Հանրային պահանջ՝ Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը վերանվանել «Մովսես Գորգիսյան», միացե՛ք
Արժանի լինենք Սարդարապատի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին
Երկու տարուց նշելու ենք մեր ժողովրդի արժանապատվության՝ Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը, որոնց պետք է նախապատրաստվել արժանապատվորեն և ազգովի: Յուրաքանչյուր հայի համար թանկ ու միակ մեր պետության անկախությունը բարձրագույն արժեք է, որին իրենց կյանքն են նվիրաբերել բազմաթիվ հայորդիներ և համոզված եմ՝ անհրաժեշտության դեպքում էլի են զոհաբերելու:
Այսօր էլ լինում են պահեր, երբ վտանգված ենք զգում մեր Պետության անկախությունը, այն ամրապնդելու համար լուրջ քայլեր ու դրան միտված ազնիվ գաղափարախոսության պահանջ կա, որի մեջ, մեր կարծիքով, ներառվում են նաև այն միջոցառումները, որոնք կոչված են լինելու նշել առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը: Անհրաժեշտ է հավուր պատշաճի մեծարել, խոսել ու պատմել բոլոր այն հայորդիների մասին, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայաստանի Հանրապետության անկախության համար:
Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման համար իր կյանքն է զոհաբերել մեր ժամանակակիցը՝ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, ում արտասանած «կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» նախադասությունն ահա 25 տարուց ավել մեր շուրթերին է, որով դաստիարակվում է նոր՝ անկախության սերունդը: Այդ նա էր, որ խորհրդային ավտորիտար ռեժիմի պայմաններում հայոց եռագույնը առաջինը ծածանեց Ազատության հրապարակում ու պայքարեց պետականության վերականգնման և իր կյանքը զոհեց՝ հանուն անկախ Հայաստանի երրորդ Հանրապետությանը:
«Մովսես Գորգիսյան» հասարակական կազմակերպությունը մի քանի անգամ դիմել է տարբեր պետական մարմինների՝ առաջարկելով Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը վերանվանել Մովսես Գորգիսյանի անունով, որով Սասունցի Դավթի, Բաղրամյանի, Անդրանիկի, Նժդեհի անունների կողքին կհավերժացվեր Ազգային Հերոսի արժանի անունը: Դժվար է ասել, թե ի՞նչ պատճառով այն չի իրականացվել, սակայն, կարծում ենք, հասունացել է պահը, երբ մեր հասարակությունն իր համաձայնության ձայնը կբարձրացնի ու Սարդարապատի հերոսամարտի և առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ, այն կդարձնի հանրային պահանջ և մետրոպոլիտենի գնացքում ամեն անգամ հնչող հաջորդ կանգառը՝ «Մովսես Գորգիսյան կայարան» նախադասությունը մեր քաղաքացիների սրտերում վառ կպահի Ազգային հերոսի՝ անկախության առաջամարտիկի հաղթական կերպարը:
Խնդրում ենք միացե՛ք «Մովսես Գորգիսյան» հասարակական կազմակերպության սույն նախաձեռնությանը, այն հասունացնենք ու ներկայացնենք Երևանի իշխանությանը և մեր ազգային արժանապատվության հերոսամարտի հաղթական 100-ամյակին ընդառաջ՝ ի դեմս Մովսեսի, արժանի լինենք մեր պետական անկախությունը նվաճելու համար զոհված բոլոր հերոսների անմահ հիշատակին:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն