Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպաններին
Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Նալբանդյանն անդրադարձել է ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։
«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթաժողովների և նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները», – ասել է Հայաստանի արտգործնախարարը։
ԱԳ նախարարը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը և ընդգծեց նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։