Հոլանդահայերը պահանջել են դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ամստերդամի սրտում` «Դամ» հրապարակում ապրիլի 8-ին տեղի է ունեցել հոլանդահայ համայնքի բողոքի ցույց` ընդդեմ ապրիլի 2-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների: Բողոքի ցույցը, որին մասնակցել են հինգ հարյուրից ավելի հոլանդահայեր, կազմակերպվել էր Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունների (ՆՀՀԿ) կողմից:

Ցույցը սկսվել է հզոր վանկարկումներով` «Ղարաբաղն ազատ է, մի ժխտեք ազատությունը», «Ամո’թ Ադրբեջանին», «Ղարաբաղն Արցախն է, Արցախն հայոց հողն է»: Ցուցարարները, որ կրում էին Արցախի ու Հայաստանի դրոշները, ցուցապաստառների միջոցով դատապարտում էին ալիևյան վարչակարգին ու նրա ռազմատենչ քաղաքականությունը:

ՆՀՀԿ կազմակերպությունների անունից ելույթներ են ունեցել Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Սեպուհ Աբրահամյանը, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը և Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

04

Ցույցից առաջ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամները հրապարակում ներկա անցորդներին ու զբոսաշրջիկներին բաժանել են ցույցի իմաստը բացատրող թռուցիկներ, որով մերկացրել են ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը և հոլանդահայերի անվերապահ աջակցությունը արտահայտել Արցախի քույր-եղբայրներին:

Ելույթներում հավաստիացումներ են հնչել, որ հոլանդահայերը տասը միլիոնանոց հայոց սփյուռքի անքակտելի մասն են և բոլոր հնարավոր միջոցներով մասնակցելու են Արցախի ազատամարտին մինչև վերջնական հաղթանակ: Արտահայտվել է հոլանդահայերի վճռականությունը` հասնելու իր ազգային նպատակներին:

Երկու ժամ տևած ցույցի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր` հայ մանուկների ու երիտասարդների կատարմամբ:

Տեսանյութեր

Լրահոս