
ԵՄ 8 երկիր դեմ է ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը

Եվրամիության 8 երկիր դեմ է հանդես եկել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը: Նամակի տակ, որն ուղարկվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը, հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության լրագրողները հայտնել են, որ դիմումը ստորագրվել է նաև Խորվաթիայի կառավարության կողմից, սակայն Զագրեբն այդ տեղեկությունը դեռ չի հաստատել:
Ինչպես ասվում է նամակում, եթե նախագիծն իրականացվի, ապա այն կհանգեցնի «աշխարհաքաղաքական պոտենցյալ անկայունության»:
Եվրոպացի ղեկավարները հիշեցնում են, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ռուսական գազի մատակարարումները Եվրոպա ունեն վառ արտահայտված քաղաքական ենթատեքստ: «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կազդի գազային շուկայի զարգացման ու տարածաշրջանում գազային տարանցման սխեմայի վրա, ասված է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովն այսօրվա դրությամբ ստուգում է գազատարի շինարարության համապատասխանության հարցը ԵՄ կանոններին: Այդ հարցը քննարկվելու է մարտի 17-ին Բրյուսելում ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ, որտեղ գլխավոր թեման դառնալու է ԵՄ էներգետիկ անվտանգությունը:
Ծրագրվում է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 55 միլիարդ խմ, ինչը թույլ կտա կրկնակի ավելացնել գազամատակարարումները դեպի Գերմանիա: