Բաժիններ՝

«Նորաստեղծ կազմակերպություն՝ նշանակում է՝ մոտ 3 տարի հրաժարվել ամեն տեսակ շռայլություններից». Բագրատ Ենգիբարյան

Հայաստանում տարեցտարի ավելի շատ է խոսվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողությունների մասին: Հայկական կազմակերպություններն ու ստարտափները պարբերաբար մեծ հաջողություններ են գրանցում ամբողջ աշխարհում և ճանաչելի են դարձնում Հայաստանը՝ որպես ՏՏ ոլորտում ներկայանալի և ուժեղ պետություն:

Հայաստանում ՏՀՏ ոլորտի հաջողությունների ու առկա խնդիրների մասին ենք խոսել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ:
Մեր զրուցակիցը նշեց, որ վերջին տարիներին Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը մեծ առաջընթաց է ապրել:

«Հայաստանի համար ամենամեծ հաջողությունն այն է, որ ՏՏ ոլորտի կազմակերպություններն արդեն հանդես են գալիս աշխարհի քարտեզի վրա: Հուսով եմ, որ այդ միտումը կշարունակվի նաև մյուս ոլորտներում: Դա մեր երկրի տնտեսական զարգացման, մրցունակության բարձրացման առաջին գրավականներից մեկն է: Ես հուսով եմ, որ մենք կդառնանք գլոբալ խաղացող, այլ ոչ թե՝ լոկալ»,- նշեց պարոն Ենգիբարյանը:
Հայաստանում նորաստեղծ կազմակերպությունների համար խնդիրները բազմազան են: Բ. Ենգիբարյանն առանձնացրեց հիմնական 4 խնդիրները:

«Առաջինը, որ մեր թիմերը կտրված են աշխարհից: Նրանք ոչ թե ֆիզիկապես հեռու են հիմնական խմորման կետերից, օրինակ՝ Սիլիկոնային հովտից, այլ նաև երիտասարդների հետ աշխատելու մշակութային խնդիր կա: Պետք է աշխատել նրանց հետ, որպեսզի նրանք ավելի գլոբալ մտածեն, ոչ միայն՝ ռեգիոնալ, այլև՝ համաշխարհային մակարդակով: Դա հիմնականում վախի խնդիր է՝ արդյո՞ք կկարողանան, թե՞ ոչ: Օրինակները ցույց են տալիս, որ ամեն բան հնարավոր է, և հաջողության պատմություններն ուղղակիորեն փրկություն են այս ամենն առաջ տանելու համար:

Երկրորդ հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Մեր մշակույթում, ցավոք, դեռ չի ձևավորվել այն գաղափարախոսությունը, որ պետք է, այսպես ասած՝ փող «փչացնել» ստարտափների վրա: Բայց դա փչացնել չէ, դա էքսպերմենտների վրա ծախսվող գումարն է:

Օրինակ, ոչ ոք չի ասում քիմիկոսին, թե՝ առանց նյութերի փորձեր արա: Նույն էքսպերիմենտը կատարվում է նորաստեղծ կազմակերպություններում: Աշխարհում լավագույն արդյունքը գումարի 10 տոկոսի ետբերումն է: Այս մտածողությունը պետք է փոխել մեզ մոտ: Մենք փորձում ենք մոնիտորինգ անել, թե ինչի վրա ծախսեցինք, այլ ոչ թե՝ ինչ արդյունքի հասանք, մենք փորձում ենք անգամ ասել՝ լավ, երբ գործերդ կարգավորվի, այդ ժամանակ էլ կվերադարձնես: Մեզ մոտ նման մեխանիզմներ էլ են գործարկվում:
Պետք է կարողանանք որոշակի գումար ստեղծել մեծ գաղափարների համար: Ես շատ ուրախ եմ, որ մեր համաֆինանսավորման դրամշնորհներում կա այդ մշակույթը: 3 տարի տևեց այդ ծրագրի իրագործումը: Հետաքրքիր մոդել է ստացվել, և ես ուրախ եմ, որ հաջողության տոկոսը բարձր է: Մյուս ծրագրերը գնալով դժվարանալու են, ու դրա համար պետք է նաև զարգացնել այս մոդելը:

Երրորդ խնդիրն այն է, որ չնայած հայերը ձեռներեց են, սակայն այս ոլորտում այդ իմաստով խնդիրներ ունենք: IT-ում ծրագրավորողները շատ են կենտրոնանում իրենց պրոդուկտի, այլ ոչ՝ վաճառքի վրա:

Այժմ մենք հատուկ նախաձեռնություն ունենք. հատուկ մասնագետներ ենք վարձել՝ մարքետոլոգներ, ովքեր սովորեցնում են, թե ինչպես է պետք մատուցել ստեղծված պրոդուկտը, որպեսզի այն վաճառվի, և ինչերի վրա պետք է ուշադրություն դարձնել: Եթե գրում ես ծրագիր, որն օգտագործելու են Միացյալ Նահանգներում, ապա պետք է կարողանաս մտնել նրանց մշակույթի մեջ: Շատ մանր խնդիներ կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենն առանձնացրեց նաև մեկ այլ, շատ կարևոր խնդիր: Դա սեփական ուժերի հանդեպ անվստահության խնդիրն է:

«Երիտասարդների մեջ, ընտանիքներում պետք է հավատ մտցնել: Շատ լավ օրինակ կա, երբ մի երիտասարդ աշխատում էր շատ լավ նախագծի վրա, բայց ծնողները ստիպեցին, որ նա ընդունվի ծրագրավորման կազմակերպություն: Ասում էին, որ նա իր համար շատ մեծ քայլեր է անում:

Նորաստեղծ կազմակերպություն՝ նշանակում է՝ մոտ 3 տարի հրաժարվել ամեն տեսակ շռայլություններից: Եթե գնաս IT կազմակերպություն՝ կարող ես մեծ գումարներ ստանալ, իսկ նորը ստեղծելու համար դու չես ստանալու, դեռ ավելին՝ տնից պարբերաբար գումարներ ես վերցնելու: Այստեղ կարևոր է կառավարության ու լրատվամիջոցների աշխատանքը: Մի բան է, եթե 10 տարի 2000 դոլար աշխատավարձ ստանաս, մեկ այլ բան, երբ սեփական նախագիծդ 100 միլիոն դոլարով վաճառես»:

Խնդիրները շատ են, բայց շատ են նաև նման խնդիրների պայմաններում ձևավորված հաջող նախագծերը: «Չնայած այս բոլոր խնդիրներին, Հայաստանում շատ բան է փոխվել: Եթե առաջ միջազգային հանդիպումներում հարցնում էին՝ որտեղից եմ, չգիտեին երկիրը, ապա հիմա ասում են, թե՝ այդ ի՞նչ եք անում Հայաստանում, որ բոլորը խոսում են դրա մասին»,- եզրափակեց Բագրատ Ենգիբարյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս