Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը:
Նա ասել է, որ երկու երկրների ղեկավարների միջև շփումները ոչ միայն ավելի ինտենսիվ են դարձել, ընդգրկելով ինչպես երկկողմ հարաբերություններ, այլև տարածաշրջանային հարցերի ողջ սպեկտրը:
Ռոգոզինի խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին ու ածխաջրածինների շուկայում հայտնի իրադարձություններին, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովը հասել է համագործակցության առավել ընդլայնման:
«Քննարկվում են կապերի ընդլայման հարցեր միջկառավարական հանձնաժողովի մակարդակում՝ տնտեսական, մշակութային, կրթական ու այլ ոլորտներում»,- ասել է նա:
Ռոգոզինն ընդգծել է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են ոլորտային պատժամիջոցներ, Ադրբեջանն ակտիվորեն աջակցում է Ռուսաստանին, նշվել է, որ ավելացել է Ադրբեջանից Ռուսաստանին մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալը:
Նշենք, որ ավելի վաղ «Կոմերսանտը» ծավալուն հոդված էր հրապարակել Ռոգոզինի՝ Բաքու կատարած այցի վերաբերյալ: Բանակցությունների հիմնական թեման, ըստ պարբերականի, երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են լինելու:
Նշվել էր, որ էներգառեսուրսների գնանկման հետևանքով Բաքուն ի վիճակի չէ վճարել ավելի վաղ կնքված զենքի վերաբերյալ պայմանագրերի դիմաց: Ռուսական զենքի արտահմանմանը մոտ կանգնած աղբյուրները հայտնէլ էին, որ երեկ ուշ երեկոյան Ադրբեջան են գնացել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավարության, Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները: Հաղորդվում էր, որ այդ այցը կրում է «հատուկ բնույթ» ու ավելի վաղ պլանավորված չի եղել: