«Ամենաարժեքավոր բնական ռեսուրսը մարդկային գենն է, և եթե դուք դա ունեք, ապա ունեք ամեն ինչ». Նոբելյան մրցանակակիր Դեն Շեխտման
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից վերջին օրերին Երևանում մեկտեղված 5 Նոբելյան մրցանակակիրներ՝ Ահարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռոբին Ուորենը, Էյ-Իչի Նեգիշին, ինչպես նաև՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ու «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը:
Ուբիքվիտինով դեգրադացիայի հայտնագործության համար Նոբելյան մրցանակի արժանացած իսրայելցի գիտնական Ահարոն Չեխանովերը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց իր տպավորությունների մասին, ինչպես նաև անդրադարձավ ժամանակակից հասարակության մեջ գիտության զարգացման տենդենցներին, մարտահրավերներին ու դրանց առավել արդյունավետ իրագործման ուղղություններին. «Վաղուց արդեն ժամանակն է, որ գիտությունը դառնա բիզնեսի մի մաս, իսկ դուք ունեք այդ տաղանդը, և պետք է օգտվել այդ տաղանդից: Ինձ անչափ տպավորել է հայկական հյուրասիրությունը»:
Քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արված հայտնագործության, մասնավորապես՝ ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ իր կատարած աշխատանքի համար Նոբելյան մրցանակի արժանացած Ադա Յոնաթը, ով նույնպես Իսրայելից է և ով այսօր հանդես եկավ եզրափակիչ դասախոսությամբ, որին անմիջապես հաջորդեց լրագրողների հետ հանդիպումը, ասաց. «Ես ընդամենը մեկ նախադասություն ունեմ ասելու՝ բացի նրանից, որ համաձայն եմ այն ամենի հետ, ինչ ասվեց պարոն Չեխանովերի ելույթում, ուզում եմ միայն բարձրաձայնել այն ընդգծված ոգևորիչ տրամադրության և վերաբերմունքի մասին, որին ես ականատես եղա այստեղ՝ վերջին օրերի ընթացքում: Խոսքս վերաբերում է երիտասարդ ուսանողներին՝ թե´ տղաներին, թե´ աղջիկներին: Ես շատ մեծ խրախուսանք և հուզմունք տեսա այս օրերին, որի համար շնորհակալ եմ»:
Չինաստանից Հայաստան ժամանած՝ քիմիայի բնագավառում «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները» բացահայտելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Էյ-Իչի Նեգիշին՝ միանալով արդեն հնչած շնորհակալական խոսքին, ընդգծեց. «Առաջին հերթին՝ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Թեև այս միտքը վերջին օրերին արդեն մի առիթով ասել եմ, բայց նորից եմ ուզում կրկնել՝ այստեղ ես ինձ շատ ապահով եմ զգում: Վերադառնալով գիտության խնդիրներին ու դրան առնչվող հարցերին՝ միայն մի բան կասեմ՝ ես այն կարծիքին եմ, որ մարդիկ պետք է սկսեն մտածել: Սա է իմ հորդորը բոլորին: Այստեղ ապրող մարդկանց մաղթում եմ մեծ հաջողություններ, իսկ երկրին՝ փայլուն ապագա»:
«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած՝ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր իսրայելցի Դեն Շեխտմանը միակն է, ով առաջին անգամ չէ Հայաստանում. «Սա իմ հայաստանյան երկրորդ այցելությունն է, առաջին անգամ այստեղ եղել եմ 20 տարի առաջ: Առաջին իսկ տպավորությամբ բավականին մեծ փոփոխությունների ու զարգացումների ականատեսն եմ, որն ինձ ուրախացնում և ոգևորում է: Այսքան տարիներ անց ես նկատելի առաջընթաց եմ տեսնում ենթակառուցվածքների ոլորտում, ինչպես նաև արդեն հասցրել եմ մարդկային ջանքերի տեսանելի արդյունքներ գրանցել: Կարծում եմ՝ այս փոփոխությունների արդյունքում ձեր հայացքը կուղղվի դեպի լուսավոր ապագա:
Ես շատ ոգևորված եմ՝ տեսնելով կրթությամբ հետաքրքրված այսքան մարդկանց՝ ուսանողության շրջանակում և պրոֆեսորադասախոսական կազմի մեջ: Հասցրել եմ հանդիպել և խոսել նաև հանրապետության նախագահի հետ, ով նույնպես շատ կարևորում է երկրում զարգացած և որակյալ կրթության դերը:
Երբ դուք գիտակցում և հասկանում եք կրթության առաջնային դերը, ապա, անկասկած, ճիշտ ճանապարհի վրա եք: Հաջորդ հարցն այն է, թե ինչպես եք դուք տեսնում հասարակական ենթակառուցվածքների դերի կարևորությունը՝ օրինակ, գյուղատնտեսության զարգացումը: Ես այն համոզմունքին եմ, որ պետք է զարկ տալ ինդուստրիալ հասարակության զարգացմանը: Պետք չէ, սակայն, մոռանալ, որ մեծ թվով մարդիկ զբաղված են ոչ միայն՝ պրոդուկտ արտադրելով, այլև՝ start-up-ներ զարգացնելով, կամ ինովացիոն համակարգերի ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում: Սրանք այն ենթակառուցվածքներից են, որ, անկասկած, երկիրը տանում է տնտեսական զարգացման ու հաջողության ճանապարհով:
Աշխարհն իրականում շատ արագ տեմպերով է առաջ գնում, և Հայաստանում նույնպես պետք է արագ տեմպեր զարգացնել, թեև, նորից եմ կրկնում, դուք ճիշտ ուղու վրա եք, որովհետև ունեք կրթական լավ համակարգ ու ճիշտ մտածող մարդիկ, իսկ սրանք ամենակարևորներից են: Ամենաարժեքավոր բնական ռեսուրսը մարդկային գենն է, և եթե դուք դա ունեք, ապա ունեք ամեն ինչ»:
Ավստրալիայից Հայաստան ժամանած՝ բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ջոն Ռոբին Ուորենը, ով նախօրեին հայերին խորհուրդ էր տվել ոչ մի դեպքում Մակդոնալդս չբացել, այսօր կիսվում է վերջին օրերի իր տպավորություններով. «Ես ևս համաձայն եմ արդեն հնչած բոլոր մտքերի հետ և լիովին կիսում եմ դրանք: Բացի այդ՝ ուզում եմ անպայման ընդգծել, որ սա հրաշալի ու գեղեցիկ մի երկիր է՝ բավականին ընկերասեր ու հրաշալի հասարակությամբ: Ես ուրախ եմ, որ դուք այն քիչ հասարակություններից եք, որտեղ մարդիկ դեռ իրենք են շարունակում պատրաստել իրենց ամենօրյա սնունդը, որը, ի դեպ, բավականին համեղ է: Ուրախ եմ, որ Մակդոնալդս այստեղ դեռևս չեմ նկատել, և հիշեք այն մասին, որ քանի դեռ ինքներդ եք պատրաստում ձեր սնունդն ու նախապատվություն եք տալիս տնական սննդին, դուք խնդիր չեք ունենա»:
Ադա Յոնաթը, համաձայնելով Դեն Շեխտմանի դիտարկմանը, հավելեց. «Ինչպես պարոն Շեխտմանն արդեն նշեց՝ Հայաստանը բավականին բարձր ինդուստրիալ զարգացածություն ունեցող երկիր է, և գյուղատնտեսության զարգացման միտումները ևս պետք է փոխվեն դեպի ինդուստրիալ ուղղությամբ: Ես նույնպես Իսրայելից եմ, եթե համեմատելու լինենք այստեղ առկա գյուղատնտեսական ապրանքներն Իսրայելինի հետ, ապա այնտեղ դրանք գրեթե գոյություն չունեն: Ես համտեսել եմ հայկական սնունդը, և ինձ այն անչափ դուր է եկել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-16-ը Հայաստանում մեկնարկեց և անցկացվեց Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը, որին մասնակցեցին տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակ ստացած 5 գիտնականներ:
«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական միջոցառումներից էր, որը դարձավ առաջին հնարավորությունը՝ տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականների, ինչպես նաև ուսանողների համար՝ կենդանի շփում ունենալու գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ:
Ասուլիսի ավարտին «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը հույս հայտնեց, որ քառօրյա հանդիպումների արդյունքում հաջողվեց կյանքի կոչել կազմակերպող կողմի ի սկզբանե հետապնդած գերխնդիրը, այն է՝ գիտության ոլորտի կենդանի լեգենդների փորձից ոգեշնչվելու և հայկական գիտական մտքի թռիչքի համար նոր հեռանկարներ ստեղծելու գաղափարը:
Ասուլիսի մասնակից՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, իր հերթին՝ շնորհակալություն հայտնեց անվանի գիտնականներին հայաստանյան այցի հրավերն ընդունելու համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ նմանօրինակ նախաձեռնությունները նախադեպ կդառնան հայկական գիտական մտքի զարգացման համար և շարունակական բնույթ կկրեն: