Բաժիններ՝

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ապացույցն անթույլատրելի կճանաչվի՞

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ընթացքում այսօր հարցաքննվեցին դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած և եզրակացություն տված փորձագետներ Էլդա Գրինը և Մարիամ Մեհրաբյանը:

Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ ըստ հիվանդության պատմագրի՝ դեպքին ականատես վկաներից մեկն ընդունվել է բուժհաստատություն, բաժանմունք ընդունվելիս գանգատվել է մղձավանջային երազներից: Փաստաբանը հետաքրքրվեց՝ արդյոք նրա ցուցմունքների արժանահավատությունը որոշելու առումով մղձավանջային երազներից գանգատվելու հանգամանքը հաշվի առնվե՞լ է, թե՞ ոչ, և նրա ցուցմունքների արժանահավատությունը որոշելու համար արդյոք անհրաժեշտ չի՞ եղել դատական հոգեբուժության հատուկ բնագավառի գիտելիքներ ունեցող փորձագետի եզրակացությունը: Ի պատասխան՝ Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ իրենց կողմից վկային տրվել է բնութագիր, նշվել է՝ զգայական աղքատ ինֆորմացիա, հիշողության վատթարացում՝ ընդհատումների տեսքով: Նրա մոտ առկա չէ նյարդահոգեբուժական խնդիր, որ չկարողանա շարունակել ծառայությունը: Փորձագետն ասաց, որ այդ վկան միշտ խոսել է երկու ձեռքերն իրար միացած վիճակում, այսինքն՝ համագործակցում էր, փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի կարողանա վերհիշել. «Չէր քողարկում, առանձնահատուկ լարվածությամբ աչքի չէր ընկնում: Նա կարողանում էր շարադրել՝ շատ կամ քիչ, ավել կամ պակաս»:

Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հետաքրքրվեց՝ արդյոք փորձաքննության ընթացքում հետազոտություններ կատարվե՞լ են այն ուղղությամբ, վկաների վրա հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումներ գործադրվե՞լ են, որոնք կարող էին ազդել նրանց ցուցմունքների հավաստիության վրա: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ իրենց հարց է տրվել՝ պարզել ցուցմունքների արժանահավատությունը, իրենց կողմից արված աշխատանքների արդյունքում վկաների մոտ հոգեբանական ճնշվածություն, պարփակվածություն, չհամագործակցելու միտում չկար. «6 վկաները բաց էին հարցազրույցի ժամանակ, շատ հանգիստ պատասխանում էին բոլոր հարցերին, խուսափողական դիրքորոշում չունեին»: Փաստաբանի հարցին՝ արդյոք ճնշումներ գործադրելու հանգամանքը հետազոտման առարկա հանդիսացե՞լ է, թե՞ ոչ, փորձագետը պատասխանեց, որ այդպիսի հարցադրում չի եղել:

Փորձագետների հարցաքննության ավարտից հետո ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց հաստատել փորձաքննության եզրակացության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը՝ նշելով, որ փորձագետները դուրս են եկել իրենց իրավասության շրջանակներից և պատասխանել են դատահոգեբույժ փորձագետի պարզաբանմանը ենթակա հարցի: Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս եզրակացությունը չի կարող դրվել իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում և օգտագործվել՝ որպես ապացույց: Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը համակարծիք էր փաստաբան Արմեն Նադիրյանի հետ, նա ևս խնդրեց բավարարել միջնորդությունը: Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ևս միացավ միջնորդությանը:

Մեղադրող Կարեն Հարությունյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձանց հետ կապված կասկած չի եղել, որպեսզի նշանակվեր դատահոգեբուժական փորձաքննություն: Նա կարծիք հայտնեց, որ բոլոր հարցերին փորձագետները հստակ պատասխաններ տվեցին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը ևս առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ եզրակացությունը լիարժեք է: Միջնորդության վերաբերյալ որոշումը դատավոր Դավիթ Հարությունյանը կհրապարակի վաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս