Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը պետք է լինի Հայաստանի և ԵՏՄ երկրների հարաբերությունների օրակարգում. Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածի մեջ մեղադրեց նաև միջազգային հանրությանը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, քանի որ երբ Ադրբեջանը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ էր անում, միջազգային հանրությունը որևէ կերպ չէր արձագանքում:
«Երբ պարբերաբար Ալիևը սելֆի էր անում այն ռազմատեխնիկայի հետ, որը ձեռք բերելու իրավունքն իր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերով չուներ, միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում էր իր լռությունը և հավասարության նշան դնել կողմերի միջև՝ իր անդեմ ու անհասցե հայտարարություններով»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Նա դրական գնահատեց ՀՀ-ում ՌԴ վարչապետ Մեդվեդևի հայտարարությունը, որ հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները և ոչ թե զինվորականները, բայց դրա համար, ըստ Զոհրաբյանի, անհրաժեշտ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ԵՏՄ անդամ Բելառուսը դադարեցնեն Ադրբեջանին վաճառել հարձակողական զենք, իսկ Բելառուսի ԱԳՆ-ն իր հայտարարություններում լինի շատ ավելի զուսպ և շատ ավելի հավասարակշիռ. «Ժամանակն է, որպեսզի Հայաստանը իր ռազմավարական գործըկներոջ, ԵՏՄ անդամ գործընկերների առջև հստակ Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը դնի, այդ հարցը պետք է լինի Հայաստանի և տվյալ երկրների հարաբերությունների օրակարգում»:
Թե ինչո՞ւ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացնելու ժամանակ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց և հայտարարեց, որ ԵՏՄ-ին միանալը ՀՀ անվտանգության շահերից է բխում, չէ՞, որ այդ ժամանակ էլ ՌԴ-ն ու Բելառուսը զենք վաճառում են Ադրբեջանին, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ այն ժամանակ էլ խնդիրները բարձրացվել են. «ԵՏՄ-ն ինքը ռազմական դաշինք չէ, անվտանգություն չի կարող ապահովել, պարզապես ԵՏՄ անդամ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք, այո, այլևս շատ ավելի պահանջատեր պիտի լինենք և շատ ավելի հստակ պիտի ձևակերպենք մեր վերապահումները Ռուսաստանի նշյալ քաղաքականության հանդեպ: ԵՏՄ-ն տնտեսական ինտեգրացիան գործընթաց է, որի տնտեսական օգուտները, անկեղծ ասած, առ այս պահը դեռևս չենք տեսել: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ ունենք Լեռնային Ղարաբաղի, էներգետիկ անվտանգության խնդիր, և ես չէ, որ այստեղ պիտի բացեմ Հայաստան-Ռուսաստան բոլոր ենթաշերտերն ու նրբերանգները»: