Ի՞նչ հարցեր չլուծվեցին Մոսկվայում

Հայաստանի զինված ուժերի մասին ռուսական աղմկահարույց հրապարակումների ֆոնին մարտի 10-ին Մոսկվայում կայացան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, «ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ»։

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վլադիմիր Պուտինը ողջունելով Սերժ Սարգսյանին՝ ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերային հարաբերություններ են, թեև կան նաև օբյեկտիվ բնույթի խնդիրներ։

«Նկատի ունեմ, առաջին հերթին, մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարարված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը»,- ասել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ ՀՀ-ն այս տարի ղեկավարում է ՀԱՊԿ-ն, ուստի ինքը լիահույս է, որ կհաջողվի խոսել Հայաստանի հետ՝ որպես այդ միջազգային կազմակերպության նախագահողի, քանի որ հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, նրա համար, որպեսզի մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է.

«Լինելով ՀԱՊԿ-ում նախագահող՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում։ Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը։ Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ։ Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին»։

Կարդացեք նաև

Թեև այցի մանրամասները մնացին գաղտնիության բավականին լայն քողի ետևում, նախագահներն իրենց արարողակարգային ելույթներում որոշ ուշագրավ հայտարարություններ արեցին։ Հատկանշական է ՌԴ նախագահի դիտարկումները հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում առկա խնդիրների մասին և Սերժ Սարգսյանի դիտարկումը Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ նախագահները չքննարկեցին այցին նախորդող ժամանակահատվածում տեղեկացված փորձագետների առաջ քաշած և ոչ մի թեմա, ինչպիսիք են Ղարաբաղյան հակամարտությունը ռուս-թուրքական լարվածության ֆոնին և հայ-ռուսական գազային նոր պայմանավորվածությունները։

ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը «168 Ժամի» հետ զրույցում դրական գնահատեց Պուտին-Սարգսյան հանդիպումը։ Ըստ նրա` նախագահների ելույթներն արտացոլեցին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների բարձր մակարդակը։ Սկակովի խոսքով` ՌԴ նախագահը պարզ նշեց, որ կան խնդիրներ այդ հարաբերություններում, բայց կողմերն անում են հնարավորը դրանք չեզոքացնելու ուղղությամբ, ինչը, նրա գնահատմամբ, ամենակարևորն է։

Ռուս քաղաքագետը վստահ է, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկումների լայն շրջանակ են ունեցել և սպառել են այն։ «Պարզ է, որ այդ ամենի մասին բաց չէր խոսվելու։ Ինչպես և ասել էի նախօրեին, հանդիպման օրակարգում ինչպես հայ-ռուսական ավանդական հարցերն էին, այնպես էլ ռուս-թուրքական լարվածության ֆոնին Ադրբեջանի ինչ-ինչ քայլերի հնարավորությունը, քանի որ չի բացառվում, որ Թուրքիան դիմի սադրանքների։

Ակնհայտ է, որ այս թեման նախագահները չէին կարող շրջանցել, քանի որ այն ամենակարևորներից մեկն է։ Այս օրերին շատ է խոսվել նաև Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Հայաստան զենքի գործարքների մասին, վստահաբար ռուսական կողմը հավաստիացրել է, որ ուժային հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պահվում է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռուսաստանյան մամուլում տեղեկատվական արտահոսքեր են եղել, որոնք պարզաբանման կարիք են ունեցել ըստ ամենայնի»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։

Նա դրական գնահատեց նաև Սերժ Սարգսյանի դիտարկումները սիրիական հակամարտության մասին։ «Դա խոսում է այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն անկեղծ են և ամուր»,- նկատեց նա։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկումներին, թե՝ լավ է տարեսկզբին ամփոփել նախորդ տարվա արդյունքները, ասաց` ի՞նչ արդյունքների մասին է խոսքը։ Ըստ նրա, երբ խոսք է գնում արդյունքների մասին, ապա պետք է պարզաբանել, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների դեպքում այդ արդյունքները, ցավոք, տեսանելի չեն։ Երկրորդ հանգամանքը, ըստ նրա, այն է, որ Պուտինն առաջարկեց տնտեսական հարցերը քննարկել, ինչը լավ է։

«Դրական է, որ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի հետ առևտուրը լուրջ անկում է ապրել, ու Ռուսաստանը, պարզ է, դրան չէր կարող ուշադրություն չդարձնել։ Ցավով պետք է նշեմ, որ ոչ միայն առևտուրն է անկում ապրել, այլև «Գազպրոմն» է հրաժարվում Հայաստանի համար գազի գինն իջեցնել։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է կատարվում մեր արդյունաբերության հետ, ընկերությունների մեծ մասը գազով են աշխատում, արտադրում են ապրանք, որն ի սկզբանե դառնում է անմրցունակ միջազգային շուկաներում, քանի որ արհեստականորեն բարձր գին են ստիպված լինում սահմանել, թեև մերոնք ևս մեղք ունեն դրանում։

Դժբախտաբար, հենց հանդիպման օրերին հայտնի դարձավ, որ իջեցում չի լինելու։ Կայացավ նախագահական հանդիպումը, բայց մեզ համար կարևոր նշանակություն ունեցող որևէ հարցը չլուծվեց։ Ես արդյունք չեմ տեսնում։ Նաև Ռուսաստանի պաշտոնական կայքերում մեր զինատեսակների մասին տեղեկություններ են հրապարակվում, կամ մեր զորամասերի տեղակայվածության մասին տեղեկատվություն է տարածվում, դա՞ է ձեռքբերում։ Մենք չգիտենք, թող մեզ ասեն։ Շատ լավ է, որ հանդիպում են, բայց թող արդյունքներ լինեն այդ հանդիպումից հետո։ ԵՏՄ անհաջողությունները ևս անիմաստ է քննարկելը»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։

Վերջինս կասկած չունի, որ հանդիպման ընթացքում քննարկվել է զինացանկի հրապարակման հարցը, քանի որ դա շոշափում է ՀՀ անվտանգության հարցը։ «Ես Պուտինի պատասխանը չգիտեմ, բայց ես գիտեմ, որ դա պատահական քայլ չէ ու դա ունի իր բացատրությունը։ Ռուսաստանն այնպիսի երկիր է, որտեղ նույնիսկ գիտնականները պատասխանատվության են ենթարկվում, երբ իրենց հոդվածներում ներառում են գաղտնի տեղեկատվություն, այսինքն` կարող են Խրամչիխինի դեմ ևս քայլերի դիմել։ Ռուսաստանն իսկապես լուրջ երկիր է, ցավում եմ, որ Հայաստանում այլ կարծիք ձևավորվեց այդ երկրի մասին։

Լրջությունն այն է, որ Ռուսաստանը, մոռանալով Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, ուղերձ է հղում Ադրբեջանին, որ Ադրբեջանից գաղտնիք չունի, տվել է Ադրբեջանին զինամթերք, որը որակով ոչնչով բարձր չէ այն զինատեսակից, որը Հայաստանին է տվել։ Ուղերձ է հղում, որ Ադրբեջանն իր համար ևս հարազատ է։ Ռուսաստանը լուրջ քաղաքականություն է վարում, և Ադրբեջանն իրեն պետք է, սա է պատճառը, որ այս ամենն արվում է։ Կարևորը հասկանալն է, որ իրենք լուրջ են, այնքան լուրջ, որ կարող են շահարկել հայկական շահերն ու Լեռնային Ղարաբաղը ևս, եթե դրա կարիքը լինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Խոսելով սիրիական հակամարտության վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիտարկումների մասին, Գրիգորյանն ասաց. «Երբ խոսք է գնում քաղաքական աջակցության մասին, ապա լուրջ վտանգ չեմ տեսնում։ Եթե խոսվեր ուժային աջակցության մասին, կտեսնեի։ Նույնիսկ ԱՄՆ պաշտոնյաներն են ասում, որ Ռուսաստանն առաջնորդում է Սիրիայում պայքարը, և իրենք ողջունում են։ Սա խնդիր չէ»։

Տեսանյութեր

Լրահոս