Բաժիններ՝

Անի Մաջնունյանի սպանության գործով հարցաքննվեցին նրա մայրն ու Անի Զախարյանը

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր հարցաքննվեցին մի խումբ վկաներ, այդ թվում՝ «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Վերջինս հայտարարեց, որ ճանաչում է սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանին. վերջինս ֆեյսբուքով գրել էր իրեն՝ ներկայանալով՝ որպես «Յանուս» արտիստական թատրոնի ղեկավար: Անի Զախարյանն ասաց, որ Մուշեղ Մխիթարյանը ներկայացել է՝ որպես 33 թե 34 տարեկան: «Ես ինքս բոլոր այն մարդկանց, որ ակտիվիստական դրսևորում են ցուցաբերում, հոգածությամբ եմ վերաբերվում և փորձում եմ վտանգներից հեռու պահել: Ամենակարևոր փաստը, որ այդ հանցագործությունից մոտ մեկ շաբաթ առաջ ինձ զանգահարեց և ասաց, որ իրենց շենքի միջանցքում իրեն մի քանի հոգի բռնացրել են, սպառնացել, որ կոչնչացնեն, Լիլիթ անունով ընկերուհի ունի, նրան էլ կոչնչացնեն: Ես էլ մտածեցի՝ գուցե քաղաքական պահերով, Բաղրամյան պողոտայից մնացած ինչ-որ հաշիվներ կան, և այլն, և այլն»:

Անի Զախարյանն ասաց, որ Մուշեղ Մխիթարյանն իրեն պատմել է, որ մտերիմ է Անի Մաջնունյանի հետ, որպես ակտիվիստ՝ երբեմն զանգահարել է իրեն, և իրենք շփվել են: Ինքն իմացել է, որ Անի Մաջնունյանը սպանվել է, իսկ դեպքից հետո ինքը Մուշեղ Մխիթարյանին հրավիրել է հանդիպման՝ հասկանալու համար, թե ով և ինչի համար է նրան սպառնում. «Ինքը ներկայացավ: Փաստորեն, արդեն այդ դեպքը կատարվել էր:

Ներկայացավ լրիվ սանրվածքը փոխած, այլ հագուստով»: Ըստ նրա՝ Մուշեղ Մխիթարյանն իրեն պատմել է, որ ողջ երեկո այնտեղ է եղել. «Պատմեց, որ ամբողջ երեկոյան ինքն այնտեղ է եղել՝ հիմա մատնահետքերս ամբողջովին Անիենց տանն են, կասկածյալը ես եմ լինելու, քաշվեցի, գլխիս սարքելու են: Իր բառերն են: Դրանից հետո նա տեղ էր նման գալիս, որպեսզի տուն չգնա: Հիմա, երբ ես արդեն հետադարձ հայացքով վերլուծում եմ, ըստ երևույթին, չէր ուզում գնալ տուն, որովհետև գիտեր, որ իրեն կարող են բերման ենթարկել»:

Պատասխանելով մեղադրողի հարցին՝ Անի Զախարյանն ասաց, որ շփման ընթացքում Մուշեղ Մխիթարյանն իրեն այնպես չի դրսևորել, որ ինքը մտածի՝ նա նման արարքի է ընդունակ.

«Պարզապես այն փաստը, որ ինքը պատմում էր, թե հազարավոր դոլարներ է աշխատել իր թատերական ներկայացումներով, և այլն, և այլն, ինձ արդեն անլուրջ թվաց, և ես պարզապես լսում էի իրեն, որովհետև այսօր կայացած թատրոնները չեն կարողանում իրենց գեղարվեստական խումբը պահել, ուր մնաց՝ մի շրջիկ թատրոն կարողանա հազարավոր դոլարներ աշխատել»:

Նա նշեց, որ չի մտածել, որ նա կարող էր հանցագործություն կատարել. «Բայց հետո, երբ ես արդեն իմացա, որ ինքն է կասկածյալը, երեք օր շոկի մեջ էի, ես արդեն մտածում էի, որ գուցե ես էլ լինեի պոտենցիալ զոհի կարգավիճակում, որովհետև այդ մարդն ինձ հետ էլ է շփվել»:

Դատարանում հարցաքննվեց Անի Մաջնունյանի տարեց մայրը՝ տիկին Լորետան, ով ասաց, որ դուստրը շատ ազնիվ, շատ միամիտ անձ է եղել. «Նա սուտ խոսել չգիտեր, նա ինձնից գաղտնիք չուներ: Նա իր բոլոր գաղտնիքներն ինձ ասում էր»:

Մայրը պատմեց, որ դուստրն իրեն ասել է, որ մի ռեժիսոր է հայտնվել, և ինքը պետք է խաղա նրա ֆիլմում: Ինքը հետաքրքրվել է, թե ո՞վ է նա, ի՞նչ ֆիլմ պետք է նկարահանվի. «Ասաց՝ ես հովանավորում եմ իրեն: Ասացի՝ ի՞նչ ձևով, բա ինքը գալիս է, ասում է, որ ֆիլմս կիսատ է, փողս վերջացել է, փող չունեմ: Ես իրեն հովանավորում եմ, փող եմ տալիս: Տանտերն իրեն հանում-գցում է դուրս, գիշերը մնում է փողոցում, գալիս, ասում է՝ Անի ջան, մնացել եմ փողոցում, վարձը չեմ տվել, ինձ դուրս են արել, ես ապաստան եմ տալիս, առավոտ շուտ թողնում-գնում է:

Հետո հայտնվեց՝ այդ բոլորը սուտ էր: Ոչ մի ֆիլմ էլ չկար»:

Մայրը նշեց, որ այդ ռեժիսորն ամեն տեղ ասել է, թե 33 տարեկան է, սակայն նա 20 տարեկան է: «Այդպես խաբեբայությունով զբաղվելով, փողաշորթությունով զբաղվելով՝ նա ինձնից խլել է իմ ամենա-ամենասիրելի էակին, իմ կերակրողին, իմ խնամողին, իմ դեղերը հայթայթողին,- ասաց մայրը՝ շարունակելով,- Ես իմ երեխային եմ հետ պահանջում ՝ դատախազով, դատարանով, դատավորներով, փաստաբաններով: Թող իմ երեխային ետ բերեն: Ոնց ուզում եք՝ արեք: Ես իմ երեխային եմ ետ պահանջում ձեզանից՝ իմ ամենասիրելի էակին: Նրան ինձնից խլել է մի 20 տարեկան հայ երիտասարդ, որ խոշտանգումով է սպանել իմ երեխային»: Դատարանի դահլիճից դուրս գալով՝ տիկին Լորետան ասաց. «Եթե հայ երիտասարդը հայ կնոջ է խոշտանգում, թուրքն ինչի՞ պիտի չխոշտանգի»:

Դատարանն այսօր հարցաքննեց գործով հիմնական վկա Աննա Միսակյանին: Վերջինս իր ցուցմունքի ավարտին ասաց, որ դեպքի հաջորդ օրը հանդիպել է իր ընկերներից մեկին, նրան ամեն ինչ պատմել ու հարցրել՝ գա՞ Ոստիկանություն, թե՞ սպասի: «Զրույցից հետո ես եզրահանգման եկա, որ պետք է Ոստիկանություն գնամ»:

Նա նշեց, որ ամբաստանյալին 5-6 տարի ճանաչել է: Սկզբում ընկերական հարաբերություններ են ունեցել, հետո 1-2 տարի չեն հանդիպել, ապա նա՝ որպես ուսուցիչ, սկսել է աշխատել այնտեղ, որտեղ սովորել է.

«Տեսավ, որ ես այնտեղ եմ ու գիտեմ՝ ինքն ուրիշ մարդ է, ինչպես ինքն է ներկայացնում, այդ մարդը չէ: Դրանից վախենալով, որ ես կարող եմ ինչ-որ մեկին պատմել, այսպես ասած՝ սկսեց իր թևի տակ պահել: Ինքն ինձ սկզբում խոսք էր տալիս՝ դու կխաղաս բեմերում, և այլն, ու ինքը պատմեց ինձ, թե ինչ գործունեություն է ծավալում, քանի տարեկան է իրեն ներկայացնում այլ անձանց: Եվ այդպես ես սկսեցի աշխատել իր թատրոնում»:

Վկան ասաց, որ Մուշեղ Մխիթարյանն իրեն ասել է, որ Անի Մաջնունյանին մոտ 1 մլն դրամ էր պարտք, ասել է, թե իր կարծիքով՝ տանը մեծ չափի գումար կա: Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում ամենաճիշտ հանգամանքները նշվել են առերեսման ժամանակ: Առաջին ցուցմունքների մի մասում սխալ ներկայացված հանգամանքներ կան, շատ մանրամասներ սկզբում չի ասել, քանի որ վախեցած, լարված է եղել:

Տուժողի իրավահաջորդը, ով Անի Մաջնունյանի եղբայրն է, վկայից հարցրեց, թե արդյո՞ք նա իրեն մեղավոր համարում է, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես ինձ մեղավոր եմ համարում այն հարցում, որ ես իմ մեջ չգտա համարձակություն շատ հարցեր կանխելու»:

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ վկան ժամանակ է ունեցել զանգելու Ոստիկանություն, որպեսզի կանխի սպանությունը, ինչին վկան արձագանքեց, որ ինքը սպանությունից առաջ չի մտածել, որ կարվի այդ քայլը, քանի որ նրա մոտ եղած դանակն ու գրտնակն իր մոտ էին մնացել:

Ի դեպ, դատական նիստի մեկնարկին Մուշեղ Մխիթարյանը միջնորդեց Ճանապարհային ոստիկանությունից և Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի խաչմերուկում գտնվող դեղատնից վերցնել 2015թ. օգոստոսի 4-ի երեկոյան ժամանակահատվածի տեսագրությունը: Նա նշեց, որ վկան ցուցմունք է տվել, որ 2015թ. օգոստոսի 4-ի երեկոյան հանդիպել են Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում, ինքը նրան հայտնել է Անի Մաջնունյանի սպանության մտադրության մասին, ապա սպառնացել, ուղարկել տանից դանակ բերելու: Ըստ ամբաստանյալի՝ դա անհրաժեշտ է՝ ապացուցելու համար, որ վկան ստում է, և նրա ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը: Դատավորը քննարկման չդրեց միջնորդությունը՝ նշելով, որ այս փուլում ներկայացվելիք միջնորդություն չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս