«Եթե Թուրքիայի դեմ չէ, ԼՂ-ի դեմ չէ, ապա ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը». Դավիթ Շահնազարյան

«Կցանկանայի, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում երկուստեք հավակնություններն էլ ավելի բարձր լինեին»,- այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ նախկին պետ, ներկայումս տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում:

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն առաջին հերթին արժեքային համակարգ է և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն առաջին հերթին անվտանգություն է նշանակում: «Ցանկանում եմ գոհունակություն հայտնել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման կապակցությամբ, վերջին հանդիպումները, գիտեմ, որ Բրյուսելում գոհունակությամբ են ընդունվել, կցանկանայի, որ հավակնություններն էլ ավելի մեծ լինեին, քանի որ համագործակցության դաշտը շատ ավելի մեծ է»,- ասաց Շահնազարյանը: Նա առանձնացրեց երկու կարևոր հանգամանք` ՆԱՏՕ-ն ՀՀ անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, և ՀՀ-ն միայն անվտանգություն սպառող չէ, այլև ապահովող:

Խոսելով Վարշավայի գագաթաժողովի մասին, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ տարածաշրջանային զարգացումներն արագ են ընթանում: Այն, ինչ պետք է սպասել, բանախոսի խոսքով, այն է, որ ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ-ն կընդլայնվի, ապա Հայաստանի հարևան Վրաստանը, չնայած ՆԱՏՕ անդամակցության իր մեծ ցանկության, անդամության ճանապարհային քարտեզ չի ստանա, բայց հատուկ ձևակերպում կլինի Վրաստանի վերաբերյալ, Ուկրաինայի շուրջ ևս լուրջ քննարկումներ կծավալվեն, ինչպես նաև՝ հատուկ բանաձև կլինի:

«Հատկապես այսօրվա նորությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը ևս մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որպես պատճառ նշվում է Ուկրաինան ու Ղրիմը: Այնուամենայնիվ Ուկրաինան գտնվում է մի վիճակում, երբ ներքին մարտահրավերները շատ ավելի մեծ սպառնալիք են, քան արտաքին մարտահրավերները: Շատ կարևոր է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը:

Կարդացեք նաև

Մի փաստաթուղթ հրապարակվեց փետրվարի քսանվեցին, խոսքն այն փաստաթղթի մասին է, որը հրապարակեց Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ուղղված հենց Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ՆԱՏՕ-ի անդամներին և ժողովուրդներին, ՆԱՏՕ-ի գործընկերներին: Կարծում եմ, որ սա ինչ-որ իմաստով ԱՄՆ դիրքորոշումն է՝ կապված Վարշավայի գագաթաժողովում ընդունվելիք որոշումների հետ: Ավելի քան վստահ եմ, որ ՆԱՏՕ անդամ երկրների նախարարները դեռ չունեն նույնիսկ նախագծերն այն բանաձևի, որը կլինի Վարշավայում Սիրիայի և նրա շուրջ իրադարձությունների վերաբերյալ: Զինադադարը ֆորմալ իմաստով կա, մյուս կողմից՝ Ռուսաստանը մեղադրում Թուրքիային զինադադարը խախտելու մեջ, Թուրքիան վայելում է մուս երկրների աջակցությունը: Հատկանշական է նաև այն, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքվեց գործարք, որ ԱՄՆ-ը վաճառելու է Թուրքիային խելացի ռումբեր, ուստի ես մեծ լավատես չեմ, որ հրադադարը երկարատև է լինելու: Մինչև հուլիսի 8-ը շատ մեծ ժամանակաշրջան է, և իրադարձությունները կարող են էապես փոխվել»,- մեկնաբանեց Շահնազարյանը:

Նա նաև «տարօրինակ» որակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի վերջերս արած հայտարարությունը՝ կապված ՀՀ-ում գտնվող ռուսական ուժի դերի հետ: «Բորդյուժան նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը Թուրքիայի դեմ չէ, այլ ուղղված է տարածաշրջանի կայունության ապահովմանը: Բազմիցս հայտարարվել էր նաև, որ որևէ կապ չի ունենալու ԼՂ հակամարտության հետ: Եթե Թուրքիայի դեմ չէ, ԼՂ-ի դեմ չէ, ապա ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը, սա հռետորական հարց է, մյուս հռետորական հարցը` արդյո՞ք դա Վրաստանի դեմ չէ, հաջորդ, եթե Թուրքիայի դեմ չէ, ապա արդյո՞ք Հայաստանը չի դառնում թիրախ, եթե Թուրքիա-Ռուսաստան առճակատումը խորանա: Կարծում եմ, որ լարվածության թուլացումը վերջին շաբաթների ընթացքում կապված է նաև ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Ադրբեջանի նոր քաղաքականություն վարելու փորձերի հետ, կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի և ՀՀ-ի նախագահն ԱՄՆ-ում Միջուկային անվտանգության համաժողովին են մասնակցելու, որտեղ հանդիպման հնարավորությունը չի բացառվում, բայց կա վտանգը, որը շարունակվում է»,- նշեց Դավիթ Շահանզարյանը:

Վերլուծաբանն անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի երեկ արած հայտարարությանը, որ պետք է ավելացնել ՀՀ արտաքին անվտանգությունը: «Սա չափազանց կարևոր է, բազմաթիվ խնդիրներ կան, որ այստեղ կարելի է լուծել, կառանձնացնեի երկուսը` հավասարակշռել հարաբերությունները ՌԴ-ի հետ, դարձնել դրանք գործընկերային, հատկապես մեծ անհանգստություն էր, երբ ՀՀ-ն, խախտելով զենքի տասներորդ հոդվածը, հրապարակեց զինատեսակների ցանկը: Երկրորդը` էլ ավելի սերտացնել հարաբերություններն Ուկրաինայի հետ, փոխադարձ վստահության նոր մակարդակ ստեղծել: Վստահություն եմ ուզում հայտնել, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Վարշավայում»,- նման հույս հայտնեց Դավիթ Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս