«Կա ընտրողների մի հատված, որն ասում է՝ իմ մատը չթանաքոտեք». Դավիթ Հարությունյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Անտեսանելի թանաքը հնարավոր է մաքրել»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տեղի ունեցող քննարկման ժամանակ այս մասին ասաց նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների ընթացքում մատները թանաքոտելու վերաբերյալ հարցին:

Դ. Հարությունյանի խոսքով՝ դա որպես երևույթ՝ կիրառվել է այն երկրներում, որտեղ չկան անձը հաստատող միասնական փաստաթղթեր, մեկն ունի անձնագիր, մյուսն ունի եկեղեցու վկայական, և այլն. «Երբ գոյություն ունի միասնական բազա, կարծում եմ՝ կարող ենք խուսափել մատները թանաքոտելուց: Մատների թանաքոտումն ինքնին լուծում չէ և իր մեջ պարունակում է թերություններ: Երբ անցած անգամ քննարկում էինք այն հարցը, թե ինչպես խուսափենք կրկնակի քվեարկությունից, ասում էինք, որ պետք է մտցնենք կնիքի գաղափարն անձնագրերի վերջին էջում, սակայն արդյո՞ք նվազեց գործընթացի նկատմամբ անվստահությունը՝ իհա՛րկե ոչ: Ինչո՞ւ: Որովհետև պարզվեց՝ կան մեխանիզմներ, որ այդ կնիքը, որ գնվել է շատ հայտնի կազմակերպությունից, հնարավոր է հանել»:

Դ. Հարությունյանը նշեց, որ մատները թանաքոտվում են տեսանելի ու ոչ տեսանելի թանաքով: Նրա խոսքով՝ երբ մատները թանաքոտվում են տեսանելի թանաքով, ապա կա ընտրողների մի հատված, որն ասում է՝ «իմ մատը չթանաքոտեք». «Անկեղծ ասած, ես իրենց հասկանում եմ, դա նորմալ երևույթ չէ: Եթե տարբեր երկրների փորձն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ շատ երկրներում դա բերել է բացասական հետևանքների: Ինչ վերաբերում է անտեսանելի թանաքին, ապա ասեմ, որ վերջին տարիներին աշխարհում անտեսանելի թանաք ավելի շատ են օգտագործում, քան տեսանելին: Սական, ցավոք սրտի, անտեսանելի թանաքը ևս կարող է առաջացնել խնդիրներ: Մեր հարևան երկրում այն կիրառվել է»:

Նա խոսեց անտեսանելի թանաքի հետ կապված խնդրիների մասին ու նշեց, որ անտեսանելի թանաքն արվում է, որ հանձնաժողովի անդամը և վստահված անձը կարողանան հասկանալ՝ տեղամասում տվյալ անձը քվեարկե՞լ է, թե՞ ոչ. «Նկատենք, որ վերահսկողը հանձնաժողովի անդամ է, և, եթե ինքը չի կարողանում վերահսկել՝ որ անձը ցուցակում չկա, ապա մատը թանաքոտելը վերահսկելը ևս դժվար կարողանա պատշաճ վերահսկել: Անտեսանելի թանաքը վերահսկվում է ուլտրամանուշակագույն լույսով, իսկ դա նշանակում է՝ հանձնաժողովները պետք է ունենան լապտեր: Ուլտրամանուշակագույն լամպը, սակայն, ունի թույլ հզորություն, և մեկ-երկու մետրից հնարավոր չէ նկատել՝ այն միացվա՞ծ է, թե՞ ոչ: Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամն արհեստականորեն է գործընթացն իրականացրել՝ առանց միացնելու լապտերը: Հաջորդ խնդիրն այն է, որ այդ լամպն ունի նույն տեսքը, ինչ ունի սովորական լամպը: Սովորական լամպի տակ թանաքը չի երևում: Հաջորդ խնդիրն էլ այն է, որ տարբեր տեղեր, օրինակ՝ դռան բռնակի վրա, թանաք է հայտնաբերվել և քսվել մարդու մատին: Եթե ինչ-ինչ ձևով մարդու ձեռքի վրա կան թանաքի հետքեր, բայց մարդը չի քվեարկել, ապա ի՞նչ պետք է անի մարդը: Եվ չորրորդ խնդիրն էլ այն է, որ ժամանակին խնդրել էինք, որ բերեն այդ թանաքից, և մենք համոզվեցինք, որ թանաքը հնարավոր է մաքրել»:

Կարդացեք նաև

Դ. Հարությունյանը նշեց, որ ընտրացուցակի էջերը պատճենահանելուն վերաբերվում է բացասական: «Ես համարում եմ, որ պաշտոնական ցուցակը չի կարելի հրապարակել, բայց ինչ վերաբերում է ցուցակը քաղվածք անելուն, որն ավելի կարճ ժամանակ է պահանջում, ապա ասեմ, որ ինքս ստուգել եմ, ու այդ երկու ժամը ծայրահեղ մի բան է»:

Անի Քեշիշյան

 

Տեսանյութեր

Լրահոս