
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարտի 10-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել։
«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որ նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։