Ժամկետային զինծառայող Անդրանիկ Խաչատրյանը վիրավոր ուսով երկու օր մարտնչել է թշնամու դեմ

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում վերջին օրերին հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներն աստիճանաբար կազդուրվում են և առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրանց մեծ մասն ի վիճակի կլինի շարք վերադառնալ և շարունակել ծառայությունը:

«Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում զրուցել է բուժում ստացող զինծառայողների հետ:

Մայոր Դավիթ Ղահրամանյանը պատմեց, որ վիրավորվել է անձնակազմին սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու ընթացքում: «Ականանետով անսպասլի կրակեցին, կողքիս երկուսը մահացան, ես էլ հրաշքով ողջ մնացի: Երկու ոտքերից բեկորային վնասվածքներ եմ ստացել: Հիմա ինձ լավ եմ զգում, անընդհատ բժիշկների հսկողության տակ եմ: Ապաքինվելուց հետո շարունակելու եմ ծառայությունս, այլ տարբերակ չկա»,- նշեց մայորը:

Ժամկետային զինծառայող Գևորգ Հյուսնունցը պատմեց, որ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: «Դիրքերում էինք, հակառակորդն անդադար կրակահերթ սկսեց մեր ուղղությամբ: Մոտ կես ժամ պառկած ենք մնացել, հետո փորձեցինք սողեսող առաջ գնալ, այդ պահին դիպուկահարը կրակեց: Ձեռքս ճակատիս էր դրված, փամփուշտը ձեռքիս կպավ: Հետո զգում էի, որ ձեռք թուլանում է: Տղերքը եկան օգնության հասան, վիրակապ դրեցին ու դիրքերից ներքև իջեցրեցին, բերեցին հոսպիտալ: Հիմա բուժումս նորմալ է ընթանում, ապաքինվելուց հետո պատրաստ եմ վերադառնալ ու շարունակ ել պարտքս տալ Հայրենիքիս»,- ասաց Գևորգը:

Ժամկետային զինծառայող Աղվան Ազիզյանը դեմքի հատվածում բեկորային վնասվածքներ է ստացել հակառակորդի անօդաչու թռչող սարքի պայթյունից: «Մենք շտաբում էինք, կրակոցներ լսեցինք, դուրս եկանք, և այդ պահին անօդաչու սարքը պայթեց, ինչի հետևանքով էլ դեմքս վնասվել է: Հիմա ապաքինվում եմ, դրանից հետո շարունակելու եմ ծառայությունս: 21 ամիս արդեն ծառայել եմ: Զինծառայությունս ավարտելուց հետո էլ, եթե նման իրավիճակ լինի, գալու եմ, կանգնելու եմ մեր զինվորների կողքին: Այս դեպքից հետո էլ ծառայության ընթացքում ավելի ուշադիր ու զգոն պետք է լինենք: Հիմա ավելի փորձառու ենք դարձել, թշնամուց էլ երբեք չենք վախեցել»,- ընդգծեց Աղվանը:

Հոսպիտալում բուժում ստացող ժամկետային զինծառայող Անդրանիկ Խաչատրյանը վիրավոր ուսով երկու օրմարտնչել է հակառակորդի դեմ և բժիշկների օգնությանն է դիմել այն բանից հետո միայն, երբ զգացել է, որ թևը չի կարողանում շարժել: «Հակառակորդը սկսեց մեզ վրա կրակել, վազում էի թաքստոց, այդ պահին ինձանից մի փոքր հեռու ական պայթեց, բեկորներից մեկը թևիս կպավ: Սկզբում ուշադրություն չդարձրեցի վերքին, չեմ էլ ասել, որ վիրավոր եմ: Չէի ցանկանում դժվար պահին տղերքին մենակ թողնել: Հետո, երբ տեսա, որ թևս չեմ կարողանում շարժել, նոր դիմել եմ բժիշկներին: Հիմա ապաքինումս նորմալ ընթանում է: Կապաքինվեմ ու կվերադառնամ ծառայության»,- նշեց Անդրանիկը:

Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշեց, որ հոսպիտալում այս պահին կա մեկ ծանր վիրավոր զինծառայող, ով վերակենդանացման բաժանմունքում է: «Նա երեկ վիրահատվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալում, գիշերը տեղափոխվել է Ստեփանակերտ: Վիճակը գնահատվում է ծանր, ոչ կայուն, հիմա աշխատում ենք կայունացնել վիճակը ու նրան տեղափոխել Երևան: Հոսպիտալում դեղորայքի և բժշկական պարագաների խնդիր չունենք, ամեն ինչով ապահովված ենք»,- նշեց նա:

Հոսպիտալ էր այցելել նաև Քաշաթաղի և Դադիվանքի թեմի առաջնորդ Հովհաննես տեր քահան Հովհաննիսյանը, ով հերթով մոտենում էր վիրավոր զինծառայողներին, գոտեպնդում ու օրհնում նրանց: Հովհաննես տեր քահանա Հովհաննիսյանը հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին դրամական պարգևներ հանձնեց Ռուսաստանի հայերի միության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս