Բաժիններ՝

Ավելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-ից Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո

Իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայի մարզում մեկշաբաթյա ռեյդի շրջանակներում կասեցրել են միգրացիայի ոլորտում ավելի քան 5300 իրավախախտում, ավելի քան 1500 օտարերկրացի կվտարվի ՌԴ-ից: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Գործողության արդյունքում միգրացիոն ոլորտում կանխարգելվել է 5348 վարչական իրավախախտում: Դատական ​​մարմիններն ավելի քան 1500 որոշում են կայացրել ՌԴ-ի սահմաններից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման վերաբերյալ», – հայտարարությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ «Անօրինական – 2024» օպերատիվ-կանխարգելիչ գործողության առաջին փուլը Մոսկվայի մարզում անցկացվել է հունիսի 3-ից մինչև հունիսի 9-ը։

Ռուսաստանում գտնվելու ռեժիմը խախտելու համար նշված ժամանակաշրջանում ոստիկանները կազմել են ավելի քան 3200 վարչական արձանագրություն, ևս 800-ից ավելի արձանագրություն կազմվել է աշխատանքային գործունեության անօրինական իրականացման համար։

Գործատուների նկատմամբ կազմվել է ավելի քան 500 վարչական արձանագրություն՝ օտարերկրյա քաղաքացիներին ապօրինի աշխատանքի ընդունելու համար:

Նաև 23 քրեական գործ է հարուցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ևս 19 գործ` օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված այլ հանցագործությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս