«Եթե չես մտնում պայքարի մեջ, մնում ես զուտ դատապարտողի, քննադատողի և դժգոհի դերակատարության մեջ». Լարիսա Ալավերդյանը՝ «4+4+4» ձևաչափին մասնակցելու մասին
Մի խումբ հասարակական կազմակերպություններ այսօր կքննարկեն, թե ինչպիսին պետք է լինի հ/կ-ների մասնակցությունն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ «4+4+4» ձևաչափով բանակցությունների ժամանակ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ընդդիմության և քաղհասարակության հետ Ընտրական նոր օրենսգիրքը «4+4+4» ձևաչափով բանակցելու և քննարկելու առաջարկը:
Լ. Ալավերդյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն արդեն երկար ժամանակ համագործակցում է մի խումբ հ/կ-ների հետ, որոնք այսօր քննարկելու են այդ ձևաչափում քաղհասարակության ներկայացվածության հարցը: «Ինչքան ես եմ պատկերացնում, այդ առաջարկությունը հնչել է շատ անկեղծ Լևոն Զուրաբյանի կողմից, որ ինչ-որ ձևով կարողանա ընդգրկվի քաղհասարակությունն այդ ամենի մեջ: Թե ինչպես կընթանա, ես չգիտեմ: Այսօր մի քանի հ/կ-ներ հավաքվելու են ու մի քանի վիճահարույց հարցեր են քննարկելու, ասենք, արդյոք իսկապես հնարավո՞ր է այսօրվա օրոք գտնել այն մեխանիզմը, որով այդ կազմակերպությունները կարող են հանդես գալ ամբողջ քաղաքացիական հասարակության անունից»,- նշեց Լ. Ալավերդյանը:
Մեր զրուցակիցը կարծում է, որ մեր նման հասարակության մեջ, որը գտնվում է իրավական պետության կայացման պայքարի մեջ, պետք է, որ քաղաքացիական հասարակությունը պատրաստ լինի այդպիսի տարբեր ֆորմատներով հանդես գալ. «Ընդ որում, ռիսկերն այդտեղ ավելի քան ակնհայտ են: Արդյոք կարո՞ղ է իշխանությունն այս ամենն օգտագործի զուտ իրեն զարդարելու համար. այս բոլորն իրոք բաց հարցեր են, ուղղակի մենք չգիտենք այլ ձև պայքարելու, քան պայքարի մեջ մտնել, եթե որևէ մեկը գիտի, թող ինձ ևս հուշի: Այսինքն՝ ես գտնում եմ՝ թեկուզ բոլոր ռիսկերը գոյություն ունեն, բայց եթե չես մտնում պայքարի մեջ, մնում ես զուտ դատապարտողի, քննադատողի և դժգոհի դերակատարության մեջ»:
Մեր այն հարցին՝ փաստորեն որոշումը, թե որ հ/կ-ներն են ներկայացնելու քաղհասարակությանն այդ ձևաչափում, որոշելու են հենց հ/կ-նե՞րը, Լ. Ալավերդյանն այսպես պատասխանեց. «Այո, իհարկե, արդեն որոշակի հրավերք կա իշխանության կողմից ինչ-որ կազմակերպություններին, բայց դա ամենևին ոչ մի հարց չի լուծում, նախնական պայման չկա, ասենք, եթե հրավիրվել են 10 կազմակերպություն, դա ոչ մի պարտավորություն չի առաջացնում, որ դրանցից մեկը պետք է ընտրվի: Ընդհակառակը, քաղհասարակությունն իրեն պետք է պահի բավականին գրագետ և, որպես հավասար կողմ՝ հասկացնի, որ ինքը պետք է որոշի՝ որոնք պետք է ներկայացնեն իրենց տեսակետները: Թեկուզ շատ բաց ֆորմատ է, բայց հստակեցվեն խաղի կանոնները»:
Մեր ճշտող հարցին՝ իշխանությունների կողմից եղե՞լ են առաջարկություններ որոշակի հ/կ-ների, Լ. Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ, ես աղոտ ուղղակի լսել եմ, որ կան ինչ-որ կազմակերպություններ, որոնք հրավիրած են ինչ-որ նախնական բանակցություններ վարելու»: Լ. Ալավերդյանն ասաց, որ ինքը հստակ ոչինչ չգիտի: Նա նաև նշեց, որ այսօր անցկացվելիք քննարկմանը դեռ հայտնի չէ՝ ինչ է լինելու, որոշում կայացվելո՞ւ է, թե՞ ոչ: