«Միշտ էլ կրակել են, բայց հույս ենք ունեցել, որ տների վրա չեն կրակի». թալիշցի կին

karabakh-open.info. «Թամարան սովորում էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանում: Ասում է՝ տառերն արդեն սովորել են ու պատրաստվում էին Այբբենարանի հանդեսին:

«Երեխաներն արդեն ոտանավորներն էին սովորում, հանդես էին անելու», պատմում է Թամարայի տատիկը՝ Ամալյա Օհանյանը, ով ընտանիքի հետ ապրիլի 1-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղի վրա հարձակումից հետո կարողացել է փախչել Թալիշից ու ապաստան գտել Քարվաճառում՝ եղբոր տանը: Թամարայից բացի, ընտանիքում եւս չորս երեխաներ կան՝ 16-ամյա Կամոն, 11-ամյա Քրիստինեն, 5-ամյա Սյուզաննան ու 2.5-ամյա Ռուզաննան:

«Գիշերը ժամը 3:30-նն էր, տանը բոլորը քնած էին: Երբ աղմուկ լսվեց, ինձ սկզբից թվաց, թե մամաս է, գիշերները շատ է վեր կենում, մեծ կին է: Վեր կացա, որ իջնեմ տեսնեմ ինչ է, հասկացա, որ մաման չի: Այդ պահին մի անգամ գրադը խփեց մեր բակում, տունը ցնցվեց, ներսում սկսեց ամեն ինչ կոտրվել: Փոշին լցվեց կոկորդս, սկսեցի գոռալ», հիշում է տիկին Ամալյան:

7665

Ասում է՝ Աստծո օգնությամբ է հաջողվել բոլոր հինգ երեխաներին ողջ դուրս հանել գյուղից: «Եղբորս տղան պատահական մեր տուն էր եկել իր մեքենայով, ինքը մեզ դուրս հանեց, բերեց Քարվաճառ: Եթե մեզ մոտ չլիներ, ես չգիտեմ, թե ինչ էինք անելու», ապրած սարսափն է վերհիշում տիկին Ամալյան ու ավելացնում. «Երեխեքը վերմակով ծածկված էին, ջարդված ապակին լցվել էր վերմակի վրա, եթե երեսները բաց լիներ, երեխեքի երեսը կկտրտեր»:

Մեծ թոռնիկը՝ 11-րդ դասարանցի Կամո Օհանյանը, վիրավորվել է, ոտքի մեջ բեկոր է մտել: Երեխան Քարվաճառի հիվանդանոցում բուժում է ստացել, հիմա էլ բժիշկների հսկողության տակ է:

7664

«Մենք մեր տանն ամեն ինչ ունեինք, ամբողջ կյանքում տուն ենք սարքել: Մեր տունը մի անգամ էլ էր քանդվել պատերազմի ժամանակ, դրանից հետո սարքել էինք մեր տունը, ավելի լավն էինք սարքել, ու այսօր նորից նույնը եղավ, նորից մեր տունը քանդվեց», ասում է տիկին Ամալյան:

Կինն Արցախյան պատերազմում կորցրել է նաեւ որդիներից մեկին. չնայած անդառնալի կորուստներին՝ ընտանիքը կարողացել էր ուժ գտնել ու շարունակել ապրել հայրենի գյուղում: «Մեծ ընտանիք ենք, ինը հոգի, աշխատում էինք, անասուններ էինք պահում, նորմալ ապրում»: Տիկին Ամալյան ոչ միայն իր կորցրած տան համար է ցավում, այլեւ՝ ամբողջ գյուղի: «Մեր գյուղում բոլորն աշխատող են, բոլորը լավ էին ապրում: Գիտե՞ք ինչ դպրոց ունեինք. նոր սարքած, նոր կահավորած…Ամեն ինչ հողին հավասարվեց…»:

7663

Թալիշի բնակիչները միշտ են կրակոցների տակ ապրել, բայց հույս են ունեցել, որ խաղաղ բնակչության վրա ադրբեջանցիները չեն կրակի: «Մտածել ենք՝ դիրքերի վրա են կրակում, զորամասի վրա են կրակում: Էդ օրն էլ սովորականի նման պառկեցինք քնելու, որ առավոտը վեր կենանք, ամենքս գնանք մեր գործին: Բայց էսպես եղավ…»:

Ապագայի մասին դեռ չեն կարողանում մտածել: Առայժմ Քարվաճառում են, սակայն հասկանում են, որ ինը հոգով երկար մնալ չեն կարող. հյուրընկալող ընտանիքը ևս բազմանդամ է: Տիկին Ամայլան ասում է՝ եթե բոլոր գյուղացիները հավաքվեն, հետ գնան, իրենք էլ կգնան: «Չենք թողնի մեր հողը, տղաս չի ուզում ուրիշ տեղ ապրել»:

7661

Կինը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ընտանիքը հիմա առաջնային ինչի կարիք ունի: «Չեմ կարող ասել, թե ինչ է պետք, մենք ամեն ինչ ունեցել ենք, ապահով ապրել ենք, ինձ համար շատ դժվար է այդ հարցին պատասխանել», ասում է հինգ անչափահաս երեխաների տատիկը:

Դպրոցական երեք թոռնիկներն առայժմ Քարվաճառում դպրոց կգնան, ու փոքրիկ Թամարան Այբբենարանի հանդեսին կմասնակցի Քարվաճառի դպրոցում»:

Թամարա Գրիգորյան

Տեսանյութեր

Լրահոս