Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի կարելի դիտել զուտ կոմերցիոն խնդիր. Գարիկ Քեռյան

Տարածաշրջանում փոխել ուժերի հավասարակշռությունը, դրա միջոցով փոխել համանախագահ երկրների դիրքորոշումը, ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա: Սա էր Ադրբեջանի նպատակը, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսվեցին ռազմական գործողությունները, սակայն իրողություններն այնպես դասավորվեցին, որ Ադրբեջանի գործողությունները տապալվեցին, նա չհասավ իր առջև դրած նպատակներին: Այս մասին այսօր  ասուլիսում նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետը նկատեց, որ շփման գծում ապրիլյան զարգացումները պարզություն մտցրեցին մի քանի հարցում: Նախ պարզություն մտցվեց ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշման մեջ:

«Մասնավորապես, Բելառուսի ոչ միանշանակ հայտարարությունը, որը հետագայում սրբագրվեց, դրանից բացի Ղազախստանի կողմից Երևանում կայանալիք ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպման վայրի և ժամկետի փոփոխումը: Եվ, իհարկե, Ռուսաստանի` հավասարության նշանի տարրեր պարունակող հայտարարությունը»,-ասաց Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով, այսուհետև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի կարելի դիտել զուտ կոմերցիոն խնդիր: Ըստ նրա` սա պետք է Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշման մեջ բացառվի:

«Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ մեր պահանջը մենք պետք է կոշտացնենք: Այսուհետև Ռուսաստանի նման դիրքորոշումը մենք կարող ենք նույնիսկ դիտարկել ռազմավարական դաշնակցությանը սպառնացող քայլ»,- ասաց Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները ցույց տվեցին, թե նա ինչ զինատեսակներ կարող է կիրառել: Դրանից դասեր քաղելով` քաղաքագետը հրամայական համարեց ռազմական տեխնիկայի արդիականացումը:

Արդյոք կհաջողվի՞ պահպանել հրադադարը, թե՞ Ադրբեջանը կշարունակի ռազմական գործողությունները. այս հարցին ի պատասխան, քաղաքագետը նշեց, որ դա կախված կլինի բանակցությունների արդյունքներից:

«Կարևոր այն է, որ համանախագահները հակամարտության մարման ինչ-որ բանաձև գտնեն, մի գուցե շրջանառության մեջ դնեն միջանկյալ փաստատթուղթ: Ամեն դեպքում կրակի դադարեցմանը կնպաստի որոշակի մեխանիզմների ներդրումը, մասնավորապես, մոնիտորինգի մեխանիզմը` պարզելու համար, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը: Եթե բախման ճակատում վերահսկման մեխանիզմներ չներդրվեն, ապա ռազմական գործողությունները, անշուշտ, կշարունակվեն: Միգուցե ոչ այս ծավալով, բայց կշարունակվեն: Շատ կարևոր է ռազմական դիտարկման մեխանիզմների ներդրումը, որ հետո միջազգային դիտորդներն անհա սցե չխոսեն»,-ավելացրեց Գարիկ Քեռյանը:

Տեսանյութեր

Լրահոս