Բաժիններ՝

Արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է

Կառավարությանը քննադատելն ամենահեշտ գործն է։ Չկա այնպիսի կառավարություն, որն այս առումով խոցելի չլինի։

Իսկ երբ խոսքը Հայաստանի կառավարությանն է վերաբերում, ապա բավական է նորմալ ուսումնասիրել Ազգային վիճակագրական ծառայության պարբերական զեկույցներից մեկը. դա բավարար կլինի 1 ամիս շարունակ բացթողումների ու խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Մինչև հաջորդ զեկույցի դուրս գալը։

Տնտեսական ակտիվության ա՞ճ՝ դա ծիծաղելի է, ոչ ոք դրա ազդեցությունը չի զգում։ Ինչպե՞ս կարող է տնտեսությունն աճել, իսկ առևտրաշրջանառությունը՝ նվազել։ Չէ՞ որ, ըստ վիճակագրության՝ ներքին առևտրի ծավալը նվազել է։ Արդյունաբերության ա՞ճ։ Զավեշտ է, ոչ մի աճ չկա, հանքերն ենք ինտենսիվ շահագործել։ Վիճակագրությունը դրա ապացույցն էլ ունի։ Մի խոսքով, քննադատության համար թեման անսպառ է։ Կարելի է մի քանի համոզիչ կետ թվարկել ու ասել՝ լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում։ Կամ ավելի կատեգորիկ՝ ընդհանրապես չեք աշխատում։ Ապացույցը ձեր աշխատանքի արդյունքն է, որի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։

Այսինքն՝ մենք հավատում ենք պաշտոնական վիճակագրությանը, եթե թվերը վատն են, անկումային, իսկ հակառակ պարագայում… Գյուղատնտեսությունն աճե՞լ է՝ թիվ են նկարել։ Ներդրումներն աճե՞լ են՝ սուտ է։ Աշխատավարձն աճել է, գները նվազե՞լ՝ չենք զգում, հեքիաթ է։ Մենք հավատում ենք վատին։ Ու ուրախությամբ տիրաժավորում ենք վատն ու բացասականը, քանի որ կառավարությանը քննադատելը ոչ միայն հեշտ է, այլև ականջահաճո։

Սակայն եկեք խոստովանենք. եթե ԱՎԾ-ում որոշեին մեզ լրջորեն մոլորեցնել, ապա այնպես կնկարեին, որ թվերը մեկը մյուսի հետ «խոսեին»: Մի քիչ սխալ չէ՞, երբ նույն փաստաթղթում նշված 5.1% տնտեսական ակտիվության աճին չենք հավատում, սակայն մի քանի տող ներքևում նշված ներքին առևտրի շրջանառության անկումային ցուցանիշին հավատում ենք ու տնտեսական բլոկի պատասխանատուների «աչքը մտցնում» այն։ Անգամ, եթե ընդունում ենք, որ աճն իրական է, դժգոհում ենք՝ չէ՞ որ այն կարող էր ավելի բարձր լինել։

Դժգոհելն ու քննադատելը մեր իրավունքն է։ Սակայն եկեք հենց այնպես, հետաքրքրության համար, փորձենք նաև մյուս թվերին էլ հավատալ, հիմնվել դրանց վրա ու դատողություններ անել։ Ի՞նչ կստացվի։

Նախ, չնայած կանխատեսումներին՝ 2015 թվականը փակվեց աճով։ Ճիշտ է, ՀՆԱ աճի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, սակայն պարզ է, որ այն կլինի 3%-ի սահմաններում։ Դա վատ չէ, եթե հաշվի առնենք, որ գրեթե բոլոր միջազգային կառույցներն անկում էին կանխատեսում, իսկ լավագույն դեպքում՝ զրոյական աճ։

Կստացվի, որ չնայած դժվարություններին ու բացասական արտաքին ազդակներին՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2015 թվականին ամբողջությամբ կատարվեցին։ Ճիշտ է, տնտեսական վիճակը թույլ չտվեց թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, սակայն դրանց վճարումն ընթացավ նորմալ հունով, ուշացումներ չեղան։

Կասեք, որ պարտքն ենք մեծացրել, պարտքի շնորհիվ է, որ բյուջեն կատարվեց։ 5 մլրդ դոլարից ավելի պարտք ունենք արդեն։ Ճիշտ է։ Սակայն նաև պետք է ասեք, որ միջազգային կառույցները շարունակեցին ու շարունակում են մեզ վարկունակ համարել, ֆինանսավորել։ Ճիշտ է, պարտքի մեծացումը՝ որպես այդպիսին, դրական բան չէ, սակայն այս պայմաններում՝ իրավիճակը չձախողելու թերևս միակ տարբերակն է։

ԿԲ-ին և կառավարությանը հաջողվեց ապահովել կայուն փոխարժեք 2015 թվականի ընթացքում։

Ասում ենք՝ վատ է, արտահանումն է տուժում, դրամը պետք է արժեզրկվեր։ Իսկ ի՞նչ ունենք արտահանելու, եթե անկեղծ լինենք։

Գնաճի փոխարեն՝ գնանկում ունենք։ Վա՞տ է։ Իհարկե՝ ասում ենք մենք։ Չէ՞ որ գնանկումը լճացման կամ անկման մասին է վկայում։ Իրականում, եթե անկեղծ լինենք, պիտի ընդունենք, որ աշխատավարձերի առաջանցիկ աճն ու չափավոր գնաճը թույլ տվեցին մեղմել սոցիալական լարվածությունը։ Վարձու աշխատողների գնողունակությունն աճեց։

Եթե անկեղծ լինենք, պիտի փաստենք ամենակարևորը՝ մենք չենք «սկել». տնտեսությունը թեպետ դժվար ժամանակներ է ապրում, սակայն պարալիզացված չէ։ Սա քիչ բան չէ։ Տարածաշրջանի և հատկապես՝ ԵՏՄ անդամ մեր գործընկերների հետ համեմատվելիս՝ կստացվի, որ մենք մեզ ավելի լավ ենք դրսևորել։

Ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր բացասական ազդակները կարծես հենց «մեր հագով կարված» լինեն՝ հնարավորինս վնաս պատճառելու համար (մասնավոր դրամական փոխանցումների կտրուկ անկում, մետաղների համաշխարհային գների անկում, Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացում, և այլն):

Մի խոսքով, ամեն ինչ մեր դեմ է։ Դիմակայո՞ւմ ենք։ Կարծես թե՝ այո։

Բայց, իհարկե, պաշտոնական լրահոսից բացի, ուրիշ ոչ մի տեղ նման տեսակետներ չեք կարդա։ Թերևս, դրա կարիքն էլ չկա։

Սակայն արդյո՞ք պետք է ամեն ինչ ծայրահեղացնել և ներկապնակի վրա նկատել միայն սևը։ Դժվար թե։ Միայն վարդագույնն էլ չի կարելի ընտրել ու եղածով գոհանալ։ Եթե մենք ցանկանում ենք հասնել զարգացած երկրներին, ապա մեզ երկնիշ աճ է պետք։ Ընդ որում, առողջ աճ, ոչ թե՝ հիմնված միայն մեկ ճյուղի վրա։ Մեզ պետք է ոչ թե՝ պարզապես աճ, այլ՝ զարգացում։ Բայց…

Բայց, պետք է իրատես լինել ու ասել այն, ինչ կառավարությունը չի ցանկանա ինքն ասել։ Այդ պարզ ու ցավալի ճշմարտությունն այն է, որ Կառավարությունն այսօր ոչ թե զարգացման ու երկնիշ աճի խնդիր է լուծում, այլ՝ տնտեսության կոլապս թույլ չտալու։ Այդպիսի ժամանակներ են։

Մենք հիմա մի փոքր, հնամաշ ու կիսախարխուլ նավի վրա ենք, որը հայտնվել է փոթորկի մեջ։ Իսկ մենք ոչ միայն բողոքում ենք, որ նավը թափահարվում է, այլ նաև՝ որ նավախցում տաք ջուր չկա, ուտելիքն էլ համեղ չէ։ «Մուննաթ» ենք գալիս անձնակազմի ու նավավարի վրա (ում այնքան էլ չենք հավանում)՝ հաշվի չառնելով, որ նրա խնդիրն այս պահին նավը ջրի վրա պահելն ու չխորտակվելն է։ Դա նրան դեռ հաջողվում է։ Իսկ դա քիչ բան չէ, եթե հաշվի առնենք, որ փոթորիկը գնալով կատաղում է և արդեն մի քանի նավ կուլ է տվել։ Իհարկե, կարող էինք ավելի մեծ «նավ» ունենալ՝ ավելի ժամանակակից ու հուսալի։ Բայց սա է մեր ունեցածը։ Ինչո՞ւ է սա, ինչո՞ւ 25 տարվա մեջ նորմալ «նավ» ձեռք չենք բերել՝ արդեն այլ հարց է, որի մասին ժամանակին էր պետք մտածել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս