Ադրբեջանը միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է արել. ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակի բացառիկ մեկնաբանությունը

Դժբախտաբար, թեժ վիճակը պահպանվում է, և հակառակորդը շարունակում է իր ապակառուցողական և ահաբեկչական գործողությունները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը կրակը միակողմանի դադարեցնելու մասին, Բաբայանի խոսքով, միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի:

«Իրականում Ադրբեջանի իշխանությունները փորձում են այդօրինակ մեթոդներով պարտակել ագրեսորի իրենց կեցվածքը, բայց այդ ամենը այնքան կեղծ է ու բացահայտ, որ երկար չի կարող շարունակվել: Վերջին 12 ժամվա ընթացքում սա պաշտոնական Բաքվի կողմից երկրորդ նման հայտարարությունն է, սակայն, ինչպես տեսնում ենք, դա որևէ ձևով չի արտացոլում նրանց գործողությունները»,- ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, դա որևէ ձևով չի կարող անդրադառնալ հայկական զինուժի գործողությունների հաջող ընթացքին:

Անդրադառնալով սահմանին ընթացող թեժ մարտերին՝ Բաբայանը նշել է, որ զոհերի և վիրավորների մասին նոր տեղեկություններ չկան, բայց վերջին տվյալների համաձայն թշնամին կորցրել է ծանր զինտեխնիկա, տանկեր և, տալով մեծ կորուստներ, նահանջում է:

Տեսանյութեր

Լրահոս