«Սա մարտահրավեր է բոլորիս՝ թե՛ իշխանականներին, թե՛ ընդդիմադիրներին». Արծվիկ Մինասյան

Այսօր «Մեդիա կենտրոնում» ամփոփվեցին Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները: «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի խոսքով՝ այս անգամ բացառիկ ցուցանիշ է գրանցվել՝ արտահերթ նստաշրջանների ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան հերթական քառօրյաների ընթացքում.

«112 օրենքից 90-ն ընդունվել է արտահերթերի ընթացքում: Սա մեր ամենահիմնական ու բուն ահազանգն է: Այս նստաշրջանի ընթացքում 18 համաձայնագրեր են վավերացվել, դրանցից 14-ը ևս ընդունվել են արտահերթերի ընթացքում: Այս նստաշրջանում 5 պատգամավոր բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից՝ Գագիկ Ծառուկյան, Հայկ Խաչատրյան, Վարդան Օսկանյան, Կարո Կարապետյան և Աշոտ Աղաբաբյան, բայց ԱԺ նախագահի կողմից գրանցված բացակայությունների կեսից ավելին հարգելի է համարվել»:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ խորհրդարանի մասնակցությունը եղել է սիմվոլիկ. «Հնարավորինս սահմանափակված է եղել հենց նախագծման փուլում ինստիտուցիոնալ առումով խորհրդարանի մասնակցությունը և հանդես է բերվել քննարկումների ժամանակ շտապողականություն, և այս իմաստով խորհրդարանականները հնարավորություն չեն ունեցել լիարժեքորեն քննարկել ներկայացված նախագիծը»: Նրա խոսքով, ըստ արդյունքների՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վստահություն չի վայելում ոչ հասարակական շրջանակների, ոչ էլ պառլամենտականների կողմից:

Հանդիպմանը ներկա ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա իր վերջին խոսքն է մոնիտորինգի այս գումարման շրջանակներում, և հաջողություն մաղթեց իր գործընկերներին. «Մենք կաշխատենք տարբեր կարգավիճակներով, բայց նույն ջանասիրությամբ»:

Անդրադառնալով զեկույցում արծարծված խնդիրներին՝ նա նշեց, որ դրանց համատեքստում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր պատգամավոր՝ թե ընդդիմադիր, թե իշխանության ներկայացուցիչ, միշտ իմանա, որ իր առաջարկները պետք է մինչև վերջ տանի.

«Այստեղ արձանագրված խնդիրների պատճառներից է այն, որ պատգամավորների մի զգալի հատված առաջարկություններ է ներկայացնում ուղղակի ներկայացնելու համար, հանրությանն ավելի հաճելի լինելու համար, բայց ոչ՝ հետևողական, մինչև վերջ տանելու համար, արդյունքում՝ երբ դիմադրության ես արժանանում, պայքարի այլ ձև չի մնում, քան բոյկոտն ու հայտարարությունը: Սա մարտահրավեր է բոլորիս՝ թե իշխանականներին, թե ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրությամբ ընդունված նոր կանոնակարգերն այս հարցին վերջնական լուծում տան, արդյունք ունենան: Որպես իշխանական դաշինք ներկայացնող անձ՝ ես կարծում եմ, որ մեծ անելիք ունենք մենք՝ իբրև իշխանություն, այս հարթության մեջ ավելի ճիշտ կանոնակարգումներ իրականացնելու: Շատ եմ կարևորում այս աշխատանքի հետագա ընթացքը, նոր որակական ցուցանիշների ներմուծումը պառլամենտում»:

Տեսանյութեր

Լրահոս