Ի հեճուկս կանխատեսումների
Արժույթի միջազգային հիմնադրամը երկու օր առաջ՝ ապրիլի 12-ին, հրապարակեց իր ապրիլյան զեկույցը (World Economic Outlook), որը մեզ համար ոչ այնքան հաճելի կանխատեսումներ էր պարունակում։ Մասնավորապես, ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 0.3 տոկոսային կետով և հասցրել 1.9%-ի։
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի զեկույցում ԱՄՀ-ն 2016 թ. Հայաստանի համար կանխատեսում էր ՀՆԱ-ի 2.2% աճ։
Ռուսաստանի համար՝ ԱՄՀ-ն այս տարի կանխատեսում է 1.8% տնտեսական անկում, Ադրբեջանի համար ավելի խորը՝ 3% անկում։ Բելառուսում նույնպես անկում է սպասվում՝ 2.7%-ի չափով, Ղազախստանում՝ լճացում, ընդամենը 0.1%-անոց աճ։ Միայն Վրաստանի դեպքում է աճի ավելի բարձր տեմպ կանխատեսում՝ 2.5% (թեպետ հոկտեմբերյան զեկույցում 3% էր)։ Հայաստանի տնտեսության մասով ԱՄՀ-ի գնահատականը համընկնում է Համաշխարհային բանկի կարծիքին։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ՀԲ-ն հրապարակել էր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների վերաբերյալ իր նոր զեկույցը, որում Հայաստանի տնտեսական աճը 2016 թվականին կանխատեսել էր 1.9%-ի չափով։ ՀԲ նախորդ զեկույցում նույնպես 2016 թվականի համար 2,2% աճ էր ակնկալվում։
Համաշխարհային բանկը նշել էր, որ հաջորդ տարի ՀՀ տնտեսական աճի տեմպը կարագանա մինչև 2.8%, իսկ 2018-ին՝ 2.9%։
Վրաստանի համար Համաշխարհային բանկն այս տարի կանխատեսում է 3% տնտեսական աճ (հաջորդ տարի՝ 4,5%), Ադրբեջանի համար՝ 1,9% անկում։
Բացի տնտեսական աճի ցուցանիշից՝ ՀԲ-ն կանխատեսել էր, որ ՀՀ պետական պարտքը կաճի, և պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 49.3%-ից կհասնի 52.2%-ի։
Կարճ ասած, միջազգային կառույցները լավատեսորեն չեն տրամադրված ՀՀ տնտեսության հեռանկարների հարցում և գնալով վատթարացնում են իրենց կանխատեսումները։
Ավելին, համոզված ենք, որ առաջիկա զեկույցների ժամանակ միջազգային կառույցները կվերանայեն տնտեսական աճի իրենց կանխատեսումները՝ նվազման ուղղությամբ։ Դա, բնականաբար, պայմանավորված կլինի ԼՂՀ հակամարտության վերջին սրացմամբ ու հետագա ռազմական գործողությունների աճող ռիսկով։ Պետք է նկատի ունենալ, որ թեպետ ԱՄՀ զեկույցը հրապարակվել է ապրիլի 12-ին, իսկ Համաշխարհային բանկի զեկույցը՝ ապրիլի 7-ին, այդ զեկույցներն իրականում պատրաստվել են դրանից շատ ժամանակ առաջ՝ մինչև ղարաբաղյան սահմանի դեպքերը։
Ու քանի որ ԼՂՀ հակամարտությունը գրեթե բոլոր կանխատեսումներում կարևոր գործոն է դիտարկվում, չի բացառվում, որ հաջորդ անգամ ՀՀ տնտեսության համար կանխատեսեն առավելագույնը 1% աճ կամ լճացում։
Իսկ ի՞նչ ենք սպասում մենք ինքներս։ Կառավարությունը 2016 թվականի համար կանխատեսում է 2,2% տնտեսական աճ։ Համոզված ենք, որ այս տարի նույնպես՝ ՀՀ կառավարությունը տեղի չի տա և չի վերանայի 2,2% աճի կանխատեսումը։ Օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նախօրեին հայտարարել է, որ ԼՂ հակամարտության սրացումը բացասաբար չի ազդի Հայաստանի տնտեսական աճի վրա։ Նա ասել է, որ բյուջեում ամրագրված 2,2% տնտեսական աճը վերջին դեպքերից հետո էլ շարունակում է մնալ իրատեսական։ Ավելին, Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ իրենք ակնկալում են անգամ 3%-ից բարձր աճ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա՝ 2015 թվականի համար, գրեթե բոլոր միջազգային կառույցները կանխատեսում էին տնտեսական անկում, լավագույն դեպքում՝ զրոյական աճ։ Իսկ մեր տնտեսությունը, ի հեճուկս այդ կանխատեսումների՝ գրանցեց 3% աճ (կամ՝ այդպես ներկայացվեց)։
Հիմա եկանք այն կետին, որը երևի կզարմացնի մեր մշտական ընթերցողներին։ Սա այն դեպքն է, երբ համոզված ենք՝ միջազգային կառույցները սխալվելու են։ Չարաչար։ Տնտեսական աճը լինելու է շատ ավելի բարձր, քան անգամ 3%-ը։ Ոչ, մենք իշխանամետ չենք դարձել, և ոչ էլ սկսել ենք կասկածել միջազգային կառույցների մասնագիտական որակներին։
Ամեն ինչ շատ ավելի պարզ է. վերջին օրերի դեպքերը ցույց տվեցին, որ աշխարհը մեզ այլ տարբերակ չի թողնում, քան սրընթաց զարգանալ։
Այն, ինչ նրանք դիտարկում են՝ որպես բացասական գործոն (հակամարտության սրացումը), մենք դիտարկում ենք՝ որպես լրացուցիչ խթան, ահազանգ, որ պետք է լրջագույն փոփոխություններ արվեն։
Այն, ինչ կատարվեց այս մի քանի օրերի ընթացքում՝ մեզ համար իսկական դաս էր։ Սկսած հասարակ սևագործ աշխատողից՝ մինչև պետության ամենաբարձր օղակը։ Մենք հասկացանք, որ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունն ու մյուս արժեքները հենց այնպես, գեղեցիկ խոսքեր չեն։ Դրանցից է կախված մեր երկրի ու մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը։ Ճիշտ է, շատ թանկ գին վճարեցինք դրա համար, բայց հասկացանք՝ հզոր բանակ ունենալու համար պետք է ունենալ հզոր տնտեսություն, իսկ հզոր տնտեսություն ունենալու համար՝ նորմալ երկիր ու վստահություն պետության նկատմամբ։
Մնում է այդ գիտակցումը կյանքի կոչել, ուրիշ ոչինչ այս պահին պետք չէ։ Ու համոզված եղեք, շատ կարճ ժամանակի ընթացքում՝ ընդհուպ մի քանի ամսում, արդյունքը կերևա։
Ինչպես շատերի համար (այդ թվում՝ նաև հենց մեզ համար) անակնկալ էր, որ սոցիալապես վատ վիճակում գտնվող, իշխանությունից դժգոհ ժողովուրդը կարող է այսպես համախմբվել վտանգին ընդառաջ, այնպես էլ շատերի համար անակնկալ կլինի, թե ինչպես կարող ենք համախմբվել մեր երկրի զարգացման գաղափարի շուրջ։ Որովհետև պարզից պարզ է՝ վտանգը գալիս է մեր թուլությունից։
Սա արդեն ոչ թե մասնագիտական բանավեճի հարց է, այլ արժանապատվության և կամքի։
Միգուցե այս տողերը պաթետիկ են հնչում, միգուցե մտածեք՝ ցանկալին իրականության տեղ ենք մատուցում, բայց մի բանի հետ դժվար թե չհամաձայնեք՝ մենք կարող ենք այդպիսի անակնկալ մատուցել ամբողջ աշխարհին։ Ամեն ինչ մեզանից է կախված։