Բաժիններ՝

«Ափսոսանք եմ հայտնում, որ անցյալ տարի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց». Սոս Պետրոսյան

«Ես այսօրվա հանդիպումը պետք է սկսեմ ոչ շաբլոն բառերից՝ ուղղակի ափսոսանք եմ հայտնում, որ անցյալ տարի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց, չնայած դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած նստեցինք: Ընդհակառակը՝ մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը դա չնկատի, և մեծ միջոցառումներ կազմակերպեցինք», – այսպես սկսվեց այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ հանդիպումը:

Նա նշեց, որ Հայաստանում չմնաց մի զորամաս, մի գյուղ կամ ավան, որտեղ իրենք Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված ներկայացումներով հյուրախաղերի մեկնած չլինեն: Բացի հայաստանյան հյուրախաղերից՝ Երևանի կրկեսը Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված ներկայացումներով հասցրել է լինել նաև երկրի սահմաններից դուրս: Այս ձևաչափով Երևանի կրկեսը «Մոսկվայի տանը» ներկայացում է բեմադրել նաև Մնջախաղի պետական թատրոնի հետ, որը, ըստ Սոս Պետրոսյանի՝ անցավ շատ լավ. «Չնայած մենք գիտակցում էինք, որ դա դեռ շատ քիչ է: Մեծ էր ցանկությունը՝ կրկեսային մի լավ ծրագիր բերել Երևան, և մենք հենց այդպես էլ վարվեցինք: Մեր ընտրությունը կանգ առավ Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» կրկեսի վրա, որովհետև շատ հարուստ ծրագիր ուներ, իսկ Ենգիբարյանը սիրում էր բազմաժանր, հարուստ ծրագիր, և մենք այստեղ հրավիրեցինք պրոֆեսիոնալ «Շապիտո»: 3 ամսվա ընթացքում ունեցանք 60 անշլագ՝ բոլորը՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանին»:

6176 12.09.1964 Клоун и мим Леонид Енгибаров исполняет репризу со скрипкой. Дмитрий Донской/РИА Новости

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ նույն հաջողությամբ «Շապիտո» կրկեսը հյուրախաղերով եղավ Արցախում, Գյումրիում, Վանաձորում և այլուր:

Կարդացեք նաև

Սոս Պետրոսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ իսկ ինչպե՞ս պետք է գնահատել Լեոնիդ Ենգիբարյանի արվեստը՝ լինելով նրա աշակերտը. «Գուցե շատերը չգիտեն, բայց հայտնի փաստ է, որ Ենգիբարյանի ստեղծագործական կյանքը տևել է շատ կարճ՝ ընդամենը 10 տարի, և այս տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ դասական: Ռուսները համարում են, որ Ենգիբարյանը ռուսական ուղղվածության ծաղրածու է, մենք հայերս պնդում ենք՝ չէ´, հայկական է, Եվրոպական կրկեսային ասոցիացիան, որի անդամն եմ ես, ասում է, որ Ենգիբարյանը տիպիկ եվրոպական ուղղվածության կրող է: Եթե անկեղծ ասեմ՝ մինչև այս էլ ես չեմ կարողանում հասկանալ՝ ի վերջո, այդ տաղանդավոր մարդու ստեղծած արվեստի մեծությունը ո՞րն էր: Բայց մի բան հստակ է՝ նա առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միաձուլեց թատերական կերպարի հետ: Սա միանշանակ և, անկասկած, կրկեսային արվեստում իր ներմուծած նորանոր մոտեցումն էր»:

Leonid Yengibaryan2

Լեոնիդ Ենգիբարյանի երբեմնի աշակերտը վկայում է, որ արտիստը լիարժեքորեն տիրապետում էր կրկեսային արվեստի բացառապես բոլոր ժանրերին. «Ակրոբատիկա, էկվիլիբրիստիկա, ձեռնածություն, բուֆանադա, օդային ակրոբատիկա, լարախաղացություն… Նա առանց նկատելի բարդությունների՝ կատարում էր բոլոր ժանրերի ամենաբարդագույն տրյուկները, այդպիսի բան կրկեսային արվեստի պատմության մեջ չի եղել: Երբ նա բեմադրում էր իր մինիատյուրները, ասենք՝ էկվիլիբր, ապա նա ռեպրիզի ֆինալում անպայման անում էր ամենաբարդ տրյուկը: Մարդիկ նայում էին ու ասում՝ սա ծաղրածո՞ւ է, թե՞ հանճար… Ահա սրանում էր նրա մեծությունը»,- այսպիսի հուշերով է հիշում իր ուսուցչին «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս