«Համահարթեցման քանոնը կոտրվեց». Մարգարիտ Եսայան

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– Դուք ֆեյսբուքյան Ձեր էջում մի գրառում էիք կատարել՝ նշելով, որ մեր բոլորի կյանքը բաժանվեց երկու մասին՝ մինչև ապրիլյան պատերազմը և դրանից հետո։ Ի՞նչ նկատի ունեիք, ամեն ինչ անդառնալիորեն փոխվե՞ց։

– Նկատի ունեմ, որ միասին անցանք հերթական փորձությունը և չենք կարող ջայլամի պես գլուխներս թաքցնել՝ մտածելով, թե մեզ ոչ ոք չի նկատում, բարեբախտաբար, մենք՝ բոլորս միասին, երկրի ներսում և նրանից դուրս, հերթական անգամ կանգնեցինք ու ապացուցեցինք հայտնի ճշմարտությունը, որ մեր ուժը մեր հավաքական միասնության մեջ է, որ մեր բանակն իրոք մեր անկախության տարիների ամենակայացած կառույցն է։

– Ապրիլյան չորսօրյա մարտերն արդյոք դաս եղա՞ն, և չե՞ք կարծում, որ հետևություններ պիտի արվեն։ Այսօր արդեն կարծիքներ են հնչում, որ մենք պատրաստ չէինք այս պատերազմին։

Կարդացեք նաև

– Կարծիքներ շատ եղան, տարաբնույթ և հակասական, միակ ճիշտն այսօր այն է, որ մենք՝ որպես պետություն ունեցող ժողովուրդ, այսօր և վաղը տեր ենք մեր երկրին, մեր սահմաններին, որ մենք ունենք շատ լավ բանակ, որ ԼՂՀ պաշտպանության բանակն անմրցակից է, և, որ մենք հաճախ հաղթում ենք ոչ այնքան՝ զենքով և զինամթերքով, որքան՝ ոգով, ապացույցը՝ թշնամու անօդաչու սարքը հասարակ հրացանով ոչնչացրած հովիվը, հայ զինվորն ապացուցեց, որ մեր գեները հզոր են, և ոչ մի թուրք-ադրբեջանական տանդեմ մեզ չի հաղթելու այլևս, մեր հերոս զինվորներն իրենց կյանքով ապացուցեցին, որ սրանք դատարկ խոսքեր չեն։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Երևանում դիմավորեց ցուցարարների հոծ բանակը, մարդիկ իրենց դժգոհությունը հայտնեցին և պահանջում էին արդարություն, պահանջում էին, որ վերջ տան երկակի ստանդարտներին։ Ձեր կարծիքով՝ սա կունենա՞ զարգացում։

– Մենք միշտ էլ հայտարարել ենք, նկատի ունեմ և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն, որ կողմ ենք հարցի խաղաղ բանակցային լուծմանը, և մշտապես աջակցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, հիշեցնեմ, որ եղել են դեպքեր, երբ այս խմբի առաջարկներին, քննարկումներին հայկական կողմը եղել է ներկա, պատրաստակամ, ինչը չէի ասի Ադրբեջանի մասին։ Սակայն, ընդունենք նաև, որ այն համահարթեցման քանոնը, որով խումբը փորձել է տարիներ շարունակ հավասարության նշան դնել կողմերի միջև, այս պատերազմով կոտրվեց, մեր գործընկերները՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, և ՌԴ-ն, իրենց աչքով տեսան, թե որքան սխալ է ագրեսորին և քաղաքակիրթ պետություններին (երկու հայկական), նույն արշինով չափելը։

Հույս ունեմ, որ լուրջ հետևություններ կանեն, քանի որ մեր բանակն ապացուցեց, որ մենք թղթե շերեփներին վաղուց արդեն չենք հավատում, մեզ հարկավոր են ավելի լուրջ քայլեր։ Այո, հայկական կողմն արդեն 25 տարի պնդում և ապացուցում է, որ կողմ է հարցի խաղաղ բանակցային կարգավորմանը։ Բայց միակողմանի ոչինչ չի լինում, կարծում եմ՝ ագրեսորին պիտի մեկընդմիշտ ցույց տալ իր տեղը։

– Այս հրադադարից, Մինսկի խմբի այցից հետո կրկին հրապարակ նետվեցին, կարծես, Կազան, Մադրիդյան սկզբունքներ դրույթները, սա նշանակո՞ւմ է, որ կատարվելու է դարձ ի շրջանս, և նորից բանակցային սեղանին են դրվելու արդեն հայտնի դրույթներ՝ հարցի փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծում, փոխզիջումներ, և այլն։

– Եկեք չմոռանանք, որ ո՛չ Մադրիդյան սկզբունքները, և ո՛չ էլ Կազանում, նույն Ադրբեջանի մեղքով տապալված գործողությունն օրակարգից երբեք դուրս չեն եկել, բանակցային սեղանին դրանք եղել են և կային, բայց այսօր, այս իրավիճակում շատ բան փոխվեց, և կարևոր է մեկ այլ բան՝ միջազգային հանրությունը և համանախագահողներն ուղղակի պարտավոր են Ադրբեջանին բերել տրամաբանության դաշտ, և ուղղակի պարտավոր են մտցնել ագրեսորի գլուխը, որ ինքնորոշման սկզբունքը կա, եղել է ու պիտի լինի և պարտավոր են պատմական իրենց շատ լավ հայտնի փաստերով խեղդել ագրեսորին, պարտադրել, որ ընդունի պատմական իրողությունը՝ Արցախը չի եղել, չի և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և հետո՝ ի՞նչը փոխզիջես և ո՞ւմ՝ վայրենի մարդակերի՞ն։ Արցախի Հանրապետությունն արդեն գոյություն ունի, և նրա հետ հաշվի չնստելը չի բխում ոչ Ադրբեջանի, և ոչ էլ տարածաշրջանում ու դրանից դուրս որևէ երկրի շահերից։ Ապացույցը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի փառահեղ հաղթանակը, որով ետ մղվեց ագրեսորի շատ հզոր հարձակումը։ Առանց Արցախի Հանրապետության մասնակցության՝ չի կարող լինել ոչ մի բանակցություն և քննարկում, արցախցին դա հերթական անգամ ապացուցեց։

– Այս օրերին շատ է խոսվում մեր դիվանագիտության սխալների մասին, Ձեր կարծիքով՝ որտե՞ղ ենք թերացել, ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը, գուցե ՀՀ-ն թերացե՞լ է միջազգային կառույցների հետ աշխատանքներում, գուցե ավելի խիստ շեշտադրումնե՞ր պետք է լինեն։

– Մենք աշխատել ենք՝ ինչպես հարկն է, պարզապես կա անառարկելին՝ մենք գործ ունենք ոչ թե՝ քաղաքակիրթ հակառակորդի, այլ՝ վայրենի ագրեսորի հետ, և թերացումն այն միջազգային կառույցներինն է, որոնք, շատ լավ իմանալով, թե ինչ է Ադրբեջանը՝ կաշառվեցին, գայթակղվեցին, լուրջ չընդունեցին մեր ահազանգերը։ Աշխարհի մեր հատվածում ցանկացած էսկալացիա վտանգավոր է դառնալու ամբողջ տարածաշրջանի համար, սա պիտի չմոռանալ։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցների հետ խիստ խոսելուն, ես պիտի ձեզ հիշեցնեմ մեր երկրի նախագահի, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի խոսքը նույն դեսպանների հետ հանդիպմանը Երևանում, ապրիլի 4-ին, ավելի խիստ էլ ո՞նց է լինում. «Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, և պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք։

Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր։ Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր։ Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները, գնդակոծում խաղաղ բնակչությանը։ Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում՝ «ցուցաբերել զսպվածություն»»։

Սա է իրականությունը, կարծում եմ՝ այս պատերազմը մեզ բոլորիս ստիպեց սթափվել և լինել ավելի ուշադիր, սառնասիրտ և քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ, և սովորական կյանքում աշխատել այնպես, որ մեր հերոսների, մեր ջահել զինվորների թափած արյանն արժանի լինենք, որ տղաների հոգիները խաղաղ լինեն։ Ցավոք, մենք կորցրինք մեր հերոս զինվորներին, ցավում եմ և հպարտանում, այո, նաև ձեռք բերեցինք միասնականության այն անհաղթահարելի ուժը, որը պիտի պահել և զարգացնել նաև խաղաղ պայմաններում։

Տեսանյութեր

Լրահոս