«Փախիր կամ ամուսնացիր», կամ՝ «Ինչպե՞ս է Մկոն համբուրվում»
Դերասան և պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանի շնորհիվ, բոլոր նրանք, ովքեր այսուհետ կկարողանան դիտել «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը, կհամոզվեն, որ հայկական կոմեդիան կարող է լինել ծիծաղելի՝ նաև առանց գռեհկության, առանց անիմաստ ծամածռությունների և դիտման ընթացքում ակամայից հոլիվուդյան ֆիլմերի հետ համեմատությունների: Ֆիլմում, բառիս լավ իմաստով, «օգտագործվել» է յուրաքանչյուր դերասանի հնարավորությունների մաքսիմումը: Դե, իսկ «ոչ դերասանուհի», սակայն հմայիչ Իվետա Մուկուչյանը ֆիլմին եվրոպական յուրահատուկ շարմ է հաղորդում՝ հատկապես գերմաներենով հայհոյելիս:
Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են դիտել այս ֆիլմը՝ հույս ունենալով տեսնել ֆիլմերում վաղուց հայտնի սիտքոմների Մկոյին, թող մնան տանը: Այս ֆիլմում Մկոն բոլորովին այլ է: Նրան հաջողվել է լինել տարբեր և հետաքրքիր:
«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի Մկոն կարողանում է տխրել, սիրահարվել, հերոսանալ և նույնիսկ՝ սովետական ոճով համբուրվել:
Երեկ «Սինեմա Սթար» կինոթատրոնում կայացավ «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգության պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի անձնակազմը, նրանց հարազատներն ու շոու-բիզնեսի գործընկերները:
Պրեմիերային, սակայն, ներկա չէին ֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ Իվետա Մուկուչյանը, ով այս օրերին Պորտուգալիայում է, և դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով այժմ բնակվում է Մոսկվայում։ Ֆիլմի վերնագիրը՝ «Փախիր կամ ամուսնացիր», ընտրվել է ֆիլմի գլխավոր դերակատար և պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանի և պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանի կողմից:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են Աղասիկն ու Սաթենիկը՝ Մկոն և Իվետան: Աղասիկի հայրը՝ Արշավիր Խոջոյանը, խորհրդային տարիներն ստեղծել է առաջին հայկական մարդատար մեքենայի մոդելը, որը կոչել է «Հրթիռ»՝ «Ռակետա»: Բայց Մոսկվան մեքենայի սերիական արտադրությանն այդպես էլ ընթացք չի տվել, և «Հրթիռ» մեքենայի եզակի նմուշը ժառանգել է Աղասիկը: Այժմ նա մեքենան օգտագործում է՝ որպես տաքսի: Գլխավոր հերոսն ուրախ, անհոգ, փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Սակայն մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է «գրավում» Սաթենիկը, ով փախչում է իր իսկ հարսանիքից:
Ֆիլմի դիտմանը նախորդեց ասուլիսը, որին մասնակցեցին ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը, «Persona Grata Group»-ի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը, դերակատարներ Արմեն Քուշկյանը և Տիգրան Գյուլումյանը: Ասուլիսի ընթացում Մկրտիչ Արզումանյանը նշեց, որ առաջին հերթին՝ փորձել են ստանալ օրիգինալ և հետաքրքիր ֆիլմ, և հույս ունի, որ հանդիսատեսը ևս կսիրի այս ֆիլմը:
Իր հերթին՝ պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանն ասաց, որ մարտի 3-ն այսուհետ իր օրացույցում նշվելու է՝ իբրև առաջնեկ ֆիլմի ծննդյան օր: Եվ այսուհետ ամեն տարի այդ օրը հատուկ է նշվելու:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք ֆիլմը կցուցադրվի՞ արտերկրում, թե՞ ոչ, Մկոն պատասխանեց, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ:
Տիգրան Համբարձումյանն էլ նշեց, որ ֆիլմը չեն նկարահանել զուտ հայկական հումորի մենթալիտետին հատուկ ձևաչափով: «Ֆիլմի հումորը հասանելի և հասկանալի է ոչ միայն հայերիս: Ֆիլմը շատ հանգիստ կարող է դուրս գալ արտասահմանյան շուկա, եթե թարգմանվի: Իսկ մենք այն անպայման կթարգմանենք»,- նշեց Տիգրանը:
Մարտի 6-ից ֆիլմը կցուցադրվի նաև Ստեփանակերտում, իսկ մարտի 29-ին՝ Գյումրիում, որից հետո արդեն կներկայացվի Հայաստանի բոլոր մարզերում:
Հարցին, թե որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն, և ի՞նչ սկզբունքով է ընտրվել դերասանական կազմը, Մկոն պատասխանեց. «Բյուջեի մասին մենք չենք խոսի և դրանով ևս կփորձենք տարբերվել: Կարծում եմ՝ ներկա դրությամբ, երբ Հայաստանում դժվար ժամանակներ են, բյուջե հնչեցնելը, հազարավոր դոլարների մասին խոսելը փոքր-ինչ սխալ է: Դերասանական կազմն ընտրել ենք՝ ըստ սցենարի: «Ծանոթով» խաղացել են միայն մեր երեխաները՝ Տիգրանի դուստրը՝ Սաթենիկը, շատ լավ իրեն դրսևորեց կադրում: Ալիկը՝ տղաս, մարմնավորել է իմ հերոսի մանկության կերպարին: Ալիկին ընտրել ենք, քանի որ այնպես է ստացվել, որ տղաս շատ նման է ինձ»:
Հարցին՝ արդյոք պրոֆեսիոնալ դերասանուհիները չե՞ն քննադատի «ոչ դերասանուհի» Իվետայի մասնակցությունը ֆիլմում, Մկոն պատասխանեց. «Չգիտեմ, թե ի՞նչ կասեն դերասանուհիները, բայց կարծում եմ, եթե Իվետան համոզիչ լինի կադրում՝ գնահատականը դրական կլինի: Ամբողջ աշխարհում է հիմա դա տեղի ունենում. «ոչ դերասանները» խաղում են ֆիլմերում և բավականին համոզիչ են լինում կադրում: Եվ ոմանց մոտ ուղղակի հրաշալի է ստացվում»:
Հարցին, թե ի՞նչ ճակատագիր է ունենալու «Ռակետան» այսուհետ, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը պատասխանեց. «Այդ մեքենայի մասին լեգենդի ստեղծումը մեր կողմից մարքետինգային քայլ էր, որն իրեն արդարացրեց: Իսկ թե ի՞նչ է լինելու մեքենայի հետ հետո… Այն դեռ կպտտվի մեր քաղաքում՝ վրան գովազդ կպցրած: Հետագայում երևի կմասնակցի հարսանեկան արարողությունների: Ասեմ, որ այդ մեքենան այլևս մերը չէ»:
Իսկ Մկոն իր հերթին՝ շտապեց ավելացնել, որ «Ռակետան» արդեն վաճառել են:
Վերադառնալով ֆիլմին՝ նշենք, որ մեքենան ևս հանդիսանում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը: Այն պատմում է ոչ միայն՝ Աղասիկի և Սաթենիկի պատմությունը, այլև անցյալի և ներկայի միջև կարևորագույն արժեք է հանդիսանում գլխավոր հերոսի համար: Շնորհիվ այդ մեքենայի՝ մենք տեսնում ենք Աղասիկի հորն ու նրա մանկությունը: Անգամ էպիզոդիկ տեսարանները կապակցված են մեքենայի շնորհիվ: Ֆիլմի սկզբում կենսուրախ տաքսու վարորդը, որի մեքենայի մեջ են հայտնվում բոլոր ռասաների ներկայացուցիչները՝ զբոսաշրջիկները, ֆիլմի ավարտին մնուն է նույն տաքսու վարորդը, սակայն՝ արդեն տխուր աչքերով, և հերոսության արդյունքում՝ գիպսի մեջ փաթաթված ձեռքերով: Նրա ուղևորներից ֆիլմի սկզբում մեզ ծանոթ՝ հայ տղամարդ և ռուս «հարսնացուն հյուսիսից» զույգը, ֆիլմի ավարտին բաժանվում են: Այդ մասին է խոսում ֆիլմի ավարտին նույն մեքենայի մեջ հայտնված, աչքի տակը կապտած, արդեն միայնակ ռուս «հարսիկը», ով «Ռակետայով» գնում է դեպի օդանավակայան:
Եվ, ինչպես ֆիլմի սկզբում, այնպես էլ՝ ֆիլմի ավարտին, Աղասն իր ընտրյալին հանդիպում է՝ կրկին նրան մեքենայի տակ գցելով: Ահա այստեղ էլ տեղի է ունենում «սովետական» նամուսով, բայց շատ կրքոտ համբույրը: Առհասարակ ֆիլմում ամեն ինչ բավականին գրագետ է արված: Յուրաքանչյուր հերոս և տեսարան արդարացված է և ունի իր տրամաբանական սկիզբն ու վերջը: Բնականաբար, կինոքննադատներն ավելի մասնագիտորեն կվերլուծեն ֆիլմը: Եվ հնարավոր է՝ գտնեն քննադատության արժանի կողմեր, սակայն պետք է հիշել, որ տվյալ ֆիլմն առաջին հերթին՝ հենց հանդիսատեսի համար է նկարահանված: