Վալերի Պերմյակովին պաշտպանած փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կասեցվել է քրեական գործերի քննության ավարտը
Փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կասեցվել է մինչև քրեական գործերի քննության ավարտը: Փաստաբանը պաշտպանել էր նախորդ տարի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի շահերը նախաքննության սկզբնական փուլում:
2015թ. հունվարի 19-ին Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ Թամարա Յայլոյանի նկատմամբ հարուցվել էր վարույթ: ՓՊ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ փաստաբան Թամարա Յայլոյանն իր հարցազրույցում հայտնել է, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով, որ հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց, հրապարակել է Վալերի Պերմյակովի ցուցմունքները։ Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ պետք է ստուգման ենթարկվի Թամարա Յայլոյանի՝ Վալերի Պերմյակովին իրավական օգնությունը Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով ցույց տալու, ինչպես նաև՝ նրա կողմից Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց հրաժարվելու վարքագծի համապատասխանությունը Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին։
168.am-ը ՀՀ Փաստաբանների պալատից հետաքրքրվել էր, թե ինչ ընթացքում է գտնվում կարգապահական վարույթը՝ հաշվի առնելով, որ գործով նախաքննությունն ավարտվել է: «ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի 19.01.2015թ. թիվ 12-Ա/ԿԳ-15003 որոշմամբ՝ փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ հարուցված թիվ 15003 կարգապահական վարույթը Պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի հավելվածը հանդիսացող «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման» կարգի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետի հաշվառմամբ կասեցվել է ՀՀ Փաստաբանների պալատի 01.07.2015թ. թիվ ԿԳ/74-Ա որոշմամբ՝ մինչև ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող Գյումրի քաղաքում՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված թիվ 18100115 և ՌԴ Քննչական կոմիտեի համապատասխան մարմնի կողմից նույն դեպքի առիթով հարուցված քրեական գործերի քննության ավարտը (վերջնական որոշում կայացնելը): Ինչպես տեղյակ եք, վերոնշյալ գործերից մեկը դեռևս գտնվում է քննության փուլում և վերջնական որոշում չի կայացվել»,- հայտնել են Պալատից: