
«Ադրբեջանի գործողությունների մեջ տրամաբանություն պետք չէ փնտրել»

«Ադրբեջանի ոտնձգությանը հայկական բանակի կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել և Ադրբեջանը կորուստներ ունի: Մեզ համար կատարվողը և՛ մտահոգիչ է, և՛ դատապարտելի, և հուսով ենք, որ միջազգային հարթակում համապատասխան գնահատականը շուտով կտան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` մեկնաբանելով նախորդ գիշեր Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ռազմական գործողությունները:
Ըստ նրա` վերջին ժամանակահատվածում պարբերաբար հրադադարի ռեժիմը Ադրբեջանի կողմից խախտվել է, բայց այս լայնածավալ գործողությունները պայմանավորված է ԱՄՆ-ում տեղի ունեցող հավաքով և փոքր ինչ հարցեր լուծելու, կարգավորելու միտում են ունեցել:
«Նրանց գործողությունների մեջ տրամաբանություն պետք չէ փնտրել, որովհետև նրանց քայլերը, սադրանքը, հայտարարությունները, գործուղությունները միշտ էլ անընկալելի են եղել, մասնավորապես այն պարագայում, երբ խաղաղ բանակցային գործընթաց է տեղի ունենում և նման գործողությունների շրջադարձային անցում են փորձում կատարել»,- ասաց Վ.Էնֆիաջյանը: