«3-1» կամ Քոչարյանը՝ խաղից դուրս

Շաբաթ օրը երեկոյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը և կայացել է նրա տանը։

«Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղաադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Թե ի՞նչ եզրահանգումների և համաձայնության են եկել երկու նախագահները, հաղորդագրությունը չէր մանրամասնում, ինչը տարբեր քննարկումների առիթ հանդիսացավ։ Միայն երեկ ՀՀ առաջին նախագահն իր հարցազրույցում որոշ չափով պարզաբանումներ ներկայացրեց հանդիպման շարժառիթների և քննարկված հարցերի մասին։

«168 Ժամի» հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «շատ բարձր» գնահատեց, որ երկու նախագահները՝ մի կողմ դնելով ներկուսակցական, անձնական տարբեր շահեր, առաջնորդվել են ազգային ու պետական շահի գերակայությամբ. «Եվ բարձր եմ գնահատում թե՛ առաջին, թե՛ գործող նախագահների նման պետական մտածողությունն այս փուլում, և առհասարակ դա շատ կարևոր է, որ նախկին ու ներկա նախագահները հանդիպում են։ Սա բացառապես ցույց է տալիս երկու նախագահների պետական մտածողությունը, գիտակցման գերակայությունը, և ցույց է տալիս, որ նրանք երկուսն էլ պետական գործիչներ են»։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ անսպասելի չէր այդ հանդիպումը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ագրեսիայի առաջին իսկ օրը հանդես եկավ հայտարարությամբ, որն Ազգային ժողովում ընթերցեց Լևոն Զուրաբյանը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ մշտապես խոսել է կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին. «Այնպես որ, այդ հանդիպումը սպասելի էր, և շատ ուրախ եմ, որ նման հանդիպում կայացավ, և հուսով եմ, որ այդ հանդիպումներն այս կամ այն փուլում կամ այս կամ այն հարցի շուրջ կլինեն շարունակական։ Մեզ համար շատ անհրաժեշտ է, որ նման կարևորագույն փուլում նման հանդիպումներ լինեն։ Կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ է ոգևորված։ Աստված տա, որ մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը միանա, որովհետև պետական, ազգային շահի գերակայությունն ամեն ինչից վեր է»։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ևս Սերժ Սարգսյանը հանդիպի, Է.Շարմազանովը պատասխանեց, որ հանդիպումը նախաձեռնել էր Լ.Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ընդունել էր հրավերը, և ինքն էլ այցելել էր Տեր-Պետրոսյանի տուն, իսկ Քոչարյանի մասին պետք է հարցնել նրա խոսնակին։

Մեր հարցը, թե արդյոք այս հանդիպումն առնչություն ունե՞ր անցած տարի սահմանադրական փոփոխություններից առաջ նոյեմբերին Լ.Տեր-Պետրոսյանի նամակի հետ, որում նա մտահոգություն էր հայտնել մեր տարածաշրջանում Ռուսաստանի նկրտումների մասին, Է.Շարմազանովը պատասխանեց, որ հանդիպումը կապ ուներ այս վերջին օրերի իրավիճակի հետ։ «Ապրիլի 1-5-ի պատերազմական գործողություններն էին պատճառը, առիթն ու բուն թեման, որի մասին ասվել է»։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասում միայն Ռուսաստանը չէ, որ շահեր է հետապնդում. «Իսկ ինչո՞ւ միայն Ռուսաստանը, Թուրքիան այստեղ շահեր չի՞ հետապնդում, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան չե՞ն հետապնդում։ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղ բոլոր գերտերություններն ունեն իրենց շահերը՝ առանց բացառության՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան։ Դա ի՞նչ նոր բան է, որ շահեր ունեն։

Պարզապես մեր աշխատանքն այն պետք է լինի, որ մեր և իրենց շահերը համընկնեն, և մեր ազգային հարցերն ի օգուտ մեզ լուծվեն։ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որն անտիկ ժամանակներից եղել է մեծ տերությունների շահերի բախման կենտրոններից մեկը։ Այսօր ևս այդպես է, կա համանախագահության ֆորմատ, և ես չեմ կարծում, թե այդ արհեստական, կամ սլաքներն ուղղելն ինչ-որ արդյունք կտան։ Եթե ինչ-որ սլաք պետք է ուղղվի, պետք է ուղղել նախ և առաջ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որովհետև, բացի Թուրքիայի իշխանությունից, որն իրար հերթ չտալով՝ պաշտպանեց ադրբեջանական ահաբեկչությունը, որևէ այլ պետություն՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ֆրանսիան, Ադրբեջանի այդ բարբարոս գործողությունները չեն արդարացրել։ Եվ ինձ համար զարմանալի է, որ Թուրքիային թողած՝ մեկը ռուսին է քննադատում, մյուսը՝ ամերիկացուն, երրորդը՝ ֆրանսիացուն»։

Է.Շարմազանովը կոչ արեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին հանգիստ թողնել՝ նշելով, որ այդ 3 երկրներն էլ հայտարարել են, որ բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են, և հստակ հասկանալ, որ մեր հակառակորդն այս տարածաշրջանում Ադրբեջանն է և նրա հովանավոր Թուրքիան, որ Թուրքիան է Հայաստանին շրջափակման ենթարկում, որ Թուրքիան է Ղարաբաղյան հարցը որպես պատճառ ներկայացնում, որպեսզի ՀՀ-ին շրջափակած պահի, և Եվրոպայի հետ միակ սահմանը Թուրքիան է փակ պահում, որ բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված միակողմանի հանդես է գալիս հայկական բոլոր նախաձեռնությունների դեմ.

«Սրա մասին պետք է խոսել, ոչ թե սլաքն ուղղել ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի դեմ։ Փառք Աստծո, Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել, և Ղարաբաղյան հարցում բոլոր երեք համանախագահներն էլ խաղաղ կարգավորման կողմնակից են, հստակ նշում են, որ ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է։ Նաև Երևանում համանախագահները տվեցին այն կարևոր հարցի պատասխանը՝ այո, առանց ԼՂ մասնակցության, խնդրի լուծում չի կարող լինել։ Եվ համանախագահները նշեցին, որ կարևորագույն՝ վերջնական փուլում ԼՂՀ-ն դառնալու է բանակցությունների կողմ։ Այն, ինչ մենք ասում էինք»։

Մեր դիտարկմանը, որ, միևնույն է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բանակցի ԼՂՀ-ի հետ, Է.Շարմազանովը նշեց. «Ադրբեջանը չի որոշողը։ Եթե Ադրբեջանը տորպեդահարում է բանակցային գործընթացը, տորպեդահարում է խաղաղ բանակցությունները և այն սկզբունքները, որի մասին խոսել են համանախագահ երկրները, ուրեմն Ադրբեջանի նկատմամբ եվրոպական քաղաքակիրթ հանրությունը պատժամիջոցներ կկիրառի։ Պատժամիջոցների մեծ փորձ կա աշխարհում, թող կիրառեն։ Էդ Ադրբեջանն ո՞վ է, Զև՞սն է, որ ինչ ուզի՝ անի»։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ իսկ որտե՞ղ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցն ուղղեցինք Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահն էլ հանդես գա նախաձեռնությամբ և հանդիպի Սերժ Սարգսյանի հետ։

«Այդ հարցին ես կարձագանքեմ, անպայման կարձագանքեմ»,- խոստացավ Վ.Սողոմոնյանը։
Իսկ քիչ ավելի ուշ հրապարակվեց կայքերից մեկին Քոչարյանի տված պատասխանը.

«Այսպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում, տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»։ Ըստ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա։

«Ուրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար, նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետականությունը»,- ընդամենը նշել է Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս