Բաժիններ՝

Քրիստինեն հիշում է Տիգրանին, ասում է՝ իրենց դոմիկում «էդ տղեն պեչկի վրա կարտոշկա սարքեց» ու…

Asparez.am-ը գրում է. «Քրիստինեն բաց կապույտ աչքեր ունի ու ոսկեգույն մազեր. ճիշտ երկնքի ու արեւի համադրության նման: 8 տարեկան է: Երազում է բժշկուհի դառնալ, որ «սրսկի՝ մարդիկ լավանան». գուցե այն պատճառով, որ տատիկն է հիվանդ: Երկրորդ դասարանում է սովորում, հիմնականում՝ չորսերով: Երազանքների մասին քանի անգամ էլ հարցրի՝ նույն պատասխանը տվեց՝ տիկնիկ ու ծաղիկներով շոր, որ ամռանը հագնի՝ կարուսել գնա:

Քրիստինեն որքան նման, նույնքան էլ տարբեր է իր հասակակիցներից: Հազվադեպ է ժպտում, հայացքը միշտ հարցական է, երբեմն՝ տարակուսած, ու միայ այն պահերին, երբ տուն ունենալու մասին եմ խոսում՝ երկնքի նման բաց կապույտ աչքերը լցվում են անսահման հավատով ու օդում կախվում է արեւագույն մազերով աղջկա թերահավատ հարցը՝ հա՞:

Գյումրու տնակային «Ֆանտաններ» թաղամասում եմ: Քրիստինեն ինձ ուղեցկում է այն վայրը, որտեղ, ինչպես ինքն է ասում՝ «երեկ շատ մարդ կար ու մե մարդըմ էլ կնվագեր…լավ նվագեր…»: Հետո նստում ենք մեկ օր առաջ համերգասրահի վերածված տարածքի ուղիղ կենտրոնում ու միասին հիշում «երեկվա համերգը»:

1-Hamasyan-Qristine

2016 թվական, փետրվարի 27, Գյումրի, տնակային «Ֆանտաններ» թաղամաս, մեկ դաշնամուր, աշխարհահռչակ գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյան ու համերգ՝ ցեխերի մեջ. Գյումրու անօթեւանության խնդիրը նաեւ այսպես էին որոշել բարձրաձայնել երկրաշարժին գրեթե հասակակից գյումրեցի երրիտասարդները: Տիգրանը՝ ի աջակցություն լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ մեկնարկած եւ գյումրեցի անօթեւան 13 ընտանիքների բնակարանով ապահովելու ծրագրի, նվագեց, մեղմ ասած, անսովոր պայմաններում, աշխարհի մեծագույն համերգասրահներից հետո նա ելույթ ունեցավ հայրենի քաղաքի ամենաաղքատ, լքված ու վաղուց արդեն խորտակված ճակատագրերի խառնարան տնակային ավանում, 28 տարիների ընթացքում խեղճացած ու քայքայված երկաթե դոմիկների համապատկերին ու այնտեղ, որտեղ շուրջ երեք տասնամյակ խտացած է պետության ամոթն ու անտարբերությունը, այնտեղ, ուր թվում է՝ ժամանակը կանգ է առել ու կորել է հավատը…

3-7

«Ֆանտաններ»-ը երբեք այդքան մարդաշատ չէր եղել: Այնտեղ հավաքված մարդկանցից շատերը՝ չի բացառվում, որ առաջին անգամ էին սեփական մաշկի վրա զգում այն, ինչի մասին այս էլ 28 տարի խոսում են այս քաղաքի բնակիչները: Այդտեղ հավաքված մարդկանցից յուրաքանչյուրը Համասյանի համերգից հետո, վստահաբար, որոշեց ավելի մեծ ջանքեր գործադրել՝ Գյումրու դիմագծից տնակային ավանների թողած կնճիռը մեկընդմիշտ վերցնելու համար: Վկան՝ բոլոր այն փոքր ու մեծ նախաձեռնությունները, դրամահավաքներն ու համերգները, ինքնաբուխ ակցիաներն ու նվիրատությունները, որ հաջորդեցին աշխարհին հայտնի գյումրեցու՝ Տիգրան Համասյանի համերգին:

-Թե պետք լինի՝ նորից կգամ, երբ պետք լինի՝ էլի կնվագեմ. ամոթ է, որ այս մարդիկ այսպես են ապրում,-ասաց Տիգրանն համերգից հետո ու բոլոր մնացած հարցերին սպառիչ պատասխանեց,-Գյումրին իմ ծննդավայրն է:

2-Tigran-Hamasyan

Քրիստինեն հիշում է Տիգրանին, ասում է՝ իրենց դոմիկում «էդ տղեն պեչկի վրա կարտոշկա սարքեց» ու անպայման նշում՝ համո՜վ էր: Քրիստինեի համար, իհարկե, Տիգրան Համասյանի ներկայությունն իրենց տնակում գուցե արտառոց չէ այնքան, որքան մեզ համար: Քրիստինեն գուցե հետո՝ տարիներ անց, երբ մեծացած կլինի ու բժշկուհի դարձած՝ կհիշի 2016-ի փետրվարի 27-ն ու «էն տղուն», ով իրենց տնակում կարտոֆիլ էր խորովել: Այդ ժամանակ, իհարկե, երկնագույն աչքերով բժշկուհին կճանաչի Տիգրան Համասյանին ու կհասկանա իր տնակի բակում կատարվածի ողջ կարեւորությունը:

Բայց մինչ այդ ու հրաժեշտից առաջ նրան հարցրի՝ ի՞նչ է երջանկությունը: Երկար չմտածեց, նայեց վերեւ ու ասաց՝ արեւ: Ու որպեսզի հավատամ, խնդրեց՝ ես էլ նույն անեմ. երկինքն ու արեւը Քրիստինեի աչքերի ու մազերի գույնն ունեին ու թվում էր՝ օդում դեռ կարելի էր որսալ համասյանական մոգական երաժշտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս