Բաժիններ՝

«Խնդիրն արհեստականորեն ներմուծված չէ». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծում ընդգրկված է նորմ, համաձայն որի՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ:

Երեկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննարկեցին նախագծի դրույթը, որը դժգոհությունների և քննադատություների առիթ է տվել:

Ներկայացնելով կարգավորման նպատակը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների, թե՛ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրատեղեմասերում հավաստող փաստաթղթերով դիտորդի կամ զանգվածային լրատվամիջոցի անվան տակ գտնվել են անձինք, ովքեր այդ գործառույթների հետ բացարձակապես որևէ առնչություն չունեն: Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ տվյալ ընտրատեղամասում, բացի ընտրողներից և տեղամասային հանձնաժողովի անդամներից, գտնվել է 53, 67, 37 անձ: «Կա խնդիր: Ընտրական նոր օրենսգրքով մի խնդիր կար, որ արձանագրված այս վիճակը խորացնելու միտում էինք տեսնում և վտանգ էր պարունակում: Խոսքը վերաբերում է նրան, որ համենայն դեպս այս պահին փաստված ընտրական օրենսգրքով տարածքային ցուցակում ընգրդկված թեկնածուները վստահված անձ ունենալու իրավունք չունեն, ինչը նորմալ է, որովհետև յուրաքանչյուր տեղի համար կարող է մինչև 20 թեկնածու առաջադրվել:

Դա նշանակում է՝ մի տարածքում տեղամասերում կարող է մինչև 200 թեկնածու լինել: Պատկերացրեք, եթե այդ 200 թեկնածուներից յուրաքանչյուրը վստահված անձ ունենար: Սա իրականում կարող է վտանգ առաջացնել (անկախ նրանից՝ ովքեր են թեկնածուները), որ դիտորդի կամ զանգվածային լրատվության միջոցի անվան ներքո կփորձն մուտք գործել մարդիկ, ովքեր իրականում դիտորդներ չեն, այլ վստահված անձինք են: Իրենք գալու են ուրիշ բանի համար՝ ոչ թե գործընթացը դիտարկելու, այլ կոնկրետ թեկնածուի շահերը պաշտպանելու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ իրական ԶԼՄ-ների և դիտորդների հետ խնդիր չկար:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ ներկայումս ներմուծված սահմանափակումը խնդրի լուծման լավագույն տարբերակը չէր, սակայն խնդիրն արհեստականորեն ներմուծված չէ: Նախարարը նշեց, որ եթե լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջարկներում տեսակետներ հնչեն, կարելի է քանակական ցուցանիշից անցում կատարել որակականի:

Լրագրողի դիտարկմանը, որ թվային սահմանափակումը պիտի հանվի, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, թե այն մտցվել է այս պահին որպես խնդրի լուծման մի եղանակ, բայց դա լավագույն լուծում չէ. «Իմ խնդիրն այլ բան է՝ ինչպես անել, որ իրական ԶԼՄ-ն մտնի տեղամաս»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարներով հավաքվել են, մեծ հաշվով, իհարկե, այդ խնդիրը կա, և պետք է հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 5-7 հոգանոց լրատվամիջոցը չի կարող լուսաբանել ողջ գործընթացը և լրացուցիչ ուժեր են անհրաժեշտ: Նա նշեց, որ խնդիրը կա, բայց մյուս կողմից՝ առաջարկվել է պարզապես անընդունելի տարբերակ:

«Մենք կարծում ենք, որ այնուամենայնիվ, ճիշտ կլինի վերադառնալ հավատարմագրման ինստիտուտին: Մենք առաջարկում ենք երկու մակարդակի հավատարմագրում: Այն լրատվամիջոցները, որոնք կցանկանան, որ իրենց լրագրողները, արտահաստիքային թղթակիցները և այլն գործեն ամբողջ երկրի տարածքով, հավատարմագրում են անցնում Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ ըստ առաջարկի՝ լրատվամիջոցները, որոնք կհետաքրքրվեն կոնկրետ մարզով, տարածքով, կհավատարմագրվեն տարածքներում:

Ընտրությունը լրատվամիջոցներինն է: «Ինչից առաջացավ այս ամենը. դիտորդական ու լրագրողական առաքելությունները խառնվեցին իրար: Երբ դիտորդական առաքելությունը բարդացավ՝ քննություններ հանձնել և այլն, և այլն, և լրագրողական առաքելությունը դիտարկվեց ըստ էության նաև որպես դիտորադական, առաջացավ այդ խնդիրը: Մարդիկ նաև այդպես սկսեցին գործել: Երեք կազամերպությունները կարծում են՝ դիտորդական առաքելությունը պետք է տարանջատել լրագրողական առաքելությունից և պարզեցնել դիտորդական առաքելություն անցկացնելու հնարավորությունը, քննությունը և այլն, և այլն, մի կողմն դնել»:

Ըստ նրա՝ առաջարկում է կարգը պարզեցնել, և նրանք, ովքեր ցանկանան դիտորդ լինեն՝ կարողանան լինել: «Այս պարագայում այդ կռիվը, կարծում եմ՝ կվերջանա, և այն լրագրողական կազմակերպությունը, որը այդպիսի տասնյակ կամ հարյուրավոր բեյջեր է բաժանել, կզբաղվի պարզապես դիտորդական առաքելությամբ»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև նախագծի փաթեթով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկին: Տուգանքի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից ընտրության ընթացքում կրկին խախտում կատարելու կամ տուգանքի կիրառումից հետո խախտումը շարունակելու համար որպես պատասխանատվություն առաջարկվում է կիրառել նաև լիցենզիայի կասեցում:

Ըստ նախագծի՝ այդպիսի գործողություն կատարելն առաջացնում է հեռուստառադիոհեռարձակման լիցենզիայի կասեցում մինչև տվյալ ընտրության քվեարկության օրը, ժամը 20:00-ն:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովին լրացուցիչ լիազորությունների տրամադրումն ամենևին արդարացված չէ:

«Կարծում եմ՝ սա թաքնված գրաքննության փորձ է, որովհետև այդ լիազորությունները դատարանինն են»,- ասաց նա՝ նշելով, որ օրինագիծը շրջանառությունից պետք է հանվի:

Առաջարկ հնչեց նաև, որպեսզի ԿԸՀ-ն տրամադրի բեյջեր՝ ըստ լրավամիջոցի կողմից ներկայացված հայտերի քանակի: Կարծիք հնչեց նաև, որ փորձ է արվում լուծել խնդիր, որն իրականում գոյություն չունի: Նշվեց նաև, որ օրենքը սահմանում է լրատվամիջոցների գործունեության կարգը, լիազորությունների, պարտականությունների շրջանակը, թող լրատվամիջոցն ինքը որոշի՝ քանի լրագրողի է ուղարկում ընտրատեղամաս և պատասխանատվություն կրի դրա համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս