«Եթե դա ադրբեջանցիք անեին, կհասկանայի». Լյովա Խաչատրյան
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպմանը, նշեց, որ հանդիպման արդյունքնեը դրական են. «Իհարկե, կան որոշակի խնդիրներ, օրինակ՝ ԵՏՄ-ում ցուցանիշները ցածր են: Բայց դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ Ռուսաստանը տնտեսական ծանր վիճակում է, իսկ երկրների ինտեգրումը միանգամից չի լինում: Կան դրական միտումներ՝ ռազմական անվտանգության ու տնտեսական առումներով, և հանդիպումը նախագահների, բոլոր դեպքերում, դրական էր, ճշգրտվեցին շատ շատ խնդիրներ, տարածաշրջանային խնդիրներ, Սիրիայի, ահաբեկչության հետ կապված»:
Անդրադառնալով ԸՕ նախագծին, նա նշեց, որ նախագծի լավ ու վատ կողմերի մասին խոսելը, քանի դեռ այն չի դարձել փաստաթուղթ, ճիշտ չէ. «Եթե մեր կառավարման համակարգը չունենար թերություններ, չէինք փոխի Սահմանադրությունն ու ԸՕ-ն: Տարբեր լսումներ պետք է լինեն, տարբեր առաջարկություններ քննարկվեն, նախագիծը մարդիկ են գրում, ու դրանք հղկվելու կարիք ունեն: Եթե կա քաղաքական ուժ, որը նոր նախագիծ ունի, թող գրի բերի: Սա ընդամենը տվյալ ուժի նախագիծն է, մեր նախագիծը մենք կփոխենք այն առաջարկություններով, որը մեզ ընդունելի է, սա մեր նախագիծն է, լավը չէ , բերեք նոր նախագիծ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ ասաց, թե քննարկումների ժամանակ ընդունվում են այն առաջարկները, որոնք ՀՀԿ-ին հարմար են. «ԸՕ չէի կոչի ներկայացվողը, այն համարվում է աշխատանքային փաստաթուղթ, քվոտավորման փաստաթուղթ: Ինձ զարմացնում է այն ծավալը, այն բարդությունը, որը ներառվել է դրա մեջ: Սա ինձ համար ոչ հայեցի մտածելակերպի վառ օրինակ է, եթե դա ադրբեջանցիք անեին՝ կհասկանայի: Սրանից կարելի է ԸՕ սարքել, պարզապես մի փոքր քթի ծակ է պետք ունենալ: Այս 120 էջը կարելի է կտրել ու սարքել նորմալ օրենսգիրք»:
Նրա խոսքով՝ դպրոցների ուսուցիչները դարձել են հրեշ. «Նրանց մեր երեխաների դաստիարակությունը վստահել չի կարելի, դրա համար դեռ նախորդ տարի առաջարկել էի նրանց զերծ պահել ընտրական պրոցեսներից: Եթե ընտրություն է, մարդ պետք է ունենա իրավունք՝ կատարելու իր ընտրությունը: Նույնիսկ ընտրելու իրավունք տրված չէ մարդկանց: Ընտրելու իրավունքից զրկել են մարդկանց, ու կոչվում է Ընտրական օրենսգիրք»:
Ապա Լ. Խաչատրյանը դիմեց Լ. Ալեքսանյանին.՝ ասելով. «Չկարողացա՞ք մի քանի մարդ բերեիք, մի 20 էջի վրա շարադրեին, թե ոնց գնան ընտրության, ինչպես քվեարկեին և այլն»: