«Ղարաբաղում լեգենդներ են պտտվում». Նիկոլ Փաշինյան
«Ղարաբաղում լեգենդներ են պտտվում հայոց բանակի 18-ամյա զինվորների պատրաստվածության ու մարտական ոգու մասին և այդ լեգենդները պտտվում են ոչ թե որպես PR գործիք, այլ հիմնված են կոնկրետ գործողությունների վրա, կոնկրետ վայրում ու կոնկրետ ժամին»,- այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ապրիլի 3-4-ին եղել է Արցախում: Ն.Փաշինյանի խոսքով` սա ամենահզոր գործիքներից մեկն է, որ Իլհամ Ալիևին թույլ չի տվել իրականացնել իր բլից-կրիգը և տարածքներ օկուպացնել ԼՂՀ-ից:
Նա նշեց, որ ԼՂ-ի մի խումբ քաղաքացիների անունից այս ամբիոնից փոխանցում է իրենց կսկիծի ու երախտիքի, սիրո խոսքերը` Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի և Երևանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին ու մարզիչներին, որ նրանք այդպիսի քաղաքացիներ, զինվորներ ու մարտիկներ են դաստիարակել: