«Տանջված երեխա՝ մանկությունից…». Տեղի ունեցավ շարքային Գրիգոր Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը
19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն շարքային զիծառայողներից է, ում դին հայտնաբերվել և ինքնությունը պարզվել է Ադրբեջանի հետ դիակների փոխանակման գործընթացում: Այսօր Երևանի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Գրիգորի հոգեհանգիստը, որին ներկա էին նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ուսուցիչները…
Միակողմանի ծնողազուրկ Գրիգորը դեռ մանկուց ապրել է դժվար կյանքով: Նրա ընկերները 168.am-ին պատմեցին, որ Գրիգորի հայրը մահացել է տարիներ առաջ, ու մորն օգնելու համար նա ստիպված է եղել աշխատել անգամ դպրոցական տարիներին: Գրիգորը տան մեծ տղան էր, նա ունի իրենից 1 տարի փոքր եղբայր:
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը պատմեց, որ Գրիգորն իրենց անցյալ տարվա շրջանավարտներից էր. Առանձնապես սովորող չէր, բայց սիրում էր ֆուտբոլ խաղալ, շատ աշխատասեր էր, դասերից հետո գնում էր աշխատելու, որպեսզի մորը կարողանա օգնել:
Նա նշեց, որ իրենց դպրոցում ևս ընդունված է դպրոցի շրջանավարտ, զոհված զինծառայողների անունով դասասենյակներ անվանակոչելը, և, ամենայն հավանականությամբ, այն դասասենյակը, որտեղ Գրիգորն է սովորել, իր անունով էլ կկոչվի:
Գրիգորի դասընկերուհիները չէին կարողանում թաքցնել արցունքները՝ խոսելով իրենց դասընկերոջ մասին. «Մենք Գրիգորին միշտ կհիշենք: Ինքը մեզ համար հերոս է, նրա համար շատ ենք ցավում»:
Դասարանում Գրիգորն առանձնացել է իր հումորով. «Շատ հումորով էր, քիչ էր գալիս դասի, բայց որ գալիս էր, շատ ուրախ էր անցնում»:
Դասընկերուհիները նշեցին, որ շատ լավ հիշողություններ կան Գրիգորի հետ կապված, բայց այս պահին չեն կարողանում որևէ կոնկրետ դեպք հիշել, քանի որ շատ հուզված էին:
Գրիգորը դպրոցի վերջին տարին ամբողջությամբ չէր հաճախել դասերին, քանի որ ստիպված էր աշխատել:
«Համեստ, դաստիարակված, շատ լավ բալա, տանջված երեխա՝ մանկությունից, ասելու բան չկա, թե ինչքան լավն է, մարդ՝ բառիս բուն իմաստով»,- այս խոսքերով էլ Գրիգորին բնութագրեց շենքի բնակիչ-հարևանուհի տիկին Սուսաննան:
Նշենք, որ Գրիգորը 8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: