Բաժիններ՝

Տեղի ունեցավ հայ որբերի ամառային ճամբարի մասին պատմող ֆիլմի փակ ցուցադրությունը

Նախօրեին «Ակումբ» ռեստորանում (The Club) տեղի ունեցավ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի Հայոց ցեղասպանության հետևանքների մասին պատմող «Մեր Ատլանտիդան» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությանը, որից հետո 168.am-ը զրուցեց ֆիլմի նկարահանող խմբի անդամներից ռեժիսոր Արթուր Սուքիասյանի և օպերատոր Թամամ Համզայի հետ:

«Մեր Ատլանտիդան» եռակողմ երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի, համատեղ կինոարտադրություն է, որը պատմում է Պոլսի հայկական ճամբարի մասին: Այն կառուցվել է 1960-ական թվականներին, Ցեղասպանությունից հետո որբացած հայերի ջանքերով: Թուրքական իշխանություների կողմից բռնազավթված, ապա արդեն բոլորովին վերջերս նորից հայկական հիմնադրամին վերադարձված ճամբարն ունեցել է նաև հայտնի բնակիչներ: Այդ ճամբարում են ապրել «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր, թուրքական դավադիր ուժերի կողմից սպանված հայտնի լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքը, նրա կինը՝ Ռաքել Դինքը, և ուրիշներ: Ճամբարի բռնազավթումից հետո, տարիների ընթացքում հարյուրավոր հայ բնակիչներ տեղափոխվել են ապրելու աշխարհի տարբեր երկրներ: Նրանից ոմանք շարունակում են ապրել ժամանակակից Թուրքիայում:

12768242_10204070208314205_1784139428598679183_o 12747399_10204070208114200_7674482553274447833_o

Ֆիլմում արդեն երեք տասնամյակ անց ճամբարի հնաբնակները հիշում են իրենց անցյալը՝ փորձելով պահպանել անցած տարիների հետ կապող հիշողության յուրաքանչյուր բարակ թել: Ֆիլմում ճամբարում ապրած տարիների ֆոնին ներկայացվում են հերոսների անձնական կյանքի պատմությունները: Դրանք հուզիչ են, տեղ-տեղ՝ նույնիսկ ցավ հիշեցնող պատմական անարդարության վերապրումներով:

Կարդացեք նաև

Հայ որբերի ամառային ճամբարի մասին պատմող ֆիլմի անվանումը՝ «Մեր Ատլանտիդան», վերցված է Հրանտ Դինքի հոդվածից, որն առնչություն ունի Հայկական հարցին և որտեղ հոդվածագիրն անդրադարձել է նաև Պոլսի ճամբարի կյանքին, մասնավորապես, նշելով. «Ճամբարը մեր տունն էր, մեր ամեն ինչը, մեր Ատլանտիդան…»:

12795344_10204070207794192_2817811476804749292_n 12792177_10204070208474209_1345994794124255000_o

Ռեժիսոր Արթուր Սուքիասյանն իր առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմի՝ «Մեր Ատլանտիդայի» մասին զրուցեց 168.am-ի հետ:

–  Արթուր, որտեղի՞ց եք իմացել այս ճամբարի պատմության մասին:

– Տարիներ առաջ, երբ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Ստամբուլում մասնակցում էինք հայ-թուրքական կինոպլատֆորմին: Ես մի նախագիծ ունեի, որ ներկայացրեցի այնտեղ՝ «Աղավնիների վարպետը», որը Գյումրիում և Կարսում ապրող հայ և թուրք երկու աղավնի պահողների մասին էր: Այնտեղ հանդիպեցի Կարապետին, ով իր նախագիծն էր ներկայացրել՝ ճամբարի մասին պատմող ֆիլմ նկարահանելու նպատակով: Այդ նախագծում պատմությունը մի քիչ սեղմ էր՝ Կարապետի և իր քրոջ պատմությունն էր միայն, թե ինչպես շատ փոքր տարիներից կորցրել էին իրար և այս ճամբարում տարիներ անց, շատ պատահաբար գտան իրար: Ինձ հրավիրեցին նկարելու այդ թեմայով կարճամետրաժ ֆիլմը, որից հետո ես հասկացա, որ այս ճամբարի պատմության ներսում շատ ավելի մեծ իրականություն է թաքնված, որը պետք է ամբողջությամբ վերհանել: Ինձ այդ պատմությունը շատ հետաքրքիր թվաց, հետո հասկացա, որ չեմ սխալվել:

– Թուրքական կողմի հետ համագործակցությունն ինչպե՞ս դասավորվեց, խոչընդոտներ չկայի՞ն՝ թեմայի հայկականության հետ կապված:

Թամամ Համզա.- Խոչընդոտներ չեղան: Անշուշտ, իրենք իմացած կլինեին, որ մենք այնտեղ՝ նաև ճամբարի տարածքում, ֆիլմ ենք նկարում, որը պատմում է հենց այդ ճամբարի պատմության մասին, բայց որևէ խոչընդոտ կամ արգելքներ չեն եղել իրենց կողմից, ոչ մի տեսակի:

Արթուր Սուքիասյան. – Բացի այն, որ ճամբարի այգում նկարահանումներ անելուց եղան որոշակի խնդիրներ՝ ոչ թե մեզ հետ կապված, այլ առհասարակ՝ այդ տարածքում նկարահանումների արգելման հանգամանքով պայմանավորված… Պարզապես այդ ժամանակահատվածում, երբ մենք իրականացնում էինք մեր նկարահանումները, ճամբարի տարածքը համարվում էր մասնավոր սեփականություն:

– Իսկ հիմա՞:

– Հիմա արդեն, ի ուրախություն մեզ և ճամբարի նախկին բնակիչների, այն վերադարձվել է հիմնադիրներին՝ «Գեդիկփաշայի ավետարանական եկեղեցու» հիմադրամին՝ հայերին: Տարիների պայքարից հետո նրանք սեփականության իրավունքով հետ են վերադարձրել այդ ճամբարը և հիմա նույնիսկ այն «Հրանտ Դինք» հիմնադրամի, «Գեդիկփաշայի ավետարանական եկեղեցու» հիմադրամի և էլի մի քանի այլ ընկերությունների համատեղ գործունեությամբ վերածվելու է միջազգային ճամբարի: Այն նորից ծառայելու է իր սկզբնական նպատակին, և դա, ինչպես նկատեցիք ֆիլմում, բոլորի երազանքն էր: Ժամանակին այս նպատակի համար պայքարել է նույնիսկ Հրանտ Դինքը, ով առաջարկում էր՝ ճամբարը բաց երկնքի տակ, անձրև ու արևի տակ բարձիթողի պահելու փոխարեն՝ հետ վերադարձնեն հիմնադիր հայերին՝ վերանորոգելու և կրկին իր հիմնական նպատակին ծառայեցնելու համար:

– Ինչպես հասկացա ֆիլմից, որոշ ճամբարականներ նույնիսկ հրաժարվել են նկարահանվել ֆիլմում: Ինչո՞վ էր պայմանավորված նրանց այդ մոտեցումը:

– Հրաժարվող միայն մի ճամբարական է եղել, ի դեպ, այդ ճամբարի ամենաերկարակյացը, ով այնտեղ նույնիսկ դասավանդել էր: Նա հրաժարվեց նկարահանումներց մեկ օր առաջ, հենց նախօրեին՝ բացատրելով իր այդ որոշումը մեծ հուզմունքով: Նա ներողություն խնդրեց մեզնից՝ բացատրելով, որ չի կարող նորից վերապրել այդ ողջ պատմությունը՝ գիտակցելով, որ այդ ճամբարը տարիներ շարունակ լքված է և այլևս վաղուց չի պատկանում հիմնադիրներին:

– Հայկական կողմն ի՞նչ մասնակցություն է ունեցել՝ ֆիլմի նկարահանումների հետ կապված:

– Հայկական կողմից համագործակցել ենք Ազգային կինոկենտրոնի, «Ոսկե Ծիրանի» հետ, իսկ ֆիլմի ավարտին, երբ արդեն պատրաստ էր միջազգային տարբերակը, համագործակցել ենք «Հայկ» կինոստուդիայի հետ:

– Բացի հայերենից, քանի՞ լեզվով է ներկայացվել այս ֆիլմը:

– Ֆրանսերեն և անգլերեն տիտրերով:

– Ի՞նչ փառատոների է մասնակցել «Մեր Ատլանտիդան»:

– Օրերս մեզ տեղեկացրեցին, որ այսօր ֆիլմը ցուցադրվելու է գերմանական Կարլսրուհե քաղաքում, մինչև այդ ֆիլմը մասնակցել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնում, Կառլովի Վարիում, «Նիոնի» միջազգային կինոփառատոնում, «Ոսկե Ծիրանում», Տորոնտոյում, լոնդոնյան՝ «Նավասարդյան» արվեստի կենտրոնում, գերմանական «Լյուդվիգ» թանգարանում, և այլուր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս