«Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին համարելով համախոհ՝ ողջ մեղքը բարդեց Ռոբերտ Քոչարյանի վրա». «Առավոտ»

«Միայն դրական եմ գնահատում այդ հանդիպումը։ Այդ փաստը խոսում է այն լայն կոնսոլիդացիայի մասին, որը այս օրերին ձևավորվել է Հայաստանում։ Կարծում եմ՝ սա նոր մշակույթի ներդրում է մեր քաղաքական անցուդարձում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով երբեմնի քաղաքական ախոյանների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսանի շաբաթ օրը կայացած հանդիպմանը։

«Առավոտի» դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած դժգոհությունը եւ նախագահների հանդիպումներն անիմաստ համարելը չի՞ բխում նրանից, որ ժամանակին հենց Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, ու հիմա նույնիսկ անտրամաբանական եւ անլուրջ կստացվի, եթե Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ պահանջի, որպեսզի ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադառնա, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Մենք շատ զավեշտական դրսեւորումների ենք հանդիպում, այնպես որ՝ դա էլ չէր զարմացնի։ Իրոք, դա հայտնի փաստ է։ Բայց հայտնի փաստ է նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանը փորձում էր համագործակցել Ռոբերտ Քոչարյանի կամ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի հետ, որպեսզի պայքարի Սերժ Սարգսյանի դեմ։ Հիմա էլ, Սերժ Սարգսյանին համարելով համախոհ, ողջ մեղքը բարդեց, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի վրա»։

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ հետագա զարգացումները կարող են ցանկացած ուղղությամբ շարժվել, այդ թվում նաև՝ լայնածավալ պատերազմական գործողությունների։ «Դթե Ադրբեջանը գիտակցեց, որ ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ է համարժեք պատասխան տալ բոլոր ոտնձգություններին, գիտակցեց, որ մեր հասարակությանն ամբողջովին համախմբվում է ԼՂ հարցի շուրջ, որ այս հարցերում որեւէ տարաձայնություն չի կարող լինել, ապա նաեւ, հաշվի առնելով «Յոմ-Կիպարի» պատերազմի փորձը, կարելի է հուսալ, որ ավելի պատրաստակամ կլինի բանակցային լուծման փորձին։ Բայց քանի որ տարածաշրջանում շատ խաղացողներ կան, որոնց շահերից դա կարող է չբխել, միշտ էլ հնարավոր կլինի հրահրել, նոր ավանտյուրաների դրդել ադրբեջանական կողմին։ Դեռեւս պետք է հետեւենք զարգացումներին»։ Համենայնդեպս, մեր զրուցակիցը կատարվածը պատեհ առիթ է համարում՝ ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, եւ կարծում է, որ հայկական կողմը դա պետք է պնդի:

«Դրա համար ես տարակոսանք հայտնեցի, որ ՀՀ գլխավոր շտաբի պետն էր հրադադարի համաձայնություն ձեռք բերում։ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, եւ եթե պետք է զինադադարի նոր պայմանագիր ստորագրվի, դա պետք է անեն ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը»։ Հետաքրքրվեցինք ՝ գործնականում ի՞նչ քայլեր պետք է զուգակցվեն ՀՀ-ի կողմից կոշտ դիվանագիտական լեզվի հետ, որը կիրառվեց այս ընթացքում ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առիթով, մանավանդ, որ ՌԴ վարչապետը հայտարարեց, թե պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակելու են Ադրբեջանին զենք վաճառել, նա նկատեց. «Հայկական կողմից որեւէ մեկը որեւէ կոշտ հայտարարություն չի արել։ Հայկական կողմն ընդամենը բարձրաձայնել է առկա փաստը, իրողությանը։ Այդ դժգոհությանը համատարած է ողջ քաղաքական դաշտում, եւ ՌԴ-ն պետք է գիտակցի, որ շարունակելով նույն քաղաքականությունը՝ մեր հասարակության մեջ այնպիսի դիսկուրս է առաջացնում, որը այս 25 տարիների ընթացքում երբեւէ չի եղել, հայ հասարակությունը սկսել է հարցադրումներ բարձրաձայնել ՝ արդյո՞ք ՌԴ– ն մեր ռազմավարական գործընկերն է, արդյո՞բ ՌԴ-ն հրաժարվել է ցարական Ռուսաստանի կամ Խորհրդային միության քաղաքականությունից, որոնբ միշտ պատրաստ էին գործընկերներին զոհաբերել ինչ-որ պահի։ ՌԴ-ի շահից չի բխում, որ նման տրամադրությունները Հայաստանում խորանան։ Իսկ այդ տրամադրությունների առաջացումը հնարավորություն կտա մեր իշխանություններին ավելի հետևողական լինել պահանջներում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս