Էրդողանի որդին հեռացել է Իտալիայից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հեռացել է Իտալիայից: Այս մասին տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Բիլալը վերադարձել է Թուրքիա, սակայն Իտալիայից նրա հեռանալը հաստատվել է:
Դոկտորական աշխատանքը շարունակելու նպատակով Բոլոնյա տեղափոխված Բիլալը որպես այնտեղից հեռանալու պատճառ է մատնանշել «անվտանգությունը»: Բոլոնիայից հեռանալու մասին Էրդողանի որդին տեղեկացրել է Ջոն Հոփքինս համալսարանին՝ ասելով. «Բոլոնիայում մեր անվտանգությունն իտալական և թուրքական կառավարությունների համար խնդիր է դարձել»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի Բոլոնիա քաղաքում Հաքան Ուզանի բողոքի հիման վրա Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլալի դեմ հետաքննություն է սկսվել: Էրդողանի որդին մեղադրվում է «սև փողերի լվացման» մեջ:
Հայտնի է նաև, որ նախորդ շաբաթ Ջոն Հոփքինս համալսրանանի տարածքում, որտեղ Բիլալն իր դոկտորականն է շարունակում, հակաէրդողանական գրություններ էին հայտնվել: Մասնավորապես, պատերին գրված է եղել «ահաբեկիչ Էրդողան», «մարդասպան Էրդողան», «Բոլոնյան չի ների»: