, խոսում, ծիծաղում: Ես պատրաստ եմ եղել կյանքս տալ հայրենիքի համար, ես պատրաստ եմ եղել ամեն զոհողության, միայն թե՝ թշնամին չմտնի մեր հողը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունն ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունը: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայրիս զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ ինձ: Էլի սահման եմ գնալու, էլի կռվելու եմ թուրքի դեմ, էլի կրակելու եմ թուրքի վրա, եթե հանդգնի դուրս գալ իր բնից»: