«Կարող է՝ դա Ադրբեջանին մոլորեցնելու, սխալ քայլերի ուղղորդելու ձև լինի». Մանվել Սարգսյանը՝ ԵԽ ԽՎ նախագահի կոչի մասին
«Արդեն որքան ժամանակ է՝ այդ անձնավորությունը, այդ նոր ընտրված նախագահը միակողմանի այդ գիծն է տանում»,-168.am-ի հետ զրույցում խոսելով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի կոչի մասին՝ նման տեսակետ արտահայտեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Պեդրո Ագրամունտ կոչ է արել հայկական զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
Մ. Սարգսյանը ԵԽ ԽՎ նախագահի այդ կոչը պատահականություն չի համարում: Ըստ նրա՝ դա շատ վտանգավոր է.
«Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ անձնական խնդիր է, ոչ, դա ուղղակի եվրոպական կառույցների քաղաքականության ինչ-որ այլընտրանք է, ու այսօր, այս վիճակում, երբ ամբողջ աշխարհը փորձում է հավասարակշռված գնահատականներ տալ, նորից այդ գիծը տարվում է: Չի կարելի որակել որպես պատահակություն, շատերը սիրում են ասել՝ խավիարային կամ նավթային դիվանագիտություն է, բայց դա այդպես չէ, վտանգավոր բան է, պետք է մոտեցում ցուցաբերվի, հարց բարձրացվի՝ ինչո՞ւ է եվրոպական քաղաքականության մեջ այդ գիծը պահվում»:
Հարցին՝ այդ կոչն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, կարո՞ղ է ավելի սրել իրավիճակը, Մ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ազդեցությունն այն է, որ դա ոգևորում է Ադրբեջանին իր գործողություններում: Կարող է՝ դա Ադրբեջանին մոլորեցնելու, սխալ քայլերի ուղղորդելու ձև էլ
լինի, միանշանակ հնարավոր չէ գնահատական տալ, բայց գոյություն ունի այդ քաղաքականությունը, որը դրդում է Ադրբեջանին նման քայլերի, ինչ-որ հույսեր է տալիս, որ կան ատյաններ, որ կպաշտպանեն իր դիրքորոշումը և նման որոշումների է բերում, տարածաշրջանում նման պատերազմական գործողությունների է հանգեցնում»: