170 միլիոնանոց փուչիկի հերթական պայթյունը
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը երեկ պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված Եվրասիական տնտեսական միության երկրներից ավտոմեքենա ներմուծելու ժամանակ վճարվող ԱԱՀ-ի հետ։
Հիշեցնենք, որ ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, թե Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս Հայաստանը 20% ԱԱՀ է գանձում, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ դա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին։
Իհարկե, Վալովայային մտահոգում էր ոչ թե Հայաստանի շարքային քաղաքացիների խնդիրը, ովքեր բավականին մեծ գումար են մուծում մաքսազերծման համար, այլ այն, որ ԵՏՄ-ից ավտոմեքենաների հոսքը Հայաստան կարող էր ավելի մեծ լինել։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները խոչընդոտում են ԵՏՄ-ից Հայաստան արտահանմանը։
Դրանից մեկ շաբաթ անց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ հարցում որևէ շեղում կամ բացթողում ՀՀ-ն չի ունեցել, ամեն ինչ արվել է՝ պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան։
Այնուհետև թեմայի շուրջ բավականին ծավալուն մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։
Վախթանգ Միրումյանը երեկ կարծես թե վերջակետ է դրել այս թնջուկին։ Նա հայտարարել է, որ գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ։ Սակայն, նրա տեղեկացմամբ, 2017թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին, քանի որ մինչև 2017 թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել։
Թվում է՝ հարցը սրանով փակվեց, սակայն դրա տակ կար ավելի խորը շերտ։ Այն է՝ ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները, որոնք թաքցնելը գնալով դառնում է ավելի դժվար։
Խոսքն այն մասին չէ, որ ԵՏՄ գլխավոր խաղացողի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակի վատթարացումը մենք բավականին խորը զգում ենք Հայաստանում՝ տրանսֆերտների նվազման և այլ դրսևորումներով։ Ճիշտ է՝ ԵՏՄ-ին մեր անդամակցությունն ավելի է խորացրել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, սակայն այդ բացասական ազդակները ՀՀ տնտեսությունը զգալու էր, անգամ, եթե այս կառույցին անդամակցած չլինեինք։
Խոսքը վերաբերում է ապրանք-ծառայությունների տեղաշարժի հետ կապված խոչընդոտներին։ Այսինքն՝ եթե ակնկալվում էր, որ անդամակցությունից հետո արտաքին առևտրի հետ կապված բոլոր խոչընդոտները կվերանան, և մեր արտահանողների առջև կբացվի 170 միլիոնանոց շուկան, գործնականում տեղի ունեցավ հակառակը։ Ամեն ինչ խճճվեց, և մեր արտահանողները կանգնեցին լուրջ խնդիրների առաջ։
Պատճառը միայն ռուսական ռուբլու արժեզրկումը չէր, որի հետևանքով մեր արտադրանքն անմրցունակ է դարձել ռուսաստանյան շուկայում։ Ոչ պակաս կարևոր պատճառ էր նաև ԱԱՀ-ի հետ կապված խնդիրը։
Այդ մասին դեռևս մեկ ամիս առաջ խոսել էր Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Վերջինս, որպես առաջին պատճառ՝ նշել էր ռուբլու արժեզրկումը, ինչն էականորեն վնաս է հասցրել հայ գործարարներին։ Tert.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ հարկային մարմինները պահանջում են արտահանողներից ներկայացնել փաստաթուղթ, ինչը կվկայի այն մասին, որ իրենցից ապրանք գնած արտասահմանյան ընկերությունն ապրանքը գնելուց հետո վճարել է ԱԱՀ-ն։
«Մենք ժամանակին նման բան չունեինք ու արտահանումը ձևակերպում էինք զրոյական, ու մեզ հաշվանցում էին հարկը, իսկ հիմա չեն հաշվանցում՝ մինչև տվյալ գնորդի կողմից տեղեկանք չլինի։ Ես ինքս պայքարում եմ սրա դեմ, հարցը բարձրացրել եմ ղեկավարության առջև, մասնավորապես՝ վարչապետի հետ եմ խոսել Ամանորից առաջ, ու խոստացավ, որ հարցը կլուծվի, սակայն դեռևս ոչ մի փոփոխություն չկա»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ երկրի համար ԵՏՄ-ից դեռ լավ բան չի եղել, էլ ուր մնաց՝ արտահանողների համար լինի։
Արտահանողների խնդիրների մասին վկայում են նաև պաշտոնական վիճակագրության տվյալները։ 2015 թվականին Ռուսաստանից Հայաստան ներմուծումը նվազել է 15,6%-ով և կազմել 948 մլն դոլար։ Իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 26,7%-ով՝ կազմելով ընդամենը 225,9 մլն դոլար։ Այսինքն, ակնկալիքները, մեղմ ասած, չեն արդարացել։
Ընդ որում, Արտահանողների միության նախագահի նշած խնդիրների մասին օրերս բարձրաձայնեց նաև ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը՝ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ-ի խնդրի վերաբերյալ իր պարզաբանման մեջ։ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը՝ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից։
Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում։ Հակառակ պարագայում, ապրանքներ արտահանողի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (ինչպես համապատասխան ապրանքը ՀՀ տարածքում օտարելու դեպքում) առաջադրվում են ԱԱՀ-ի հարկային պարտավորություններ։
Սակայն փաստ է, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված հաճախ առաջանում են որոշ խնդիրներ։ Միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման և անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում՝ տույժերի տակ»,- նշված էր հաղորդագրությունում։
Մյուս կողմից, ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում, արտահանողը, վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները և կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է՝ վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն։ Ինչով էլ պայմանավորված՝ փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, ԱԱՀ-ն վճարվում է և՛ արտահանող երկրում, և՛ Հայաստանում։
Պարզ ասած, ԵՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունների ժամանակ մենք, այսպես թե այնպես, կորուստով ենք դուրս գալիս՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ժամանակ։
Դրա համար էլ նախարարության պարզաբանման մեջ բաց տեքստով նշվում էր, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում այս գործընթացը բավական բարդ է և իրականում խոչընդոտներ է առաջացնում փոխադարձ առևտրի բնագավառում՝ արդարացիորեն առաջացնելով դժգոհություններ մեր երկրների տնտեսվարողների մոտ։
Ամենազավեշտալին այս ամենի մեջ այն է, որ փոխանակ մենք դժգոհություն հայտնենք, դժգոհություն են հայտնում ԵՏՄ մեր գործընկերները։ Այսինքն, գործ ունենք ընտրանքային մոտեցման հետ։ Ինչպես ասում են՝ սելի փոխարեն՝ սելվորն է ճռռում։
Մյուս կողմից, չկա չարիք՝ առանց բարիքի։ Վալովայայի հայտնած այս դժգոհությունն առիթ կդառնա, որ մեր արտահանողների խնդիրները լուծվեն (որոնք խոսք էին տվել լուծել դեռևս մինչև նախորդ տարվա վերջ)։