«Չոր առուծախ, որ Գարիկը հենց այսպես նպատակադրված թշնամուն տեղեկություն հայտնի, մենք գործով չունենք»
Պետական դավաճանության մեղադրանքով նախորդ տարվանից անազատության մեջ գտնվող Գարիկ Մարությանը մեղադրանքը չի ընդունում: Երեկ այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Արմավիրի մարզի բնակիչ, 1977թ. ծնված Գ. Մարությանը, ով պահեստազորի մայոր է, երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, ձերբակալվել է 2015թ. դեկտեմբերի 4-ին: Նրա վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Գ. Մարությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում հանդես գալով «M.G.X» կայք-էջով, այդ սոցցանցով շփման ընթացքում ծանոթացել է «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը ու «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող այդ հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել ՀՀ ու զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:
Ըստ մեղադրանքի՝ կողմնակի անձանց միջոցով 3 դրվագով ընդհանուր` 700 դոլար գումար և հեծանիվ ստանալով որպես վարձատրություն` նա «Odnoklassniki.ru»-ի և բջջային հեռախոսակապի «Viber» ծրագրի միջոցով, փոխանցել է ծառայության բերմամբ իրեն հասանելի եղած, ինչպես նաև ծանոթ զինծառայողներից հայթայթած տեղեկություններ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ, այդ թվում նաև՝ տեղեկություններ, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական բնագավառի պետական գաղտնիք, և որոնց օգտագործումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար, այսինքն` օտարերկրյա հետախուզության առաջադրանքով ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս լրտեսություն կատարելու և պետական գաղտնիք հանձնելու` պետական դավաճանության մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:
Փաստաբան Մ. Ֆարմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վազգեն Կիրակոսյան տվյալներով հանդես եկած անձը ներկայացել է՝ որպես ընկեր, ասել է, որ ծանոթացել են, երբ դեռևս զինվորական կուրսեր էին անցնում, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մտերմության մասին հիշեցրել. «Իրականում Վազգեն Կիրակոսյան, որպես այդպիսին, գոյություն ունեցել է: Գարիկը նրա հետ շատ մտերիմ չի եղել, բայց չի էլ կասկածել, որ դա կարող է թշնամու լրտես լինել: Պարբերաբար շփվել է հետը՝ ընկերական: Զինծառայողներ են, ինչի՞ մասին պիտի խոսեին՝ զինվորական ընդհանուր վիճակի մասին, զենքերի մասին և այլն: Այսինքն՝ կամաց-կամաց թշնամու լրտեսը, վստահություն ձեռք բերելով, խոսակցության մեջ է ներգրավել Գարիկ Մարությանին: Լրատվամիջոցներում նշվում է, որ նա 700 դոլար և հեծանիվ է ստացել:
Դա եղել է ոչ թե Գարիկի պահանջով, այլ նա՝ որպես ընկեր, ասել է, որ, նվեր եմ ուղարկում քեզ, ես Կրասնոդարում եմ ապրում, իմ գործերը շատ լավ են, և քեզ՝ որպես ընկեր, սրտանց նվեր եմ ուղարկում: Գարիկը սկզբից չի էլ կասկածել:
Հետո, երբ «Վազգեն Կիրակոսյան» օգտատերը սկսել է արդեն գաղտնի տեղեկություններ հարցնել, նոր Գարիկի մոտ կասկած է առաջացել, դրանից հետո էլ ինֆորմացիա չկա: Բայց մինչև այդ որոշակի տեղեկատվություն տվել է, և ԱԱԾ-ն այստեղ շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ Գարիկը՝ որպես հետախուզության նախկին պետ, ընդհանրապես իրավունք չուներ խաբվելու, պիտի ավելի ողջամիտ և ուշադիր գտնվեր՝ իր նախկին փորձը հաշվի առնելով, որ ամեն դեպքում մեր հետախուզությունը լավ չի աշխատել, փաստորեն: Այսպես կարող ենք արձանագրել: Բայց չոր առուծախ, որ Գարիկը հենց այսպես նպատակադրված թշնամուն տեղեկություն հայտնի, մենք գործով չունենք:
Պարզապես ինքը պետք է ուշադիր լիներ և չհայտներ ոչ մի կարգի տեղեկություն՝ դա կպարունակեր պետական, ծառայողական կամ այլ տեսակի գաղտնիք: Դրան պետք է ուշադիր լիներ:
Իսկ զուտ բարոյական, մարդկային առումով, եթե իրավական դաշտից դուրս ենք գալիս, ուղիղ իմաստով թշնամուն ինֆորմացիա ծախել գոյություն չունի այս գործում»:
Գ. Մարությանը, փաստաբանի խոսքով, ընկերական ընդունել է 700 դոլարն ու հեծանիվը. «Ասել է՝ գումար եմ ուղարկում: Գարիկը հարցրել է հեծանիվի մասերից, ասել՝ այդտեղ կա՞ն այդպիսի մասեր, որ ձեռք բերենք: Նկատի է ունեցել՝ Ռուսաստանի Դաշնությունում: Հետո պարզվել է, որ ամբողջական հեծանիվ է ուղարկել»:
Մեր հարցին՝ արդյոք այս հանգամանքների վերաբերյալ իր պաշտպանյալը նախաքննական մարմնում ցուցմունք տվե՞լ է, և ինչպե՞ս է այն գնահատվել վարույթն իրականացնող մարմնից, փաստաբանը պատասխանեց.
«Վատ է գնահատվել ԱԱԾ-ի կողմից, որովհետև ԱԱԾ-ն ասում է՝ դու այս ինֆորմացիան տվել ես, սա արդեն պետական գաղտնիք է: Վերջ, էլ քեզ հետ հարց, պատասխան չկա, որովհետև դու 20 տարվա հետախուզության պետ ես եղել: Երբ դու այս ինֆորմացիան տալիս ես, դու արդեն պարտավոր ես գիտակցելու, որ դա գաղտնիք է, կապ չունի՝ դու դա ում ես տալիս, դու արդեն հանցագործություն ես կատարել: ԱԱԾ-ի դիրքորոշումը սա է: Բայց մյուս տեսանկյունից էլ՝ մարդը մեղքը չի ընդունում, ասում է՝ ես դիտավորություն չեմ ունեցել»:
Ըստ պաշտպանի՝ երբ զրուցակիցն արդեն շատ մանրամասներից է հետաքրքրվել, Գ. Մարությանի մոտ կասկածներ են առաջացել, մի քանի խուսափողական պատասխան է տվել. «Ու օրերի հաշվարկով ԱԱԾ-ն իրեն բերման է ենթարկել»:
Նշենք, որ քրեական գործը մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին, ով մարտի 10-ի որոշմամբ այն վարույթ է ընդունել: