Հիլարի Քլինթոն VS Դոնալդ Թրամփ. գլխավոր մարտը դեռ առջևում է
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակներում միանգամից 5 նահանգներում՝ Իլինոյսում, Միսսուրիում, Օհայոյում, Հյուսիսային Կարոլինայում և Ֆլորիդայում կայացած միջանկյալ ընտրությունները վճռորոշ դարձան նախագահական հետագա արշավի համար: Միլիարդատեր Դոնալդ Թրամփին, ում հաղթաթուղթը միգրացիոն ճգնաժամի հաղթահարումն է, և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ում ուշադրության կենտրոնում երկրի ազգային անվտանգությունն է, արդեն հազիվ թե որևէ բան խանգարի դուրս գալ մրցապայքարի վերջնական փուլ:
Այնուամենայնիվ, հանրապետականների բանակում ինտրիգը պահպանվում է. չնայած միլիարդատեր Դոնալդ Թրամփը նախկինի նման գլխավորում է մրցավազքը, սակայն նրա հիմնական մրցակից Թեդ Քրուզը դեռ կարող է առաջ անցնել, եթե ստանա նախագահի պաշտոնի համար պայքարող մյուս թեկնածուների ու մրցապայքարից դուրս եկած Մարկո Ռուբիոյի ընտրազանգվածի աջակցությունը: Իսկ դեմոկրատների պայքարում, ըստ էության, ամեն ինչ պարզ է. Քլինթոնն առաջատար է:
Անցկացված սուպերերեքշաբթին ո՛չ առաջինը, և ո՛չ էլ ընդգրկմամբ ամենամասշտաբայինն էր: Մարտի մեկին ընտրություններ էին անցկացվել տասնմեկ նահանգներում, իսկ մարտի տասնհինգին տեղամասեր բացվեցին Իլինոյսում, Միսսուրիում, Ֆլորիդայում, Հյուսիսային Կարոլինայում և Օհայոյում: Նշված 5 նահանգներից չորսում ձայների մեծ առավելությամբ հաղթեց նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Միայն Միսսուրիում նրա միակ մրցակից Բերնի Սանդերսն աննշան առավելություն ստացավ: Հինգ նահանգներում կայացած ընտրությունների արդյունքներով՝ Քլինթոնը ստացավ ևս 353 պատվիրակի աջակցություն, իսկ Սանդերսը՝ 247 պատվիրակի աջակցություն:
Հանրապետականների ճամբարում ևս իրավիճակը նույնն է. միջանկյալ ընտրություններում առաջատարը, նախկինի պես, միլիարդատեր Դոնալդ Թրամփն է, ով հաղթել է 4 նահանգում: Մեկ նահանգում նա փոքր տարբերությամբ զիջել է Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկին, ով մինչ այժմ հազիվ մոտ 6 տասնյակ պատվիրակի աջակցություն է ստացել: Պետք է նշել, որ նահանգների քանակն այնքան էլ կարևոր չէ, գլխավորն այն է, թե քանի պատգամավորի ձայն հնարավոր կլինի ստանալ յուրաքանչյուրում: Նախագահական աթոռի թեկնածուների համար ամենաբերքառատ նահանգը Ֆլորիդան էր, որտեղ դեմոկրատները ներկայացրին ապագա համագումարի 246 մասնակից ձայներ, իսկ հանրապետականները՝ 99:
Մինչ սուպերերեքշաբթին ևս պարզ էր, որ դեմոկրատների միակ թեկնածու դառնալու համար Բերնի Սանդերսը կամ Հիլարի Քլինթոնը պետք է ապահովեին 2383 պատգամավորի ձայներ: Եվ եթե այսօր դիտարկենք չոր թվերը, ապա ակնհայտ կդառնա, որ Պետդեպարտամենտի նախկին ղեկավարը հաստատուն կերպով գրավում է առաջատար դիրք` իր հաշվին արդեն ունենալով 1594 պատվիրակի աջակցություն: Վերմոնտ նահանգի 74-ամյա սենատոր Սանդերսն ունի ընդամենը 823 պատվիրակի ձայն: Տեսականորեն նա կարող էր հասնել տիկին Քլինթոնին՝ մարտի 15-ին վճռական հաղթանակ տանելով նույն Ֆլորիդայում, Միսսուրիում և Իլինոյսում, սակայն փորձագետների այս սպասումները չեզոքացան: Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տվել նախկին փորձը, ոչ մի դեմոկրատ չի հավաքում բոլոր քվեարկողների ձայները, նրանք բաշխվում են հավասար կամ մի փոքր դեպի Հիլարի Քլինթոնի կողմը: Վերջին սուպերերեքշաբթին ցույց տվեց նույն միտումը: Օրինակ, նախնական հարցումների համաձայն՝ Ֆլորիդայում առաջատարն էր հենց երկրի նախկին Առաջին տիկինը:
Ուժերի հարաբերակցությունն այնքան էլ պարզ չէ հանրապետականների մոտ: Իհարկե միլիարդատեր Դոնալդ Թրամփի անունը հայտնի է բոլորին, սակայն՝ շնորհիվ ոչ թե ազդեցիկ գործունեության ու արդյունքների, այլ՝ արտասովոր հայտարարությունների և կերպարի: Հանրապետական կուսակցությունից թեկնածության առաջադրման համար նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուին անհրաժեշտ են 1237 պատգամավորների ձայներ: Թրամփն առաջատարն է և ստացել է շուրջ 700 ձայն: Մարտի 15-ին Թեդ Կրուզը հնարավորություն ուներ ընդհուպ մոտենալ իր մրցակցին, սակայն դա տեղի չունեցավ: Փորձագետների սպասումներն արդարացան, ընտրարշավից դուրս եկավ հենց Մարկո Ռուբիոն, հատկապես հաշվի առնելով նրա վերջին պարտությունները մի շարք նահանգներում: Սակայն ի՞նչ կլինի նրա` արդեն գրաված պատգամավորների ձայների հետ, սա հանրապետականների մյուս խնդիրներից մեկն է: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա, ամեն ինչ կախված է կոնկրետ նահանգից: Տարբերակները մի քանիսն են:
Ընտրողները համագումարի ժամանակ կարող են քվեարկել դուրս մնացած թեկնածուի համար, կամ էլ ձայները կփոխանցվեն այլ մասնակցի: Բացի այդ, որոշ նահանգներ ընտրողներին հնարավորություն կտան ինքնուրույն կողմնորոշվել: Այսպիսի դեպքերում մեծ նշանակություն ունի այն, թե ում կաջակցի այս կամ այն դուրս մնացած քաղաքական գործիչը: Այդպես արդեն վարվել է նյարդային վիրաբույժ Բեն Կարսոնը, որն աջակցեց Թրամփին, և մի ընկերության նախկին ղեկավար Կարլի Ֆիորինան, որը հանդես եկավ Կրուզի օգտին: Այստեղ դրված է դանդաղ գործող պոտենցիալ ռումբ: Բեն Կարսոնը և Կարլի Ֆիորինան որևէ բանի վրա ազդել չէին կարող, իսկ ահա Մարկո Ռուբիոյի հրաժարականը մրցապայքարից արդեն լուրջ հարց է:
Այսօր կարելի է վստահությամբ պնդել, որ նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրապայքարն ընթանալու է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև, քանի որ այս թեկնածուների դիրքերն այլևս դուրս են մրցակցությունից, և հետագա ներկուսակցական պայքարն արդեն միայն ընթացակարգի հարց է:
Հիշեցնենք, որ հանրապետականների կողմից Միացյալ Նահանգների նախագահության պաշտոնական թեկնածուի անունը կհրապարակվի հուլիսի 18-21-ին՝ կուսակցության համագումարի շրջանակներում, իսկ դեմոկրատներն իրենց համապատասխան արդյունքները կհրապարակեն օրեր անց՝ հուլիսի 25-28-ին: Իսկ թե ում կընտրի քաղաքական կյանքում առկա որոշակի լճացումից, ծայրաստիճան բևեռացումից հոգնած և նորություն ու թարմություն ներմուծելու ցանկություն ունեցող հասարակությունը, կբացահայտվի միայն ամիսներ անց:
Պատրաստեց ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ