«ԵԱՀԿ անդամ երկրներին Սերժ Սարգսյանի ուղերձը հստակ էր». Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դժվարանում է գուշակել, թե ինչ արդյունք կարող է տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սպասվող նիստը, սակայն կարծում է, որ նրանց ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հստակ էր:
«Պարոն նախագահը շատ հստակ նշեց, որ նախևառաջ հրադադարի ռեժիմը և ահաբեկչական գործողությունների հեղինակն Ադրբեջանն է, և դա նրանց դիվանագետները, նույնիսկ նրանց նախագահը չեն թաքցրել։
Երկրորդը, Ադրբեջանը ուզի, թե չուզի, պարտավոր է բանակցություն վարել Լեռնայն Ղարաբաղի Հանրապետության հետ, որովհետև 1994 թվականի զինադադարի ռեժիմը կնքել են նաև Ղարաբաղի հետ։ Եվ եթե մենք խոսում ենք հարդադարի ռեժիմին անցնելու մասին, ապա կա գործող զինադադարի համաձայնագիր՝ ստորագրված 1994 թվականի մայիսի 12-ին, և կան պետություններ, ովքեր պետք է լինեն այդ զինադադարի երաշխավորները։ Երրորդը, ոչ հասցեական գնահատականներն են, որոնք ոչ միայն չեն օժանդակում, այսօր մեր համոզմամբ՝ խանգարում են, խոչընդոտում են խնդրի կարգավորմանը և նոր թևեր են տալիս ահաբեկչին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, որ բոլորն են տեսել, թե ինչպես էին 1930-ական թվականներին քաղաքակիրթ Եվրոպան, ինչո՞ւ չէ, նաև Խորհրդային միությունը, «սիլի-բիլի» անում Ադոլֆ Հիտլերի հետ, մինչև որ Հիտլերը չսկսեց Երկրորդ աշխարահամարտը։ «Հիմա կան պետություններ, ովքեր «սիլի-բիլի» են անում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, և մենք տեսնում ենք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը լուրջ սպառնալիք են հանդիսանում մեր տարածաշրջանի համար»,-ասաց Շարմազանովը:
Նա կարևորում է նաև ԵԱՀԿ անդամ երկրներին ՀՀ Նախագահի ուղերձն առ այն, որ Թուրքիան, որը կապեր ունի նաև ահաբեկչության հետ ու արդարացնում է Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն Արցախում, որևէ անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: