Բաժիններ՝

«Ամերիկյան կրթական համակարգն իր բնույթով կարծրատիպային չէ»

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում այս անգամ ներկայացնում ենք մի պատմություն, որը տարբերվում է շարքի մյուս պատմություններից՝ այն իմաստով, որ մեր հերոսուհին ունի բավականին մեծ կրթական և աշխատանքային փորձ: Այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում սովորող Անահիտ Մանասյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական տարիներից։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։ Ներկայումս ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդականն է և դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուներին։

Հեղինակ և համահեղինակ է երեք մենագրությունների, մեկ ուսումնական ձեռնարկի, ինչպես նաև՝ շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են հայաստանյան և արտասահմանյան միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում: 2012թ. ստաժավորում է անցել Հունգարիայի Սահմանադրական դատարանում, 2013թ. վերապատրաստվել է Գերմանիայում։ Պարբերաբար դասախոսություններ է կարդում և ելույթներով է հանդես գալիս արտասահմանյան տարբեր բուհերում: Որպես փորձագետ՝ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով, և այլն) կողմից սահմանադրական իրավունքին առնչվող տարատեսակ հարցերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման գործընթացներին։

Anahit Mansyan (5) Anahit Mansyan (1)

Կարդացեք նաև

«Աշխատանքային կենսագրությունս փորձել եմ այնպես կառուցել, որպեսզի հնարավորություն ունենամ հավասարապես ներգրավված լինել ինչպես՝ գիտական գործունեության մեջ, այնպես էլ՝ պրակտիկայում։ Այսօր արդեն կարող եմ փաստել, որ դա ինձ, թերևս, հաջողվել է։ Այդ հանգամանքը համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը, քանի որ դա հնարավորություն է տալիս ոչ միայն մասնագիտական հարցերը, այլև աշխարհն ընդհանուր առմամբ դիտարկել տարատեսակ, երբեմն՝ նաև հակադիր դիտակետերից, ու, բնականաբար, առավել ամբողջական պատկերացում ունենալ հիշյալ հարցերի առնչությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ, կարծում է՝ կյանքում որևէ բան, այդ թվում՝ կրթություն ստանալը, աշխատանք ունենալը, և այլն, չպետք է ինքնանպատակ լինի:

«Դրանց հիմնական խնդիրը պետք է լինի անձին լիարժեք ինքնադրսևորվելու ու ներդաշնակ ապրելու հնարավորություն ընձեռելը։ Իսկ դա ենթադրում է, որ անընդհատ պետք է գտնվես որոնումների, նորը գտնելու ու զարգացման վիճակում՝ անկախ կյանքի կոնկրետ փուլում ունեցած ձեռքբերումներից։ Ես մշտապես առաջնորդվում եմ այդ սկզբունքով: Այդ էր պատճառը, որ անցյալ տարի որոշում կայացրի ուսանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում»,- ասաց նա։

Anahit Mansyan (6) Anahit Manasyan1

Մեր զրուցակցի խոսքով՝ ցանկացած միջավայր ունի իր առանձնահատկությունները, և կրթական համակարգերն էլ այդ առումով բացառություն չեն կազմում: Այդ տեսանկյունից նա նշում է, որ ամերիկյան և հայկական բուհական համակարգերը չեն կարող նույնական լինել ու առանցքային գծերով տարբերվում են միմյանցից. «Չեմ ցանկանա առանձնահատկություններն ըստ կարևորության աստիճանի դասակարգել, բայց դրանցից մի քանիսը կնշեմ: Կարծում եմ, որ ամերիկյան կրթական համակարգի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չի սահմանափակվում ուսանողին բացառապես տեսական գիտելիքներ տրամադրելով, այլ լուրջ շեշտադրում է կատարում ստացած գիտելիքները պրակտիկայում կիրառելու հմտությունների վրա։ Դա չափազանց կարևոր է՝ լուրջ ու աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից։

Կարծում եմ, որ բուհական կրթության կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի նաև ուսանողի մոտ ինքնուրույն մտածելու, վերլուծելու, երևույթները գնահատելու և արդյունքում՝ դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելու հմտություններ ձևավորելու հանգամանքը, ինչն ամերիկյան կրթության հիմնաքարերից է։ Կարևոր է և այն, որ ամերիկյան կրթական համակարգն իր բնույթով կարծրատիպային չէ, և հնարավորություն է տալիս ողջամիտ քննադատության ենթարկել գոյություն ունեցող տեսակետները»։

Միևնույն ժամանակ՝ որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, իսկ այժմ էլ՝ հիշյալ ֆակուլտետում դասավանդող դասախոս, հպարտությամբ նշեց, որ իրենց ֆակուլտետում հաջողվել է ձևավորել այնպիսի կրթական համակարգ և միջավայր, որն ուսանողներին ընձեռում է իր կողմից վերը հիշատակված հնարավորությունները. «Եվ համոզված եմ, որ այդ համակարգի զարգացումը շարունակական բնույթ կկրի: Կա մի կարևոր հանգամանք, որն անկասկած անհրաժեշտ է հաշվի առնել. կրթական համակարգը ոչ թե զուտ այս կամ այն առանձնահատկությունների հանրագումար է, այլ ընդհանուր միջավայր։ Իսկ կայացած կրթական միջավայրի մասնակից դառնալն անկասկած մեծապես նպաստում է ինչպես՝ անհատական հատկանիշների, այնպես էլ՝ մասնագիտական զարգացմանը։ Կարծում եմ, որ մեր կրթական համակարգի համար առաջնահերթ պետք է լինի նման միջավայրի ձևավորումն ու զարգացումը։ Արդեն նշեցի, որ մեզ մոտ նման հաջող փորձեր կատարվում են։ Համոզված եմ, որ դրանց՝ շարունակական բնույթ կրելու դեպքում, հնարավորություն կունենանք կայացած կրթական միջավայր ձևավորել նաև հայաստանյան կրթական համակարգում»։

Anahit Manasyan12

Հետաքրքրվեցինք նաև մասնագիտական առումով եղած տարբերություններով, սակայն մեր զրուցակիցը չցանկացավ որակական գնահատականներ տալ երկու կրթական համակարգերին, քանզի, ըստ նրա՝ դրանցից յուրաքանչյուրն էլ պատշաճ գիտելիքներ է տալիս համապատասխան բնագավառների առնչությամբ. «Միևնույն ժամանակ՝ կարևոր է փաստել, որ նոր դիտակետերից մասնագիտական հարցերին մոտենալը չափազանց կարևոր նշանակություն է ունենում անձի մասնագիտական զարգացման տեսանկյունից։ Հետևաբար, ոչ միայն անձի մասնագիտական, այլև ընդհանուր առմամբ կրթական համակարգի զարգացմանը նպաստելու տեսանկյունից՝ ուսումնական նման ծրագրերին մասնակցությունն ունի բացառիկ կարևորություն»։

168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է այնտեղ կազմակերպվում ուսանողի առօրյան, ինչո՞վ են զբաղվում: «Ամերիկյան կրթության կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ուսանողի առօրյան բավականին հագեցած է։ Բացի դասերից, չափազանց շատ են ինչպես՝ տարատեսակ մասնագիտական միջոցառումները՝ քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, և այլն, այնպես էլ՝ ժամանցային միջոցառումները։ Դա ուսանողին տալիս է նաև ժամանակի կառավարման լուրջ հմտություններ, ինչը ես համարում եմ ամերիկյան կրթության կարևորագույն առանձնահատկություններից մեկը»,- պատասխանեց նա:

Մեր զրուցակիցի կարծիքով՝ իր երկրից դուրս սովորելն ուսանողին առաջին հերթին՝ հնարավորություն է տալիս զարգացնելու և ընդլայնելու աշխարհայացքը. «Այլ բան է, երբ ապրում ու սովորում ես հայրենիքում, կենցաղդ ու շփումներդ կազմակերպում քեզ համար ծանոթ միջավայրում, ու բոլորովին այլ բան՝ երբ, բացի ուսումնական ծանրաբեռնված առօրյայից, փորձում ես ինտեգրվել նոր միջավայր, կենցաղդ ու շփումներդ կազմակերպել՝ քեզ համար նոր իրավիճակին համապատասխան։ Դա իրականում ընդլայնում է աշխարհայացքը, որոշակիորեն փոխում երևույթները գնահատելու դիտակետերը ու, անկասկած, զարգացնում է քեզ՝ որպես անհատ:

Anahit Mansyan (2)

Բնականաբար, նոր միջավայրը միշտ էլ հիշեցնում է, որ քեզ համար սովոր նախկին միջավայրում չես։ Համապատասխանաբար, նաև ուսման ընթացքում ես զգում, որ հայրենիքում չես գտնվում։ Ամեն դեպքում, երբ ուսումնական գործընթացն ու առօրյան ճիշտ ես կազմակերպում, նոր միջավայրն էլ սկսում է հարազատ ու ջերմ դառնալ քեզ համար։ Ես, համենայն դեպս, ուսման ընթացքում փորձում եմ իմ առօրյան այդ սկզբունքով կառուցել, և դա ինձ, կարծես, հաջողվում է»:

Անահիտը նշում է, որ օտարազգի ուսանողների հետ շփումն առաջին հերթին՝ հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր ընկերներ, «ծանոթանալ մասնագիտական ու առօրյա հարցերի առնչությամբ նրանց ունեցած ու հաճախ՝ մեր տեսակետներից տարբերվող տեսակետներին». «Կարծում եմ՝ դա ևս չափազանց կարևոր է անձի աշխարհայացքի ու մասնագիտական զարգացման տեսանկյունից»:

Anahit Mansyan (3)

Վերջում փորձեցինք պարզել, թե վերադառնալուց հետո Անահիտն ինչո՞վ է զբաղվելու, ի՞նչ նպատակներ ունի:

«Անկեղծ ասած, իմ հիմնական նպատակը երբեք նյութականացված չի եղել։ Այն այդպիսին էլ շարունակում է մնալ, քանզի որպես հիմնական նպատակ՝ կյանքում շարունակում եմ պահպանել ներդաշնակ ապրելու ձգտումը։ Մնացած ամեն ինչ, այդ թվում՝ այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել եմ և ունեմ կյանքում, ինձ համար միշտ եղել են միջոց՝ այդ վիճակում գտնվելու համար։ Իմ աշխատանքային գործունեության բոլոր բնագավառներն ինձ ընձեռում են նման հնարավորություն։ Հետևաբար՝ Հայաստան վերադառնալուց հետո շարունակելու եմ գործունեությունս թե՛ կրթական, թե՛ պետական համակարգում, և, անկասկած, շարունակելու եմ զբաղվել նաև գիտական հետազոտություններով՝ բնականաբար, փորձելով ներդնել ստացածս գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում հիշյալ բնագավառների զարգացման գործում»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս