Ինչպե՞ս է Ադրբեջանի հարկերի նախարարը ներդրումներ կատարել Ալիևի ընտանիքի հետ. Panama Papers
BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ադրբեջանի հարկերի ներկայիս նախարարը՝ որպես գործընկեր, ներգրավված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ ներդրումային նախագծերում:
Ֆազիլ Մամեդովը ու Մեհրիբան Ալիևան մատնանշվում են այդ փաստաթղթերում՝ որպես 10 հազար դոլարի ակտիվներ ունեցող հիմնադրամի միակ երկու «հոգաբարձուները», որն ունի անսահման հնարավորություններ և ֆինանսավորումներ, գրում է BBC-ն:
Ընկերության հիմնադիրը հայտարարում է, որ որպես հիմնական շահույթ ստացող են նշված Հեյդար Ալիևը (20%), Լեյլա Ալիևան (15%) և Արզու Ալիևան (15%): Ֆազիլ Մամեդովի անվան դիմաց նշված է 30% թիվը:
Նրա տվյալների ցանկում նշված է. «Ֆազիլ Մամեդով, 2003թ. մարտի 28-ին ծնված, Բաքու»: Ադրբեջանցի նախարարը ծնվել է 1964թ. մարտի 28-ին Շամախիում:
Փաստաթղթերը, որոնք թվագրված են 2004թ. ապրիլին, վկայում են, որ մնացած երեք մյուս հիմնական շահույթ ստացողները այս կամ այն կերպ առնչություն ունեն ադրբեջանական AtaHolding կոնգլոմերատի կամ Ադրբեջանի հարկերի նախարարության հետ:
Նշվում է, որ իրականում AtaHolding-ը գտնվում է Մեհրիբան Ալիևայի և Ֆազիլ Մամեդովի հիմնադրամի ղեկավարման ներքո:
BBC-ն չի ստացել պատասխան՝ Ֆազիլ Մամեդովի հասցեին ուղղված իր հարցումներին:
Ալիևի ադմինիստրացիան դարձյալ հայտարարել է, որ երկրի նախագահի դուստրերը հասուն են և կարող են ունենալ իրենց սեփական բիզնեսը:
Հիշեցնենք, որ փաստաթղթերի համաձայն, որոնք հրապարակել են համաշխարհային առաջատար ԶԼՄ-ները, Պանամայում օֆշորային ընկերություններ ունեցողների ցանկում հիշատակվել է նաև Իլհամ Ալիևի ընտանիքի անունը:
Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության 11 միլիոն փաստաթուղթ է հայտնվել գերմանական Suddeutsche Zeitung թերթի տրամադրության տակ, ինչից հետո դրանցով սկսել է զբաղվել Լրագրող-հետաքննողների միջազգային կոնսորցիումը (ICIJ): Հաղորդվում է, որ Իլհամ Ալիևի կինը, ինչպես նաև նրա քույրն ու երեխաները օգտագործել են Պանամայում գրանցված իրավաբանական անձանց, որպեսզի «գաղտնի պահեն ոսկի արդյունահանող ընկերություններում ունեցած ու Լոնդոնի անշարժ գույքի իրենց մասնաբաժինները»:
Բացի Ալիևից՝ փաստաթղթերում հիշատակվում են ևս 72 նախկին կամ գործող նախագահների անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն օֆշորային բիզնեսին:
2013թ. նմանատիպ հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ալիևի մամուլի քարտուղարը BBC-ին ասել էր, թե «նախագահի դուստրերը նույնպես բիզնես վարելու իրավունք ունեն»: