«Ո՞րն է համարվելու խորհրդարանական մեծամասնություն, և ինչպե՞ս է կատարվելու էլեկտրոնային գրանցումը». Դ.Հարությունյանը ներկայացրեց նոր Ընտրական օրենսգիրքը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Այն կներկայացվի Ազգային ժողով: Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի հենքը տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն են, որից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր կարգադրությամբ սահմանեց ժամկետները, որոնց ընթացքում պետք է մշակվեն օրենքների նախագծերը, որոնք բխում են Սահմանադրությունից:

«Այս փաթեթի համար ժամկետը սահմանվել էր մարտի 1-ը, ինչը նշանակում էր, որ մենք ունեինք ընդամենը 13 աշխատանքային օր՝ մշակելու այս փաթեթը: Մենք մշակել էինք փաթեթը, բայց քանի որ մարտի 1-ին կառավարության նիստ չի եղել, և նպատակահարմար չէր արտահերթ նիստ գումարելը, այն ներկայացնում ենք այսօր: Աշխատանքային խումբը շատ լարված է աշխատել, և մենք երկընտրանք ունեինք, երբ նախագահը սահմանում էր ժամկետները: Երկընտրանք առաջին՝ քննարկումների համար հիմնական ժամանակը տրամադրել հենց կառավարությանը, որպեսզի կառավարությունն ակտիվ քաղաքական քննարկումներ կազմակերպի և ձևավորի վերջնականին մոտ փաթեթը՝ նախքան Ազգային ժողով ուղարկելը: Երկրորդ տարբերակը՝ հիմնական շեշտադրումը կատարել Ազգային ժողովում քաղաքական քննարկումների համար: Եվ ես կարծում եմ, որ այս ամենը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սահմանադրությունն ինքնին այս փաթեթի ընդունման համար վերջնաժամկետ էր նախատեսել: Դա 2016թ. հունիսի 1-ն է: Կարծում եմ՝ որոշումը շատ ճիշտ էր կայացված, որ այս նախագծի հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ՝ այնպիսի մարմին, որտեղ քաղաքական ողջ ներկապնակն է ներկայացված, այլ ոչ թե՝ կառավարություն: Այդ իսկ պատճառով է կառավարության համար սահմանվել այդքան սեղմ ժամկետ»,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:

Ներկայացնելով փաթեթի մշակման հիմքում դրված հիմնական սկզբունքները՝ Դ. Հարությունյանն ասաց, որ առաջարկվում է՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի ունենան անուղղակի, այն է՝ համամասնական համակարգով տեղի ունենա ավագանու ձևավորումը: Սա նշանակում է, որ Երևանի մոդելը կգործի նաև այս երկու քաղաքներում:

«Սա առաջին քայլն է, և կարծում եմ՝ հետագայում այս ցանկը կընդլայնվի, սակայն մենք փուլ առ փուլ պետք է գնանք Տեղական ինքնակառավարման մարինների ձևավորման հարցում քաղաքական ուժերի դերակատարության մեծացման ուղղությամբ»,- ասաց Դ. Հարությունյանը: Նա նշեց, որ Ազգային ժողովը պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում. որպես այդպիսին՝ մեծամասնական ընտրություններ Սահմանադրությունն այլևս չի նախատեսում:

Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ձևավորմանը՝ Դ. Հարությունյանն ասաց, որ դրա կարգն արմատապես փոխվել է, այն պետք է ձևավորվի Ազգային ժողովի կողմից. քաղաքական պատշաճ հավասարակշռությունն ապահովելու համար նախատեսվել է, որ ԿԸՀ-ն պետք է ձևավորվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 5/3-ով, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների 60 տոկոսը:

Նրա խոսքով՝ մտցվել են նաև սահմանափակումներ. «ԿԸՀ անդամը, այդ թվում՝ ԿԸՀ նախագահը, չի կարող երկու անգամից ավելի Ազգային ժողովի կողմից ընտրվել հանձնաժողովի կազմում: Սա ևս կարևոր դրույթ է, որը հնարավորություն է ընձեռելու ապահովել պատշաճ ընտրական վարչարարություն՝ ապահովելով մի կողմից՝ առավելագույն արհեստավարժություն, մյուս կողմից՝ պարբերական թարմացում և պատշաճ ներկայացվածություն»:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ փաթեթը մշակելիս՝ արտացոլվել են նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից 2012թ. մայիսյան և 2013թ. փետրվարյան ընտրությունների արդյունքում դիտորդական առաքելության ներկայացրած դիտողություններն ու առաջարկները:

«Սահմանադրությունը մի նոր հասկացություն մտցրեց մեր իրավական մշակույթում, այն է՝ կայուն խորհրդարանական մեծամասնություն: Եթե փորձ է արվում անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, ապա շատ բնական է, որ պետք է արվեր այդ ամենը, որպեսզի հնարավորություն ընձեռվեր երկրում ստեղծել կառավարման պատշաճ հենք, մոդել, և այդ մոդելի հիմքում դրված է եղել կայուն մեծամասնությունը: Թե ի՞նչ է կայուն մեծամասնությունը, Սահմանադրությունը չի սահմանել, այն, բնականաբար, պետք է սահմանվեր այս օրենսգրքում: Մենք առաջարկում ենք կայուն մեծամասնություն համարել Ազգային ժողովի պատգամավորների 54 տոկոսը»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ համամասնական ընտրական համակարգի մոդելները բազմաթիվ են.

«Եթե գնայինք համամասնական ընտրական համակարգի ամենապարզունակ մոդելով՝ այն, որ այսօր մեզանում գործում է (չէ՞ որ 90 պատգամավորներ ընտրվում են համամասնական ընտրական համակարգով), մենք կարող էինք հանդիպել մի այնպիսի լուրջ թերության, պատնեշի, որը շատ տարածված է այլ երկրներում, երբ ընտրողը և ընտրվածն օտարվում են: Պատկերացրեք համամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավորներին: Նրանք չեն ներկայացնում ՀՀ որևէ սպեցիֆիկ հատվածի շահերը: Նրանք ներկայացնում են ամբողջ հանրապետությունը: Աշխատանքային խումբը, որը մշակում էր նախագիծը, իր առջև խնդիր էր դրել մշակել համամասնական այնպիսի մոդել, որը հնարավորություն է ընձեռում մի կողմից՝ ապահովելով համամասնական մոդելի բոլոր առավելությունները, այնուամենայնիվ, երաշխավորել, որ որոշակի տարածքի ընտրողը կիմանա, թե ո՞վ է իր պատգամավորը, ո՞ւմ կարող է նա դիմել, ո՞ւմ կարող է ներկայացնել իր քաղաքական պահանջները, ո՞ւմ միջոցով է նա արտահայտելու իր ձայնը խորհրդարանում: Այս Ընտրական օրենսգիրքը փորձում է լուծում տալ այդ խնդրին: Լուծումը հետևյալն է՝ ՀՀ-ն բաժանվում է 13 ընտրական տարածքների, և յուրաքանչյուր ընտրական տարածքում մասնակից կուսակցությունները ներկայացնում են իրենց ընտրական ցուցակը՝ ընտրական ցուցակ, որը բնորոշ է հենց այդ տարածքին: Թեկնածուն չի կարող ներկայացվել երկու տարբեր տարածքներում, և այս ընտրական տարածքից հստակ պարզ է լինելու, թե որ պատգամավորներն են, ի վերջո, հայտնվելու խորհրդարանում: Իսկ համամասնական մոդելի մյուս մասը՝ բալանսավորումը, համապետական քաղաքականությունն ապահովվում է մեկ այլ սկզբունքի հիման վրա, երբ պատգամավորների 50 տոկոսը ներկայացված է լինելու տարածքներից, իսկ մյուս 50 տոկոսը ներկայացված է լինելու համապետական ցուցակից»:

Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրական մոդելը հնարավորություն է ընձեռելու ժամանակի ընթացքում տարածքներում ևս ձևավորել ուժեղ կուսակցական ներկայացվածություն, ինչը շատ կարևոր է երկրի պատշաճ կառավարման համար:

Նա նշեց, որ մանդատների բաշխումից հետո ուսումնասիրվում է, թե ինչպիսի բաշխում է իրականացվում խորհրդարանում: Եթե որևէ քաղաքական ուժ ստացել է 50 տոկոս +1 ձայն, ուրեմն Ազգային ժողովը ձևավորված է.

«Մենք առաջարկում ենք, որ 50 տոկոս +1 ձայն ստացած կուսակցության ձայներն ավելացվեն մինչև 54 տոկոս, բնականաբար, այն դեպքում, եթե այն չի ստացել ավելի քան 54 տոկոս ձայն: Եթե ստացվել է ավելին, ապա դա պահպանվում է, բայց եթե որևէ կուսակցություն ստացել է 50 տոկոս +1 ձայն, ապա ձայներ ավելացվում են հենց այդ կուսակցության հաշվին, ոչ ի հաշիվ մյուս կուսակցությունների, որպեսզի ընդհանուր առմամբ այդ կուսակցությունը խորհրդարանում ունենա 54 տոկոս ձայն: Եթե, այնուամենայնիվ, որևէ կուսակցություն չի ստացել 50 տոկոս +1 ձայն (ինչը, թերևս, առավել հավանական մոդել է), ապա նախատեսվում է, որ հնարավոր է՝ քաղաքական ուժերը կոալիցիա ձևավորեն: Բայց որպեսզի դա չլինի շատ խայտաբղետ կոալիցիա, առաջարկվում է հետևյալ մոդելը՝ ոչ ավելի, քան երեք ուժ, որոնք խորհրդարանում մանդատներ են ստացել, ձևավորեն կոալիցիա: Եվ եթե այդ կոալիցիան ունի 50 տոկոս +1 ձայն, բայց ոչ ավելի, քան 50 տոկոս, այն ևս ստանում է ձայներ, որպեսզի ապահովվի կայուն խորհրդարանական մեծամասնություն: Եթե կոալիցիա չի ձևավորվում, ապա անցնում ենք երկրորդ փուլին»:

Այս փուլում նոր դաշինքների ձևավորման հնարավորություն է ընձեռվում. առաջին և երկրորդ կուսակցությունների շուրջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ, և, եթե այդ երկու ուժերը որոշեն նոր դաշինք կազմել, ապա հաջորդ, ավելի շատ մանդատ ստացած ուժը կարող է իր շուրջը դաշինք ձևավորել: Նման ցանկացած կոմբինացիա մասնակցում է երկրորդ փուլին, արդյունքում՝ հաղթողը ստանում է խորհրդարանական մեծամասնությունը:

Ապագա խորհրդարանում 4 մանդատ կտրամադրվի ազգային փոքրամասնություններին, նրանք ներկայացվում են քաղաքական ուժերի կողմից:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջնահերթ պետք է ապահովվի էլեկտրոնային գրանցումը: Ընտրողների ցուցակը մասնատվում է բաժինների, տեղադրվում էլեկտրոնային սարքում: Հենց այդ սարքն է անձին հնարավորություն ընձեռում քվեարկելու: Դրա կողմից քվեարկության թույլտվություն ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, սարքն ընթերցում է տեղեկատվությունը, և, եթե պարզվում է, որ այդ անձն ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված է, առաջին անգամ է մուտք արվում նրա փաստաթուղթը, սարքն անձին քվեարկելու թույլտվություն է տալիս, նրան տրամադրում կտրոն, անձը շարունակում է քվեարկությունը: Կանաչ կամ կարմիր լույսով սարքը ցույց է տալիս որոշումը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկվում է յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկ այլ գույնի պատրաստել, ինչն ամփոփման ընթացքում հնարավորություն կընձեռի հասկանալ՝ արդյո՞ք այլ կուսակցության չեն տրվել ձայները: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կան մի շարք նոր լուծումներ, որոնց վերաբերյալ պետք է քաղաքական քննարկում լինի. ծրարի վրա կնիք դնելը փոխարինվում է ծրարը և քվեաթերթիկը դակելով:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողով ներկայացված և այժմ իր կողմից ներկայացվող նախագծերը տարբեր են, բայց հաշվի առնելով ժամկետի սղությունը՝ աշխատանքները պետք է զուգահեռ կատարվեին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջարկեց անհետաձգելի համարել նախագիծը: Դավիթ Հարությունյանն էլ պարզաբանեց, որ անհետաձգելի ճանաչելը ենթադրում է ընդունման եռամսյա ժամկետ, և որևէ մեկն արհեստականորեն չի արագացնելու գործընթացը:

 

Տեսանյութեր

Լրահոս