Բաժիններ՝

Կրակողը եղել է շարժման մեջ. Ավետիսյանների սպանության գործով հրապարակվել են փորձաքննությունների եզրակացություններ

Ռուսական 102-րդ ռազմական բազայում այսօր շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է քրեական գործի նյութերը:

Դատարանում հրապարակվեց ՌԴ Քննչական կոմիտեի վարչության պետի գրությունը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որով խնդրել է ռուս քննիչներին՝ փորձագետների հետ համատեղ զննել Ավետիսյանների բնակարանում՝ Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեում գտնվող տանը հայտնաբերված և առգրավված ԱԿՍ-74 ինքնաձիգը, սվին-դանակը, մարտական փամփուշտները, ինչպես նաև՝ կրակված պարճուկները: Նյութերի հրապարակումից պարզ դարձավ, որ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը գրություն է հասցեագրել ռուս քննիչին, որով խնդրել էր թույլատրել հարցաքննել մեղադրյալ Վալերի Պերմյակովին: Պատասխան գրությամբ Քննչական կոմիտեի քննիչին թույլատրվել է կատարել հարցաքննություն, սակայն՝ իր մասնակցությամբ:

Հրապարակվեց դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի հետևությունների մասի համաձայն՝ Սերյոժա, Հասմիկ, Աիդա, Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի, մանկահասակ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների դիակների դատաբժշկական փորձաքննություններով հայտնաբերված հրազենային և ծակած-կտրած մարմնական վնասվածքները և նրանց հագուստների դատաձգաբանական, դատահետքաբանական սառը զենքի և դատաքիմիական համալիր փորձաքննությամբ հայտնաբերված հրազենային և ծակած-կտրած վնասվածքներն իրենց մոտավոր տեղակայմամբ, առաջացման մեխանիզմով՝ համապատասխանում են միմյանց:

Վնասվածքները կարող էին պատճառվել որոշմամբ նշված հանգամանքներում: Դեպքի վայրում՝ տան պատերից, վերմակներից, ներքնակներից, ծածկոցների վրա հայտնաբերված հրազենային վնասվածքները, ինչպես նաև տուժողների մարմնի վրա առկա վնասվածքները պատճառվել են ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից՝ ինչպես՝ մենահատ, այնպես էլ՝ կրակահերթի ռեժիմում կատարված ընդհանուր թվով 28 կրակոցների արդյունքում արձակված գնդակներով և դրանց բեկորներով:

Փորձագետները եզրակացրել էին, որ կրակոցների ժամանակ կրակողը և տուժողները կարող էին գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնց դեպքում կապահովվեր վնասվածքների առաջացումը, սակայն, ըստ հրազենային վնասվածքների պատճառման ուղղությունների և հեռավորությունների՝ կարելի է եզրակացնել, որ կրակողը եղել է շարժման մեջ՝ կրակող զենքը՝ հիմնականում հորիզոնական ուղղությամբ պահած դիրքում, իսկ տուժողները եղել են պառկած դիրքում՝ ամենայն հավանականությամբ, անշարժ, բացի Արմեն, Սերյոժա Ավետիսյաններից, չի բացառվում նաև՝ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանից, որոնք կատարել են որոշակի շարժումներ կամ գործողություններ՝ կիսանստել, շրջվել, թեքվել, կանգնել, և այլն:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ տուժողները եղել են վերմակներով ծածկված՝ բացի Հասմիկ, Արմեն Ավետիսյաններից, մանկահասակ Հասմիկ Ավետիսյանից, որոնք հրազենային վնասվածքներ ստացել են նաև վերմակներով չծածկված վիճակում:
Հրապարակվեց ՌԴ Քննչական կոմիտեի քննիչի որոշումը, որով որոշվել էր քրեական գործից առանձին վարույթ անջատել ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովի վերաբերյալ գործը՝ կապված նրա կողմից ՀՀ տարածքում երկու և ավելի անձանց սպանության հետ: Միաժամանակ քննիչը որոշել էր ՀՀ համապատասխան լիազոր մարմնին փոխանցել սպանություն կատարելու վերաբերյալ գործին առնչվող բոլոր նյութերը, իրեղեն ապացույցները: Հրապարակվեց ռուս քննիչի կողմից քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը, որով նշված էր, որ 2014թ. մայիսին Վալերի Պերմյակովը զորակոչվել է ՌԴ զինված ուժերի շարքեր: 2014թ. նոյեմբերի 28-ին տեղափոխվել է և ծառայությունը շարունակել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Դեկտեմբերից նա գտնվել է տանկային վաշտի մեխանիկ-վարորդի պաշտոնում: Ըստ որոշման՝ 2015թ. հունվարի 12-ին իրեն տրված զենքով փոխարինությամբ ստանձնել է թիվ 2 պահակակետի պահպանությունը: Ծառայությունը կատարելու համար նրան տրվել է ԱԿՍ-74 ինքնաձիգ, դրան ամրակցված սվին-դանակ, փամփուշտներ: Նույն օրը ժամապահների փոփոխության ժամանակ հայտնաբերվել է Պերմյակովի և նրան տրված զենքի բացակայությունը:

ՀՀ քննչական կոմիտեն, ի դեպ, նշել էր, որ կլիմայական տաք պայմանների և դրամական բավարարման բարձր չափի պատճառով Վալերի Պերմյակովը ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակել ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայում:

ՌԴ Քննչական կոմիտեում քննված գործի նյութերը հրապարակելու ընթացքում պարզ դարձավ, որ Վալերի Պերմյակովը դիմումներ էր հասցեագրել քննիչին, որոնցով այն ժամանակ մեղադրյալը խնդրել էր ավելի մանրակրկիտ ցուցմունք տալ հանգամանքների վերաբերյալ: Դատավորը նշեց, որ դրանք կհրապարակվեն Պերմյակովի հարցաքննության ժամանակ: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց հրապարակել դրանք՝ նշելով, որ դրանք այլ փաստաթղթեր են, չեն կարող ցուցմունք համարվել: Նա նշեց, որ սա կարևորագույն փաստաթղթերից մեկն է, որը պետք է հիմա հրապարակվի: Ամբաստանյալի պաշտպանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանք ցուցմունքի մաս են կազմում, և դրանց պետք է անդրադառնալ համապատասխան փուլում: Դատավորն ասաց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմումները ցուցմունքի տարրեր են պարունակում, իսկ Վալերի Պերմյակովը դեռևս չի հարցաքննվել, դրանք կհրապարակվեն հարցաքննության ընթացքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս