«Կենտրոնական եվրոպական համալսարանում գրեթե երկու տասնյակ հայ ուսանողներ կան»
«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում այս անգամ ներկայացնում ենք մասնագիտությամբ լրագրող Արման Ղարիբյանի պատմությունը, ով հիմա սովորում է Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն մշտապես հետաքրքրել է մարդու իրավունքների և արդարադատության ոլորտը, և որպես լրագրող՝ մշտապես լուսաբանել է այդ թեմաները:
«2009 թվականից մշտապես լուսաբանում եմ կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանն առնչվող խնդիրները: Ես գիտակցում էի, որ ոլորտին լավ տիրապետելու համար պետք է կրթվել, այդ պատճառով էլ որոշեցի երկրորդ մագիստրատուրաս մարդու իրավունքների ծրագրով անցնել: Հայաստանի բուհերից որևէ մեկը չի ապահովում այս ոլորտի որակյալ կրթություն, բնականաբար, պետք է դիմեի արտասահմանյան բուհերից որևէ մեկին»,- ասաց Արմանը՝ հավելելով, որ դեռ բանակում գիտեր՝ ընդունվելու է որևէ միջազգային համալսարան. «Ծառայության ընթացքում ազատ ժամանակ TOEFL էի պարապում: Ծառայակից ընկերներս չէին հավատում, որ կընդունվեմ, երևի մտածում էին՝ ինքնախաբեությամբ եմ զբաղված: Սակայն բավականին հեշտ է ստացվել իմ ընդունվելը»:
Արմանը նշում է, որ Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Մարդու իրավունքներ ծրագրում 15 ուսանողներ են՝ տարբեր երկրներից. «Այս համալսարանի կարևորագույն արժեքը հենց մեր ուսանողներն են, որոնք գալիս են աշխարհի բոլոր մայրցամաքներից՝ իրենց հետ բերելով իրենց մշակույթն ու փորձառությունը: Ես ամեն օր սովորում եմ իմ կուրսընկերներից, ցանկացած դասի ժամանակ մենք պատմում ենք մեր երկրների փորձը, և դա շատ է հարստացնում մեր մտահորիզոնը»:
Մեր զրուցակիցը պատմում է, որ, թեև համալսարանը Եվրոպայում է գտնվում, բայց կրթական համակարգն ամերիկյան է. «Հայկական համալսարաններից տարբերվում է նրանով, որ լսարանում 50-60 ուսանողի փոխարեն՝ 10-20 ուսանող է լինում: Յուրաքանչյուրը հասցնում է իր մասնակցությունն ունենալ քննարկումներում, հարցեր բարձրացնել և պատասխաններ լսել դասախոսից: Այստեղ որևէ մեկը «լեկցիա չի կարդում»:
Ամբողջ դասապրոցեսը քննարկումների վրա է հիմնված: Մենք դասի ենք ներկայանում արդեն իսկ օրվա թեման կարդացած և քննարկմանը պատրաստ: Մեր ծրագիրը շատ հագեցած է, գրեթե ամեն ամիս 4-5 առարկայից քննություն ենք հանձնում: Դա հաճախ սթրեսի պատճառ է դառնում: Սակայն ես փորձում եմ ժամանակ հատկացնել նաև ակտիվիզմին, որպեսզի չվերածվեմ գիրք կրծող ուսանողի (երբեք այդպիսին չեմ եղել): Ֆրանսիացի, հույն և հունգարացի կուրսընկերներիս հետ գրանցել ենք Մարդու իրավունքների ակումբ, որի շրջանակներում փորձում ենք այլընտրանքային միջոցառումներ կազմակերպել մարդու իրավունքների վերաբերյալ: Ասում եմ՝ այլընտրանքային, քանի որ համալսարանի շրջանակներում արդեն իսկ գործում է հասարակական կազմակերպություն, որը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում, մենք փորձում ենք տարբերվել իրենցից՝ ավելի հետաքրքիր ու նորարար գաղափարներով»:
Արմանն ընդգծեց՝ Կենտրոնական եվրոպական համալսարանում գրեթե երկու տասնյակ հայ ուսանողներ կան. «Մենք բավականին մտերիմ ենք և հաճախ ենք հավաքվում, խնջույքներ կազմակերպում: Ես նկատել եմ, որ մյուս ուսանողները նույնիսկ նախանձով են ասում, որ մենք՝ հայերս, շատ միասնական ենք այստեղ: Մտածում եմ՝ երանի բոլոր հայերն այդքան համերաշխ լինեին: Մենք չենք սահմանափակվում միայն մեր համալսարանի հայերով, փորձում ենք ինտեգրել Հունգարիայի այլ համալսարաններում ուսանող և այստեղ ապրող հայերին ևս: Մի խոսքով՝ հայերի պակաս գրեթե չի զգացվում, բայց իմ քաղաքը՝ Երևանը, մեկ է, շատ եմ կարոտում»:
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Արմանն ասաց, որ ուսումն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան. «Ես Հայաստանից երբեք չեմ փախչել, ես սիրում եմ Հայաստանը, թեև որպես լրագրող՝ լավ ծանոթ եմ մեր հասարակության և պետության բոլոր խնդիրներին: Չեմ ցանկանում հրաժարվել լրագրությունից, բայց հավանաբար այն այլևս իմ առաջնային աշխատանքը չի լինի: Մարդու իրավունքների ոլորտում իմ ստացած գիտելիքները պետք է ծառայեցնեմ Հայաստանում փոփոխությունների հասնելու համար: Ցավոք, այս առումով մեր երկրում անելիք շատ կա: Չեմ բացառում, որ նաև կհամագործակցեմ միջազգային կազմակերպությունների հետ: Ինձ համար ամենանախընտրելի տարբերակը կլինի՝ ապրել և աշխատել Հայաստանում՝ միաժամանակ ներգրավված լինելով միջազգային նախագծերում»: